211652_close_icon
views-count1033 դիտում article-date 19:19 03-12-2024

Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ. Աշոտյան

Այսօր Ազգային ժողովում բյուջետային եզրափակիչ քննարկումներին Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց հանդես գալ՝ որպես կոնցեպտուալ մտածող, ինտելեկտուալ ստրատեգ և իդեոլոգ-փիլիսոփա։ Այս մասին հոդված է հրապարակել ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքում գտնվող Արմեն Աշոտյանը:

«Կյանքիս ընթացքում հաճախ եմ տարբեր մարդկանց հետ բանավիճել նման թեմաներով, կարդացել աղբյուրներ, խորացել զանազան տեսությունների մեջ, վերլուծել պատմական օրինակներ և մշտապես մտավոր հաճույք եմ ստացել այդ գործընթացից։

Սակայն, երբ Նիկոլն է համառորեն փորձում դիրքավորվել՝ որպես մեր օրերի Կարլ Մարքս կամ Ալեքսիս դը Տոկվիլ, բանավիճելը դառնում է տհաճ պարտավորություն, քանզի իր պաշտոնավարման արյունոտ և դավաճանական աուրան և վերջին ողբերգություններում իր անմիջական մեղավորությունը գրեթե տեղ չեն թողնում մաքուր գաղափարախոսական ընդհարման համար։

Անշուշտ, այդ տհաճության մեջ իր ներդրումն ունի նաև իմ և իմ ընկերների նկատմամբ նրա ուղիղ հանձնարարականով իրականացվող քաղաքական հետապնդումը։ Կրկին հիշեցի առաջին «Գլադիատորը», երբ մարդասպան և կոմպլեքսավորված կայսրը մենամարտից առաջ Կոլիզեումի նկուղում նախապես դաշունահարում է հակառակորդին՝ առավելություն ստանալու համար։

Բայց ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում ստոր մարդկանց բնորոշ նման նենգությունները չեն օգնում, ուստի անցնենք բուն հարցին։

1. Հենց սկզբից՝ «Ինչպե՞ս է աշխարհն ընկալում մեզ» հարցին սեփական վարկածով պատասխանելով՝ Նիկոլը ցույց տվեց, որ իր տնային աշխատանքը լավ չի կատարել։ Եթե նույնիսկ փորձել է այդ ընթացքում ինչ-որ գրականություն կարդալ, ապա կամ չի հասկացել, կամ էլ հասկացածն իր ոճի մեջ կրկին աղավաղել և ֆռռացրել է՝ հարմարացնելով սեփական փրփուրներին։

2. Երբ նա գնահատականներ է հնչեցնում իր պաշտոնավարման 6.5 տարիների անդունդից, ապա մոռանում է, որ 2018-ից մինչև 2020 թվական ամեն առիթով թմբկահարում էր, թե «թավշյա հեղափոխությունը կտրուկ բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը և հայ ժողովրդի իմիջն աշխարհում»։ Բա ո՞ւր մնաց այդ դատարկ «հպարտությունն ու վերելքը»: Մաշվե՞ց՝ Թրյուդոյին նվիրած եռագույն գուլպաների նման։ Կուրացա՞վ՝ Մերկելի հետ Հյուսիսայինում ինքնամոռաց սելֆիների վսպիշկեքից։ Հօդս ցնդե՞ց՝ ինչպես Թրամփի հետ պատահական լուսանկարի միֆը։

3. Նիկոլը մասամբ ճշմարիտ է բանաձևում։ Այսօրվա համաշխարհային քաղաքական ընկալումների մեջ մեզ իրոք, կուլտուրական ասած, «ազգ-նահատակ» են ընկալում, բայց ոչ թե մեր պատմության, մեր ազգային նպատակների կամ պատկերացումների, այլ մեզ ներկայացնող մարդու խղճուկ կարողությունների, բարոյական նկարագրի, ազգի գլխին իր բերած աղետից հետո շարունակվող պաշտոնավարման պատճառով։ Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ, Նիկոլի պոպուլիզմի նահատակ, Նիկոլի տգիտության նահատակ։ Քո ձեռքին, Նիկոլ, ազգ-բանակը դարձավ ազգ-նահատակ, որից հիմա, նաև այսօրվա ելույթովդ, համառորեն կերտում ես ազգ-ավանակ։

4. Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնց անվտանգության առաջնագիծը հենց բանակն է (Հյուսիսային Կորեա, Եմեն)։ Այո, բանակից առաջ պետք է կանգնած լինի դիվանագիտությունը, բայց, Նիկո՛լ, քո՞ դիվանագիտությունը, ամեն ինչ տապալած, ամեն ինչ ուրացող, ամեն մեկի ոտքի բութ մատը լպստող քո՞ դիվանագիտությունը…

5. Տնտեսական փոխկապակցվածությունը որպես անվտանգային բարձիկ կամ բուֆեր կարող է դիտարկել բացարձակ անգրագետ, Սովետի փլուզումից հետո ПРАВДА-ի տակ մնացած մարդը։ Ռուսաստան-Ուկրաինա, ԱՄՆ-Չինաստան, Մեծ Բրիտանիա-ԵՄ՝ այս զույգերի տնտեսական փոխկախվածությունը սառեցրե՞լ է պատերազմը, չեզոքացրե՞լ է կոնֆրոնտացիան, թե՞ Բրեքզիթն է կանխել։

6. Մի այլ շիլափլավ էլ Նիկոլը սարքեց արտագաղթի հարցով։ Բա 2018-ից հետո դու և սպասարկուներդ թմբկահարում էիք, թե «աննախադեպ քանակի դիմումներ են ստացվում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»։ Մոռացա՞ք։ Բա Սերժ Թանկյանի տունն էլ մոռացա՞ք։ Իսկ արցախցիների արտագաղթի համար դու ես բոլոր նպաստավոր պայմանները ստեղծում, որ գնան երկրից, որ չխանգարեն քեզ, որ քո դավաճանության կենդանի ապացույցներ չլինեն, որ արցախահայությունը վերանա՝ որպես խավ և Ադրբեջանից պահանջատեր գործոն։

7. Չորս տարի պահանջվեց, որ Նիկոլը կռուտիտ մտածի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ի համար։ Ու ահա այսօր ԱԺ ամբիոնից այն հնչեց՝ 9-ամսյա հղիության զուգահեռով՝ անհաջող, ոչ վերաբերելի, տափակ։ Միայն Նիկոլի գլխուղեղի բորբոքված գալարների գորշ բջիջներում կարող էր բեղմնավորվել նման աբսուրդ անալոգիա։ Ռուսաստանի և Ճապոնիայի, Կիպրոսի և Թուրքիայի, Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Պաղեստինի ղեկավարներն այդ «հիմնավորումներից» հետո, ինչպես ասում են՝ нервно курят в углу։

Եթե նույնիսկ ընդունենք, որ Արցախը «նորածին երեխա» էր, ապա այն քոնը չէր։ Դու այդ պտղի հետ ոչ մի կապ չունեիր, «ոչ հերն էիր, ոչ մերը»։ Ուստի ոչ էլ իրավունք  ունեիր հանձնելու, ծախելու նրան խալխին։ Այն խալխին, որ այդ երեխուն օրգանների է բաժանում։ Դու քաղաքական թրաֆիքինգի մասնակից ես, և քո ձեռքերն այդ զավակի արյան մեջ թաթախված են։

Հ.Գ. Իսկ իրականում Արցախը «հղիություն» չէր, Նիկոլ, Արցախը սեր էր։ Մեծ, անդավաճան, ողջ կյանքի սեր։ Քո նմանը դա չի հասկանա, որովհետև դու սիրել չգիտես։ Քոնը քյարն է, շահը և էժան լոլոները»,- գրել է Աշոտյանը:

Նմանատիպ նյութեր