211652_close_icon
views-count73818 դիտում article-date 11:26 09-02-2025

Մինչ Հրազդանում խոսում էին, թե 35-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը չի բացահայտվի, Կոտայքի ոստիկաններն ու քննիչները ճշտեցին դեպքի վայրն ու կատարողներին, ովքեր մահացածին կանչել էին Հրազդանում հայտնի «Կինգ բիլլիարդ» խաղասրահ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Զաքարյանի), ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի,  ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության հետ՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ, պարզել են երեկ՝ փետրվարի 8-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած սպանության հանգամանքները ու հայտնաբերել են դեպքի վայրը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների ու քննիչների կատարած հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչներ 43-ամյա Գարեգին Ն․-ն, 47-ամյա Արծրուն Մ․-ն և 39-ամյա Արսեն Դ․-ն  խնջույքի են մասնակցել վերջինիս պատկանող բնակարանում և այն շարունակվել է մինչև ուշ գիշեր, ինչից հետո նշված անձինք դուրս են եկել բնակարանից և գնացել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Բաղրամյան փողոցում գործող «Կինգ բիլլիարդ» խաղասրահ և այնտեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո Արսեն Դ․-ն «Յանդեքս» հավելվածով տաքսի է պատվիրել, որպեսզի Գարեգին Ն․-ին ճանապարհի տուն:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պատվերը ընդունել է 35-ամյա Աղասի Ա․-ն (ում մահացած վիճակում գտել էին հիվանդանոցի բակում՝ իր կողմից վարած «Mazda 3» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին)։ Վերջինը ավտոմեքենայով եկել է «Կինգ բիլլիարդ» խաղասրահի բակ։ Ճանապարհին վարորդ Աղասի Ա․-ի և ուղևոր Գարեգին Ն․-ի միջև, ըստ ստացված օպերատիվ տվյալների, ավտոմեքենայում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո այն շարունակվել Հրազդան քաղաքի Մուշ թաղամասի հասցեներից մեկում, որտեղ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, հնչեցրել են հայհոյանքներ, որի ժամանակ Գարեգին Ն․-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Աղասի  Ա․-ին՝ պատճառելով վնասվածք։

Այդ ամենից հետո վիրավորին նստեցրել է «Mazda 3» ավտոմեքենան և տեղափոխել  «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ հիվանդանոցի մուտքի մոտ թողել է ավտոմեքենան ու ինքը դիմել փախուստի։ Հիվանդանոցի բուժանձնակազմը, տեսնելով ավտոմեքենան, բացել է դուռը և այնտեղ հայտնաբերել մահացածի մարմին, ինչից հետո ահազանգել են ոստիկանության Հրազդանի բաժին, սակայն մինչ այդ արդեն Կոտայքի մարզի քրեական վարչությունում և ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված են եղել օպերատիվ տվյալներ մեքենայի՝ հիվանդանոցի մոտ լինելու մասին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոտայքի մարզի քրեական վարչության ու Հրազդանի համայնքային ոստիկանության ծառայողները կարճ ժամանակում  հերթական օպերատիվ տեղեկություններ են ստանում, ապա համագործակցելով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի և ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ երեկ՝ փետրվարի 8-ին, Գարեգին Ն․-ին հայտնաբերում են Հրազդան քաղաքում և  նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Հրազդանի բաժին։ 

Դեպքի փաստով քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում փաստաթղթեր են կազմվում, ինչից հետո Գարեգին Ն․-ն, քրեական ու համայնքային ոստիկանների կողմից հայտնաբերված Արսեն Դ․-ն և Արծրուն Մ․-ն ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը  ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 8-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի։

Դեպքի վայր էին ժամանել Կոտայքի մարզային քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու պարեկները «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի մոտ հայտնաբերել էին «Mazda 3» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղում հայտնաբերվել էր տղամարդու մարմին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կրծքավանդակի հատվածում կար սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետք։

Դեպքի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր  քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել էին տարածքը։

Դեպքի վայրում աշխատել էր նաև ՀՀ Քննչական կոմիտեի փորձաքրեագետը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ մահացածը 35-ամյա Աղասի Ա․-ն է։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր