211652_close_icon
views-count73903 դիտում article-date 09:30 29-01-2025

Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյին սպանածի տղայի նկատմամբ հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փորձից. թիրախը «Mercedes»-ում միայնակ չի եղել ու փրկվել են զրահապատ դիմապակու շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 2 անձի նկատմամբ սպանության փորձի, ապօրինի զենք կրելու հատկանիշներով։

Նշված քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 26-ին Արարատի մարզում հնչած կրակոցների փաստով, երբ կրակոցներ էին արձակել տարիներ առաջ «օրենքով գող» Մարսոյին սպանողի տղայի վարած «Mercedes»  մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արարատի քրեական վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչների հետ, պարզել են, որ այդ օրը՝ ժամը 18:10-ի սահմաններում անհայտ անձը իր մոտ եղած ատրճանակից Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում կրակոցներ էր արձակել Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Լաերտ Շաբոյանի ուղղությամբ։

Պարզվել է, որ «Mercedes»-ում բացի Լ. Շաբոյանից եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 54-ամյա Տիգրան Սարգսյանը։

Բարեբախտաբար, վերջիններս չեն տուժել, քանի որ «Mercedes»-ի դիմապակին եղել է զրահապատ։

Իսկ կրակոցներ արձակողը «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Ժամեր անց «Opel»-ը հայտնաբերվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում, ամբողջովին հրկիզված։

Ու հիմա ոստիկաններն ու քննիչները փորձում են պարզել «Opel»-ի սեփականատիրոջ ինքնությունը ու արդյոք այն հանցագործությունը կատարելուց առաջ գողացե՞լ էին, թե՞ այն եղել է խոտանված։

Ոստիկանները ու քննիչները ունեն հիմնավոր կասկածներ, որ հանցագործությունը կապ ունի «օրենքով գող» Մարսոյի՝ Մարզպետունի Պետրոսյանի սպանության հետ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 26-ին կրակոցներ էին հնչել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Արարատի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաշեն գյուղում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Վահե Մուշեղյանը, Արարատի մարզի քրեական ոստիկանության պետ Սարիբեկ Ռուստամյանը, Արարատի մարզային քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Գոռ Մանուկյանը։

Ժամանել էր նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Վանաշեն գյուղի Վիլյամ Սարոյան փողոցում ոստիկանները հայտնաբերել էին կրակված մի քանի պարկուճներ։

 Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, օրվա պատասխանատու, 1-ին վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Ավագյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, քրեական և համայնքային ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել էին, որ կրակոցներն արձակվել են Mercedes 600 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ոստիկանները, հետո նրանց միացած քննիչները, Վեդի քաղաքի Վիլյամ Սարոյան փողոցի տներից մեկում հայտնաբերել էին նշված Mercedes-ը, որի վրա, այդ թվում՝ դիմապակուն, առկա էին կրակոցի մի քանի հետքեր։ Նշված ավտոմեքենայի վրա քննիչներն ու փորձաքրեագետը հայտնաբերել էին կրակված գնդակներ։

Վեդիում տարածքը սահմանազատել էին ՊԾ Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Մինչ Վեդիում աշխատում էին քննիչն ու փորձաքրեագետը, քրեական ոստիկանները հերթական օպերատիվ տեղեկություններով պարզել էին , որ Արտաշատ քաղաքում կա վառված «Opel» մակնիշի ավտոմեքենա և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այն նույնպես կապ ուներ տեղի ունեցած կրակոցների հետ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ը, որի ուղղությամբ կրակոցներ էին արձակել, վարելիս էր եղել տարիներ առաջ Արարատի մարզում «օրենքով գող» Մարսոյին՝ Մարզպետունի Պետրոսյանին սպանվածի որդին։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 252+
252+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր