211652_close_icon
views-count64399 դիտում article-date 13:34 14-07-2023

Խոշոր հրդեհ Հրազդանում․ մարդատար ГАЗель-ը վերածվել է մոխրակույտի․ հրշեջ-փրկարարներն ու Հրազդանի ոստիկանները գործել են օպերատիվ, իսկ Պարեկային ծառայության «Բուղաչա» մականվամբ վաշտի հրամանատարը «ուղտի ականջում քնած է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի հացի գործարանի հարևանությամբ ГАЗель մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Հրազդան քաղաքի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ; 

Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Եթե հրշեջ-փրկարարներն ու Ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը օպերատիվորեն ժամանել են, ապա ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ, չեն ժամանել դեպքի վայր: Մինչդեռ նրանք, ըստ սահմանված կարգի՝ պարտավոր էին սահմանազատել տարածքը և օգնել հրշեջներին կատարել հրդեհաշիջման աշխատանքներ։

Իսկ ՊԾ վաշտի հրամանատար Վ․ Կարապետյանը, ով ավելի շատ հայտնի է «Բուղաչա» մականվամբ, ըստ քմահաճույքի է առաջնորդվում՝ երբ ժամանի դեպքի վայր։ Շատ դեպքերում էլ՝ մեր «Բուղաչան» վերադասին ստում է, ասելով որ ինքը եղել է դեպքի վայրում։ 

Առաջիկայում SHAMSHYAN.com-ը նյութեր է հրապարակելու այդ՝ իրեն վերին արտի ցորեն համարող «Բուղաչա» Վ․ Կարապետյանի և նրա վաշտի պարեկների մասին քաղաքացիներից ստացված բողոքների հիմքով, ինչպես նաև՝ թե նրա ենթակայության տակ գտնվող պարեկները պարեկային ծառայողական քանի ավտոմեքենա և ինչ պայմաններում են ջարդել։ Իսկ վաշտի հրամանատարը թող շարունակի իր կարճ խելքով մոլորեցնել վերադասին, թե ինքը տիրապետում է իրավիճակին։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր