211652_close_icon
views-count4207 դիտում article-date 19:23 15-11-2024

Միջադեպ՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում դատապարտված, հարկադիր բուժման մեջ գտնվող բուժառուն է․ կասկածյալին քրեական ոստիկանները հետապնդել ու վնասազերծել են, իսկ Նուբարաշենի բաժնի պետը «ուղիտի ականջում քնած» է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական ոստիկանության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում, ժողովրդին ավելի շատ հայտնի «Սովետաշենի հեգեբուժարանում» սպանություն է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է քրեական ոստիկանության Երևանի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Դավթյանը։

Մինչ դեպքի վայր կժամանեին քրեական ոստիկանները՝ Երևանի 1-03 շտապօգնությունից ահազանգ  է ստացվում ոստիկանության Նուբարաշենի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնից հիվանդանոց է տեղափոխել դանակահարված քաղաքացու, ով գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայրում քրեական ոստիկանները պարզել են, որ մահացածը 37-ամյա Արման Թովմասյանն է։

Դեպքի մասին ոստիկանության Երևանի քրեական վարչությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և Երևանի քրեական ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ կասկածյալը, ով հոգեբուժարանից փորձում էր դիմել փախուստի, հետապնդվել, բռնվել ու տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը նախկինում  դանակահարության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ դատարանի կողմից կայացվել է որոշում հարկադիր բուժման համար և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ նրան այսօր դանակի 4 հարվածով սպանածը Երևանի բնակիչ 35-ամյա Հայկ Ազիզյանն է, ով ժամանակին քրեորեն պատժելի արարք կատարելու համար դատարանի որոշմամբ հարկադիր բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մինչ քրեական ոստիկաններն ու էրեբունու քննիչները դեպքի վարում աշխատում էին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի նորաթուխ պետը, ով ավելի շատ հայտնի է այստեղ-այնտեղ խոսելով, թե իր թիկունքին կանգնած է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, չի բարեհաճել անգամ կաբինետից դուրս գալ  և միայն քրեական ոստիկանության աշխատակիցների հորդորից հետո է բարեհաճել գալ դեպքի վայր, այն էլ երբ արդեն քրեական ոստիկանները վնասազերծել էին սպանություն կատարողին ու  քննիչներն էլ ավարտել էին դեպքի վայրի զննությունը։ Իսկ որ նուբարաշենում ավելացել է  հանցագործությունների թիվը, դրա մեղավորը ներկայիս բաժնի պետ Կ․ Հովհաննիսյանն է։ Ներքին գործերի նախարարն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետը կարող էին ավելի բանիմաց սպայի նշանակել բաժնի պետ, որ բարձր կպահեր համակարգի պատիվը, այլ ոչ թե նշանակեին մեկին, ով անգամ անչափահասների բաժանմունքի պետ աշխատած ժամանակ չի փայլել իր գործողություներով։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր