211652_close_icon
views-count32997 դիտում article-date 13:02 30-12-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Մալաթիայի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. կա վիրավոր. փրկարարները տարհանել են 61 քաղաքացու․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին  գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 167 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական 1-ին, 4-րդ, 8-րդ, 12-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:  

Ժամանել են նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու հատուկ փրկարարական աշխատանքների կատարման հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումատակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արա Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Բաբկեն Սարգսյանը:  
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով և 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:  

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները , ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչնեը:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է բնակարանատիրոջ և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը գազի հետ կապ չի ունեցել, քանի որ մի քանի քաղաքացիներ նշում էին, որ նշված տանը գազ չի մատակարարվել:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փրկարարները տարհանել են 61 քաղաքացու, որից 14-ին՝ ավտոսանդուղքով: Տեղում նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 71 բժիշկների խումբը օգնություն է ցուցաբերել 6 քաղաքացու, որոնց ինքնազգացողությունը վատացել էր, հավանաբար՝ ծխից:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր