211652_close_icon
views-count11524 դիտում article-date 19:23 04-02-2025

Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ տեղի ունեցած վիճաբանության ու դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից 22-ամյա երիտասարդի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանանցման բաժանմունքում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը «կրծքավանդակի վերին աջ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 1-ին, Աբովյան քաղաքում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց տեղի ունեցած դանակահարության հետևանքով։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտված է, կան ձերբակալվածներ, այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հրապարակում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 1-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություններ էին տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան։

Տեղում պարեկները եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել էին 2 վիրավոր քաղաքացու՝ գետնին ընկած։

Պարեկները ահազանգել էին «Աբովյան» բժշկական կենտրոն ու մինչ կժամաներ շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը (ովքեր բավականին օպերատիվ էին հասել դեպքի վայր), պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից օգտագործել էին անհրաժեշտ բժշկական պարագաներ, առաջին բուժօգնություն էին ցուցաբերել վիրավորներին, ապա ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել էր «Աբովյան» բժշկական կենտրոն։

Պարեկները տարածքը սահմանազատել էին։

Պարեկներն ու ոստիկանները եկեղեցու դիմաց և եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել էին արնանման հետքեր և գլխարկ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել էին, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում էին վիրահատարանում։

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ ժամը 17։00-ի սահմաններում դանակահարության հետևանքով «կրծքավանդակի աջ հետին կողմնային պատի կտրած, ծակած թափանցող վիրավորում, պնևմոթորակս, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը, «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ձախ հետույքային շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած, ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Գինոսյանը և «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կրծքավանդակի ձախ կողմնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա Արման Աբրահամյանը։

Պարզվել էր, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի բնակիչ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, մի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Սայանի, հիվանդանոց տեղափոխված Լ․ Ստեփանյանի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել էր փոխադարձ հարվածների՝ իրար տալով հայհոյանքներ, ինչի հետևանքով ստացված օպերատիվ տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածներից  Լ․ Ստեփանյանին մասնակիցներից մեկը թիկունքից դանակով հարվածել է, երբ վիճաբանությունը ավարտված է եղել ու ամեն մեկը պիտի գնար իր գործով ու այդ ժամանակ մասնակիցներից մեկը բորենու նման դանակով թիկունքից հարվածել է  Լ․ Ստեփանյանին։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր