211652_close_icon
views-count1072 դիտում article-date 14:30 17-12-2024

Աղազարյանին, հավանաբար, կզրկեն անձեռնմխելիությունից, ապա՝ կկալանավորեն. Դատախազությունից նշում են՝ այս պահին նման քննարկում չկա. Tert.am

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Tert.am-ի հետ զրույցում նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչ է սպասվում սրանից հետո, արդեն հայտնի՞ է, թե պատգամավորին երբ կզրկեն անձեռնմխելիությունից, նշեց, որ գործը հարուցված է փաստի առիթով:

«Այդ գործի մասով Հովիկ Աղազարյանին դեռ չեն կանչել, որ ես էլ հետը գնամ, որ դրա հիման վրա ասեմ՝ ինչ է սպասվում: Մեզ հետ կապված ոչ մի գործողություն չի իրականացվել»,- ասաց նա:

Ճարոյանի խոսքով՝ որպեսզի կարողանան որևէ բան անել, պետք է նախ նրան զրկեն անձեռնմխելիությունից:
 
«Այսինքն, որ կարողանան որևէ բան անեն, դատախազը պետք է մտնի ԱԺ, զրկի անձեռնմխելիությունից:

Հավանաբար, հունվարին կմտնեն, դրանից հետո կկալանավորեն կամ տնային կալանքի կենթարկեն, դա է հավանական սցենարը»,- ասաց նա:

Դատախազությունից Tert.am-ին հայտնել են, որ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց այս պահին չի քննարկվում:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրանքով դիմել էր Հովիկ Աղազարյանին մանդատը վայր դնել, վերջինս մերժել էր նրա խնդրանքը, դեկտեմբերի 3-ին նրան հեռացրեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այնուհետև Աղազարյանը հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից:

Աղազարյանին կուսակցությունից հեռացրել են կոնֆիդենցիալ տեղեկատվություն հանրայնացնելու համար:

Նմանատիպ նյութեր