211652_close_icon
views-count70586 դիտում article-date 18:08 08-12-2024

Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է ապառաժ քարերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել անտառում. բժիշկները պայքարում են վարորդի և նրա անչափահաս տղայի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:45-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 51-ամյա Վոլոդյա Ա.-ն իր վարած՝ փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Դսեղ գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու ծառերին և մոտ 15 մետր գլորվելով՝ հայտնվել անտառում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վոլոդյա Ա.-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ, 15-ամյա Ն. Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, դասակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Եգանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հրանտ Վարդանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Թումանյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հայր ու որդի են, որդուն էլ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր