211652_close_icon
views-count84388 դիտում article-date 17:28 28-01-2025

Խոշոր հրդեհ՝ Երևանում․ Արին Բերդի փողոցում գտնվող շինություններից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 11/5 հասցեում խոշոր հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ 4 մարտական հաշվարկ։

Հրշեջների աշխատանքները տեղում ղեկավարում է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը, Երևանի փրկարարական վարչության պետ Արթուր Կիրակոսյանը, Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը ու փրկարարական ուժերի համակարգման բաժնի պետ Մարտին Գաբրիելյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների թիվ 44 բրիգադը, որը տեղում հերթապահություն է իրականացնում, որ եթե անհրաժեշտություն լինի, անցնի գործի։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Այս պահին հրշեջները բավականին մեծ դժվարությամբ փորձում են հայտնաբերել կրակի օջախները, իսկ ծուխը տեսանելի է մոտ 1 կմ-ից և բավականին դժվարանում է հրշեջների աշխատանքը, քանի որ տարածքը ծխի պատճառով տեսանելի չէ։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ փորձել են պայքարել ներսի աշխատակիցները։

Ժամանել է նաև փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը՝ բժշկի գլխավորությամբ։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանը։

Քիչ առաջ դեպքի վայր ժամանեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: 

Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև արդյոք հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ շտապօգնության բժիշկները տեղում օգնություն ցուցաբերեցին 4 հրշեջ-փրկարարի, որոնց ինքնազգացողությունը ծխից վատացել էր: Այս պահին հրշեջներից մեկն էլ գտնվում է շտապօգնության ավտոմեքենայում, նրան օգնություն են ցուցաբերում: 

Լուսանկարներն ու տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 413+
413+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր