211652_close_icon
views-count1111 դիտում article-date 13:56 27-11-2024

Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան

Օրինագծի նպատակն է 18 տարեկան անձանց առողջության պահպանման համար կոֆեին և տաուրին պարունակող էներգետիկ ըմպելիքների շրջանառության  սահմանափակման իրավական հիմքերի ստեղծումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողվում ասաց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ զեկուցելով իր և մի քանի այլ ՔՊ-ականների հեղինակած «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և կից փաթեթում լրացումներ և փոփոխություններ կատարեկու մասին նախագիծը։

Նա տեղեկացրեց, որ դեռահասների շրջանում մոտ 40%-ը շաբաթական էներգետիկ ըմպելիքներ է օգտագործում։
«Նման ըմպելիքները չեն պարունակում առողջ սննդակարգի համար անհրաժեշտ որևէ սննդանյութ»,-ասաց Ալխաս Ղազարյանը։

Նախագծով առաջարկվում է արգելել 18 տարին չլրացած անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը, ինչպես նաև դրանց վաճառքը ավտոմատ սարքավորումներով և տեխնիկական այլ միջոցներով և խախտումների դեպքում սահմանել պատժամիջոցներ։

Պատգամավորներն առաջարկում են օրենքում ավելացնել դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ. «Վաճառքի ցուցադրված էներգետիկ ըմպելիքները պետք է ապահովված լինեն առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով)՝ «Էներգետիկ ըմպելիք» նշումով և պարունակեն «Խորհուրդ չի տրվում օգտագործել մինչև 18 տարեկան երեխաներին, հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, ինչպես նաև նյարդային բարձր գրգռվածությունից, անքնությունից, զարկերակային բարձր ճնշումից տառապող անձանց» ընթեռնելի գրառում և լինեն տեղադրված տեսանելի վայրում»:

«Հայաստան» խմբակկցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց. Ընդհանուր առմամբ առաջարկվող կարգավորումը տրամաբանական է և պահանջված, բայց ամբողջական լուծում չի պարունակում: Տուգանքները լուծում չեն, իմ աչքով տեսնում եմ, որ պատշաճ վերահսկողություն չկա: Օրինակ բակային խանութներում ճանաչում են, որ հարևանի երեխան է, ծխախոտ էլ են վաճառում, ոգելից խմիչք էլ են վաճառում, վստահաբար այս արգելքից հետո այդ էներգետիկ ըմպելիքներն էլ են վաճառելու:

Այսինքն, այստեղ խնդիրը տուգանքը չէ և դրա նկատմամբ նաև խիստ վերահսկողությունը չէ, այլ հանրային ընկալումն է։ Պետական մարմինները, հատկապես առողջապահության, կրթության նախարարությունը, կրթության ոլորտի ներկայացուցիչները դպրոցից սկսած տարբեր առողջապահական հիմնարկներով և այլն, հակաքարոզ պիտի իրականացնեն: Այ սա կբերի իրական ու երկարաժամկետ արդյունքների»:

Արձագանքելով՝ նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանն ասաց. «Ձեր ասածի տրամաբանությունը լրիվ ընդունում եմ, չնայած շատ դեպքերում այդ հակաքարոզը կարող է հակառակ էֆեկտ ունենալ, հետաքրքրություն առաջացնել մարդկանց մոտ, եթե չէր էլ իմանում այդ մասին, արդեն կիմանա:

Այսինքն, դա քննարկելու ենթակա բան է, բայց տուգանքի հետ կապված դա է մեխանիզմը, ի՞նչ անենք, գնդակահարության հոդված սահմանենք, որ չկարողանան ծխախոտ կամ ալկոհոլ գնե՞լ: Ծխախոտի մասով, ես, անկեղծ ասած, վերջին տարիներին հազվադեպ դեպքեր եմ նկատել, որ անչափահասներին խանութները ծխախոտ են վաճառում, որովհետև այստեղ մենակ տուգանքի հանգամանքը չի աշխատում, այստեղ նաև  պատասխանատվությունն է»,- ասաց Թունյանը:

Նմանատիպ նյութեր