211652_close_icon
views-count1138 դիտում article-date 16:31 03-12-2024

Փաշինյանի հայտարարություններն իրենց բնույթով ապազգային են, հակապետական ու վտանգավոր. Դավիթ Անանյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրենց բնույթով ապազգային են, հակապետական ու վտանգավոր։ Նման կարծիք է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Փաշինյանը մասնավորապես հայտարարել է. «Մենք ենք այն կառավարությունը, որը հնարավորություն է ունենալու ասել՝ ահա, մենք երաշխավորեցինք մեր երկրի պետականության գոյությունը առաջիկա հարյուրամյակի ընթացքում։ Եթե մեզ հաջողվի 1-2 տարի պահել մեր պետականությունը՝ նշանակում է, որ առաջիկա հարյուրամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել ու ստեղծում»։

Անանյանի խոսքով, սրանք, ըստ էության, ասված չեն պետական կարգի և կայունության պաշտպանի կամ երաշխավորի դիրքերից, դրանք խարխլում են ներկա և ապագա պետականության ու պետական կառուցվածքի հիմքերը՝ սերմանելով անորոշություն և հոռետեսություն ներկայիս մարտահրավերներին դիմակայելու՝ այսօրվա իշխանությունների և դրա պարագլխի ունակության վերաբերյալ:

«Նախևառաջ, պետք է ունակություն ունենալ ընկալել, որ պետությունը ոչ միայն քարտեզի վրա գոյություն ունեցող քաղաքական ու վարչական միավոր է, այլև՝ տվյալ ժողովրդի դարավոր փորձի, նրա մշակույթի, հոգևոր արժեքների և ավանդույթների հիման վրա պայծառ ապագայի ապահովման ձգտումն ու գրավականը։ Այս ասպեկտները նսեմացնելը և պետությունը որպես փխրուն և ժամանակավոր մի բան ներկայացնելը վնասում է ազգային ինքնությանը՝ վտանգի տակ դնելով դրա գոյության շարունակականությունն ու հավիտենականացումը:

Երկրորդ՝ «եթե մեզ հաջողվի 1-2 տարվա ընթացքում պահպանել մեր պետականությունը» անորոշության շեշտադրումը նշանակում է ոչ միայն սեփական պատասխանատվության, այլև երկարաժամկետ պլանավորման հրաժարում, ինչը բացարձակապես ըմբռնելի չէ որևէ իշխանության պարագայում։ Սովորաբար, նման հաղորդումներով հանդես են գալիս այն ղեկավարներն ու իշխանությունները, որոնք փաստացի չունեն ոչ միայն անմիջական ապագայի տեսլական, այլ նաև գալիք տասնամյակների ռազմավարություն, որը հանրությանը տանում է կայուն զարգացման ու բարեկեցության։ Նման հռետորաբանությունը, ըստ էության, զրոյացնում է պետական կառույցների նկատմամբ վստահության վերջին փշրանքները՝ չեզոքացնելով պատմական անցյալում սերունդների ջանքերը, ովքեր ձգտել են պետականության հաստատման, պահպանման, ինչպես նաև կայունության և բարգավաճման: Գալիք հարյուրամյակի համար պետության գոյության հավաստումը չպետք է դիտվի որպես «իրական շանս», այլ որպես անբաժանելի նպատակ և անմիջական պատասխանատվություն բոլորի համար, ովքեր պետական պաշտոններ են զբաղեցնում։

Երրորդ, կարևոր է գիտակցել, որ գլոբալացման և միջազգային իրավիճակի փոփոխության դարաշրջանում պետության կայունությունն ու զարգացումը կախված է ոչ միայն ներքին քաղաքականությունից և տնտեսությունից, այլև արդյունավետ միջազգային համագործակցություն հաստատելու կարողությունից։ Այս դերի նսեմացումը և մեկուսացման վրա կենտրոնանալը կամ համաշխարհային հանրության հետ փոխգործակցությունը սահմանափակելը հանգեցնում է սեփական պետության զարգացման և ամրապնդման համար բաց թողնված հնարավորությունների:

Եվ, վերջապես, նման հակապետական կարգախոսների օգտագործումը խարխլում է սոցիալական ներդաշնակության և կայունության հիմքերը և հանգեցնում հանրության անմիաբանության և հոռետեսության։ Իրական կառավարության խնդիրը պիտի լինի կառուցել ուժեղ, կայուն պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի իրեն ներգրավված է զգում իր ապագայի կերտման մեջ, հավատում է իր երկրի հնարավորություններին և ակտիվորեն մասնակցում նրա զարգացմանը։ Իրական կառավարությունը պետք է հույս ներշնչի, ոչ թե կասկած, առաջընթացի ցանկություն, ոչ թե՝ վախ դրանից»։

Նմանատիպ նյութեր