211652_close_icon
views-count50608 դիտում article-date 11:22 31-12-2024

Առեղծվածային դեպք՝ Երևանում․ «BMW X5» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի․ իրավապահները ունեն կասկածներ, որ այն հրկիզել են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրազի փողոցի թիվ 52 շենքի բակում ավտոմեքենա է այրվում, իսկ ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում «BMW X5» մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 12 և թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատներից՝ 1-ական մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարծման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։ 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՀԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արամո Մարգարյանն ու պարեկ Ալիկ Հովհաննիսյանը։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Դեպքի փաստով «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահները ունեն կասկածներ, որ ավտոմեքենան, որը պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Քրիստինա Հ․-ին՝ հրկիզել են։

Այդ վարկածի ուղղությամբ իրավապահները կատարում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր