211652_close_icon
views-count1147 դիտում article-date 19:28 25-11-2024

Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման:

Միջոցառման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների լույսի ներքո և առանձնացնելով այն խնդիրները, որոնց առնչվում են կանայք հումանիտար ճգնաժամերի ժամանակ: 

Անահիտ Մանասյանը նշել է, որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։ 

«Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի։ Պարբերաբար եմ նշում, որ անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ առանց հանդուրժող և համերաշխ միջավայրի։ Այդպիսի միջավայր պետք է ձևավորել համատեղ ուժերով և միայն այդ դեպքում է հնարավոր ունենալ բռնությունից զերծ հասարակություն: Մեր անելիքները միանշանակ պետք է ամենօրյա լինեն և մեզանից յուրաքանչյուրը պետք է նաև իր օրինակելի վարքագծով ցույց տա բացասական երևույթներին հակազդելու կարևորությունը և գործիքակազմերը»,- ասել է Պաշտպանը:

Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ոլորտի հետ կապված դրական փոփոխությունները բազմաթիվ են, սակայն խնդիրները դեռևս շարունակվում են պահպանվել:

«Ակնհայտ է, որ իրավիճակը 15 տարի առաջ և իրավիճակն այսօր միմյանցից տարբերվում են։ Դա պայմանավորված է ինչպես տարբեր օրենսդրական ակտերի գործադրմամբ, այնպես էլ իրավասու մարմինների գիտելիքների և հմտությունների բարձրացման աշխատանքների իրականացման հանգամանքով: Միևնույն ժամանակ, մի շարք խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Պատճառներն են՝ կրթական անբարենպաստ միջավայրը, որը ենթակա է հիմնովին բարեփոխման, ինչպես նաև իրավասու մարմինների մոտ պատշաճ գիտելիքների և հմտությունների դեռևս ոչ բավարար մակարդակը», - ասել է Պաշտպանը:

Պանելային քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը, Ներքին գործերի նախարարության ռազմավարական պլանավորման վարչության Հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը, Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը, «Ընդդեմ ընտանեկան բռնության» աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը և Safe You հարթակի հիմնադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը:

Մինչև քննարկման մեկնարկը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ- ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը և Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին: 

Տեղի է ունեցել նաև «Լռությունից մինչև օրենք. ընտանեկան բռնության դեմ պայքարը» ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ազատուհի» խորագրով տեսանյութի միջոցով ընտանեկան բռնություն հաղթահարած կանայք ներկայացրել են իրենց պատմությունները: 
Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից:

Նմանատիպ նյութեր