211652_close_icon
views-count15560 դիտում article-date 14:57 16-12-2024

Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. Ջերմուկի քաղաքապետարանի աղբատար ավտոմեքենան աղբ տեղափոխելիս կողաշրջվել է. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկները, փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Ջերմուկի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենան Ջերմուկ քաղաքի Կեչուտ թաղամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած Ջերմուկի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարությյան փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Անդրեասյանն ու կրտսեր պարեկ Կարեն Առաքելյանը:
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Ջերմուկի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորի ինքնությունը:  

Դեպքի մասին տեղեկանալով՝ Ջերմուկի քաղաքապետ Արսենյանի հանձնարարականով՝ ժամանել են քաղաքապետարանի Կոմունալ և աղբահանության բաժնի աշխատակիցները և ձեռնարկում են գործողություններ՝ ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դարձի բերելու և անվտանգ վայր տեղափոխելու համար:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր