211652_close_icon
views-count118720 դիտում article-date 09:32 29-12-2024

Շղթայական ավտովթար ու մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ բախվել են 100-ից ավելի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 5 վիրավոր․պատճառը եղել է մառախուղը, մերկասառույցն ու որոշ ավտոմեքենաների ոչ ձմեռային անվադողերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիս-Մարմարաշեն մոտ 2-3 կմ-անոց հատվածում բախվել են 100-ից ավելի տրանսպորտային միջոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի, դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը կայանում է նրանում, քանի որ ավտովթարները տեղի են ունեցել մի քանի կմ-անոց հատվածում և առաջացել էր արհեստական խցանում։

Տեղում պարզվել է նաև, որ 1 հոգի վրաերթի է ենթարկվել այդ հատվածում, ով տեղում մահացել է։ Կա 5 վիրավոր։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մահվան ելքով վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ շղթայական ավտովթարների փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Մասիսի քննչական բաժնում էլ պարզվում են մահացածի, վրաերթ կատարած վարորդի ինքնությունը և ինչ մակնիշի ավտոմեքենայով է տեղի ունեցել վրաերթը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը մառախուղ է եղել ու մերկասառույց, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինից ոչ ոք չկա։ 20-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ էլ վթարից հետո չսպասելով «ԱՊՊԱ»-ին, ինչպես ժողովուրդն է ասում՝ իրա հետ «լեզու էին գտնում» ու լքում դեպքի վայրը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր