211652_close_icon
views-count7609 դիտում article-date 09:34 12-01-2025

Սրբապղծություն՝ Գեղարքունիքի մարզում․ ստահակը կամ ստահակները տակնուվրա են արել նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հունվարի 11-ին, սրբապղծության ու գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակը կամ ստահակները տակնուվրա են արել տունը, հափշտակել ոսկյա զարդեր, գումար ու անգամ գողացել են հերոսի տան անկյունում եղած իրերը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության ծառայողները, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները։

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ նահատակված, հերոսաբար զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։ 

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հերոսի հարազատները ասում էին․ «Մարդ ինչ աստիճանի տականք լինի, որ համարձակվի գողություն անի այն տեղից, որը հերոսի տուն է, ով իր կյանքը նահատակվել է հանուն Հայաստանի։ Այնքան ստոր լինի մարդ, որ նույնիսկ մտնի տուն ու պղծի նաև հերոսի անկյունը, այնտեղից տանելով հերոսի անձնական իրերը։ Տանը մարդ չի եղել։ Տղան մասնակցելիս է եղել բանակի քեֆի։ Էս գողության բացահայտումը ոստիկանների ու քննիչների պատվի հարցն է։ Պետք է գտնվի էդ սրիկան, որպեսզի հանրությունն իմանան իր մեջի տականքին»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր