211652_close_icon
views-count1414 դիտում article-date 22:12 12-01-2025

Երևանում Շերամի փողոցը կեղտաջրերով ու «մարդաբոյ» փոսերով վերածվել է «սոդոմ-գոմորի». Երևանի քաղաքապետարանը, Մալաթիայի թաղապետարանն ու «Վեոլիա ջուր»-ն էլ իրար վրա են գցում գործը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն տևական ժամանակ է՝ ինչ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շերամի փողոցում դեռ սովետական տարիներից ժողովրդին հայտնի ռոբոտների գործարանի ճանապարհը բնակիչների համար դարձել է հակասանիտարական վայր, իսկ վարորդների համար՝ պատուհաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տևական ժամանակ է՝ այդ փողոցի մոտ 2 կիլոմետրանոց հատվածով երթևեկելը դարձել է կենաց-մահու պայքար, քանի որ նախ կոյուղատարերից դուրս թափվող կեղտաջրերը անխնա հոսում են ու ստեղծում նաև մերկասառույց, իսկ մարդաբոյ փոսերի պատճառով էլ շատ դեպքերում վարորդները չգիտեն ինչպես երթևեկել, որպեսզի ավտովթար տեղի չունենա։

Այսօր՝ հունվարի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«21-րդ դարում ենք ապրում, բայց կարծես քարե դարում լինենք։ Ով է տեսել 3-4 ամիս նույն պատկերը լինի։ Ահազանգել ենք թե՛ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, թե՛ Մալաթիայի թաղապետարան, թե՛ «Վեոլիա ջուր», եթե առաջ պատասխանում էին մեր զանգերին, հիմա արդեն արհամարհած ունեն, տեսնում են համարները, էլ չեն էլ պատասխանում։

Ամբողջ ճանապարհահատվածը ոչ միայն անտանելի հոտով է լցված, այլ նաև չգիտես ավտոմեքենադ որ փոսից փախցնես։ Էրեխենքն էլ հեծանիվներ են առել, չեն կարողանում քշել։

Հետաքրքիր է, որ քաղաքապետարանը գցում է թաղապետարանի, թաղապետարանը՝ «Վեոլիա ջրի» վրա։ Բա վերջը ո՞վ է կարգավորելու էդ խնդիրը։

Վճարումները կանոնավոր կատարում ենք, փոխարենը մի քանի ամիս է՝ էս պատկերն է։ Գոնե մի քիչ մարդ եղեք, հարգելի չինովնիկներ։ Հետաքրքիր է, դուք ձեր փողոցում նման պատկեր եթե ունենայիք, ի՞նչ կանեիք, «Վեոլիա ջրին» «օդերով կհանեիք», իսկ հիմա անպոչ հեռախոս եք խաղում քաղաքապետարան - թաղապետարան - «Վեոլիա ջուր»։

Կառավարությունը ասում է, թե մենք բռնում ենք Եվրոպայի ուղին։ Եվրոպայում նման իրավիճակ ստեղծվեր, օրերի ընթացքում եթե խնդիրը չլուծեին, այդ պաշտոնյաները հրաժեշտ կտային իրենց աշխատանքին ու բնակիչներին էլ խոշոր չափի փոխհատուցում կտրամադրեին։ Էս տեմպերով ու կրիայի հոգեբանությամբ աշխատող հարգելի չինովնիկներ, ձեզ Եվրոպա հաստատ չեն ընդունի։

Մարդ եղեք, եկեք ու վերացրեք հակասանիտարական վիճակը, հակառակ դեպքում նաև հիշեք, որ առաջիկայում ընտրություններ են լինելու ու գալու եք «ճոռոմ-ճոռոմ» խոստումներ տաք, որ ձեզ ընտրենք»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր