211652_close_icon
views-count916 դիտում article-date 21:09 25-12-2024

Շարունակվում են քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացի բարելավմանն ուղղված քայլերը

Քաղաքաշինության կոմիտեն շարունակում է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման նպատակով urban.e-gov.am թվային հարթակից օգտվողների հետ քննարկումները՝ բարելավելու համակարգի միջոցով գործընթացի կազմակերպումը։

Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից՝ նշելով, որ այդ նպատակով կոմիտեում կայացել են հանդիպումներ նախագծային մի խումբ ընկերությունների ներկայացուցիչների և համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկած հարցերը, ներկայացվել հարթակի արդիականացմանն ուղղված առաջարկներ։ Նախագծողները կարևորել են, որ բոլոր համայնքներում թույլտվությունների տրամադրման գործընթացներն իրականացվեն միասնական մոտեցմամբ, ինչի հնարավորությունը ստեղծվում է թվային հարթակի գործարկմամբ։ Նրանք ներկայացրել են իրենց առաջարկները՝ համակարգից օգտվելու քայլերի դյուրացման, նաև հունվարի 1-ից էլեկտրոնային հայտերի ծավալի ավելացման պարագայում աշխատանքների արդյունավետ իրականացման վերաբերյալ։

Համայնքապետարանների ներկայացուցիչները ներկայացրել են համակարգի աշխատանքի վերաբերյալ իրենց դիտարկումները, և հարթակը մշակած «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ տնօրենը տեղում կարգավորել է ի հայտ եկած տեխնիկական խնդիրները։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացն իրականացվելու բացառապես էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։

Նմանատիպ նյութեր