211652_close_icon
views-count2299 դիտում article-date 12:11 01-03-2025

Սրբապղծություն՝ Արմավիրի մարզում․ ստահակը կամ ստահակները թալանել են Արմավիր քաղաքում հայտնի «Ազնավուր» հիմնադրամը․ հափշտակել են տեսախցիկներ, հիշողության շարք, ստեղնաշար և համակարգչի էկրան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մուտք են գործել Արմավիր քաղաքում գտնվող` «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողություն կատարել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ, 35-ամյա Տաթևիկ Ս․-ն հայտնել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 25-ը ընկած ժամանակահատվածում կենտրոնական դռան փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 9/50 հասցեում գտնվող, «Ազնավուր» հիմնադրամին պատկանող արտադրական տարածք և այնտեղից գողացել սյուների վրա տեղադրված թվով 4 հատ տեսանկարահանող սարքեր, իսկ արտադրամասի պատուհանի ճաղավանդակը պոկելու և պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք են գործել ներս և գողացել մեկ հատ համակարգչի էկրան, մեկ հատ ստեղնաշար և մեկ հատ հիշողության սարք (DVR):

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու, վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով Ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Տաթևիկ Ս․-ն «Ազնավուր» հիմնադրամի գործառնությունների ղեկավարն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր