211652_close_icon
views-count2389 դիտում article-date 10:37 22-12-2024

Ավտովթար՝ Արարատի մարզում. Մասիսում բախվել են «Opel»-ն ու «Kia»-ն, «Kia»-ն էլ հայտնվել է մայթին՝ բախվելով ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բախման հետևանքով «Kia»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին և ցանցե ցանկապատին։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի և դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նորիկ Էլիզբարյանն ու կրտսեր պարեկ Արմեն Մանուկյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով «Opel»-ի վարորդը եղել է ոչ սթափ, սակայն պարեկները նշում էին, որ այն թույլատրելի չափաբաժին է եղել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր