211652_close_icon
views-count3223 դիտում article-date 14:01 12-02-2025

Աբովյանում ապամոնտաժվում են կանաչ գոտիների հաշվին կառուցված՝ «ատոմային ռումբ» անունը ստացած բենզալցակայանները. քաղաքացիներն ասում էին. «Վերջապես զգում ենք, որ մեր քաղաքը սրտացավ քաղաքապետ ունի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

Վերջին տարիներին Աբովյան քաղաքում շարունակվում են կանաչ գոտիների ավելացման աշխատանքները, որոնք իրականացնում են Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի անմիջական նախաձեռնությամբ։

Տևական ժամանակ է՝ քաղաքապետարանը լծվել է դեռ սովետական տարիներից աբովյանցիների սիրելի վայր համարվող Աբովյանի պուրակի բարեկարգման աշխատանքների իրականացմանը։

Հիմնովին քանդվում են աբովյանցիների կողմից «ատոմային ռումբեր» անունը ստացած բենզալցակայանները, ինչը առաջին հերթին բխում է հենց աբովյանցիների անվտանգությունից, ինչու ոչ, նաև տեսքի է բերվում նշված հատվածը։

Այսօր՝ փետրվարի 12-ին, Աբովյանի քաղաքապետարանը հերթական անգամ հատուկ տեխնիկաներով ապամոնտաժում էր կանաչ գազոնում կառուցված բենզալցակայանն ու ինչ-որ «ուտուշ-խմուշի» օբյեկտ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Հալալ ա մեր քաղաքապետին ու իրա թիմին։ Մարդիկ հսկայական աշխատանքներ են կատարել ու շարունակում են կատարել Աբովյանը տեսքի բերելու, աբովյանցուն կանաչ քաղաք պարգևելու ուղղությամբ։ 

Երբ լսում էինք, որ հանրապետության որևէ մարզում կամ Երևանում գազաբենզալցակայան է պայթել, միանգամից մեր աչքին էր գալիս մեր քաղաքի՝ Աբովյանի արձանի այս շրջանաձև խաչմերուկը, որտեղ բենզալցակայանների պակաս չկա։ Խորհրդային տարիներին ուրախանում էինք այստեղի կանաչ զանգվածը տեսնելով, իսկ երբ ԽՍՀՄ-ն փլուզվեց, սնկի նման աճեցին բենզալցակայանները և ամեն պահի մեր աչքի տակ ունեինք այն մտավախությունը, որ Աստված մի արասցե եթե պայթյուն տեղի ունենա, ինչ կլինի։ 

ԽՍՀՄ փլուզումից հետո քանի քաղաքապետ փոխվեց, բոլորն էլ ասում էին, թե գործելու ենք ի շահ աբովյանցու, բայց բոլորն էլ ոչինչ չարեցին, նույնիսկ մեր անվտանգության մասին չէին մտածում։Ու հիմա ականատես ենք լինում, թե ինչպես է  մեր սրտի քաղաքապետը լծվել Աբովյանում կանաչ գոտիների ավելացմանը, փողոցների հիմնովին ասֆալտապատմանը, անգամ բակային այնպիսի հատվածներում, որտեղ սովետական տարիներին էլ ասֆալտ չի եղել, բացակայել է արտաքին լուսավորությունը, ու հիմա ահռելի առաջընթաց ենք տեսնում, թե ինչպես է օր օրի մեր երբեմնի քաղաք Աբովյանը դառնում ավելի բարեկարգ ու ավելի մաքուր։ 

Այսօր էլ արդեն տեսնում ենք, թե ինչպես են հերթական բենզալցակայանն ու խորովածանոցը հեռացվում կանաչ գազոնի վրայից ու փոխարենը տնկվելու են նոր ծառեր, որոնք թթվածին են տալու քաղաքին։ Ցանկալի է, որ 1-2 բենզալցակայանների տերեր, որոնց ավելի շատ հուզում է փողի քսակը, քան Աբովյանը շենացնելու գործը,  համաձայնվեն և ինքնակամ ապամոնտաժեն իրենց կողմից կանաչ գազոնների վրա տեղադրված այդ «ատոմային ռումբերը»»։

Այսօր՝ փետրվարի 12-ին, ապամոնտաժվում էր Սիմոնյաննների ընտանիքի կողմից երկար տարիներ շարունակ շահագործվող բենզալցակայանը, ու Սիմոնյանների ընտանիքը, տեսնելով Աբովյանում կանաչապատ տարածքներն ավելացնելու Աբովյանի քաղաքապետարանի իրականացրած ազգանվեր գործընթացը, ինքնակամ համաձայնվել էր, որպեսզի իրենց պատկանող բենզալցակայանը ապամոնտաժվի և Սիմոնյանների ընտանիքի անդամները այսօր քաղաքապետարանի հետ համատեղ ապամոնտաժում էին բանզալցակայանը, քաղաքապետարանն էլ իր շնորհակալությունն է հատնում Սիմոնյանների ընտանիքին, ովքեր համամիտ լինելով քաղաքապետարանի ձեռնարկած կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներին, համաձայնություն էին տվել և իրենց հետ միասին կանաչ գազոնի վրայից հեռացնում են բենզալցակայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, վերջին 4-5 տարիների ընթացքում Աբովյան քաղաքը նոր շունչ է առնում։ Ստեղծվել ու շարունակում են ստեղծվել նոր խաղահրապարակներ, կանաչ գոտիներ և որ ամենակարևորն է՝ քաղաքը մաքրվում է ապօրինի կառույցներից, քաղաքը, ժողովրդի լեզվով ասած, ազատագրվել ու շարունակում է ազատվել կանաչ գոտիներում, հետիոտների համար անցման վայրերում տարիներով կառուցված քարե շինություններից։ 

2024թ․ հոկտեմբերի 21-ին Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Մովսիսյանը այցելել էին Աբովյան քաղաքի Սահմանադրության  հրապարակ, ժողովրդին հայտնի՝ «բենզինների խաչմերուկ»։

Տևական ժամանակ էր՝ աբովյանցիները իշխանություններից պահանջում էին, որպեսզի իրենց քաղաքը Երևանի նման մաքրեն տարատեսակ պայթյունավտանգ բենզալցակայաններից, ովքեր դեռ տարիներ առաջ ստեղծել էին այդ բենզալցակայանները, թե կանաչ գոտիների, թե հետիոտների համար նախատեսված մայթերի հաշվին։ 

Աբովյանի քաղաքապետարանը ընդառաջել էր բնակիչների արդարացի պահանջին և սկսկվել էր գործընթաց՝ այդ պայթունավտանգ բենզալցակայանները ապամոնտաժելու ուղղությամբ և այսօր բենզալցակայաններից մեկի սեփականատերը, ընդառաջելով Աբովյանի քաղապետարանի հորդորներին, ինքնակամ սկսեց ապամոնտաժման աշխատանքները։ Տեղում այն վերահսկվում էր Աբովյանի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարների կողմից, իսկ քաղաքացիների և աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար ծառայություն էին իրականացնում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և գումարտակի հերթապահ ծառայության պետ Արտակ Դիլոյանի գլխավորությամբ։

Հասարակական կարգը ապահովելու համար ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Քաղաքացիները, ովքեր հրաժարվել էին խոսել տեսախցիկի առաջ, ասում էին․

«Շատ ճիշտ և խրախուսանքի արժանի գործ է անում մեր քաղաքապետ Էդուարդ Բաբայանը։ Թե չէ ինչի՞ էր նման, էն մութ ու ցուրտ տարիներին ծառերը կտրեցին, տեղը էս մահաբեր բենզալցակայանները ստեղծեցին, էլ չենք ասում, որ մայթերն էլ գրավեցին։ Երբ Հանրապետության որևե մի մարզում բենզալցակայանի պայթյունի մասին տեղեկություններ էինք ստանում, խաչակնքվում էինք, որ լավա էստեղ նման դեպքեր դեռ տեղի չեն ունեցել, բայց դե ամեն պահի վտանգը աչքներիս դեմն էր։ Ուշացած, սակայն շատ ճիշտ որոշում է կայացրել Աբովյանի քաղաքապետարանը, ինչը առաջին հերթին բխում է հենց մեր՝ քաղաքացիներիս շահերից։ Թող ոչ ոք չփորձի հակադարձել, թե բիզնեսը վերացնում է։ Էդ բիզնեսը կարան Աբովյանի տարածքում այնքան շատ ամայի տեղեր կան, էդտեղ ստեղծեն, այլ ոչ թե բազմաբնակարանային, ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոց, մանկապարտեզ, առողջապահական հիմնարկների, մի խոսքով Աբովյանի ամենամարդաշատ վայրերից մեկում ստեղծեին։ Էլ չենք ասում, որ Մեծն լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանն էլ մոռացության էր մատնվել, քանի որ եթե սովետական տարիներին բոլորը, այդ թվում՝ զբոսաշրջիկները, գիտեին, որ սա Աբովյանի արձանն է, հիմա այս հատվածը որպես ճանաչողական վայր նշում են «բենզինների խաչմերուկ»։ Կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր նախաձեռնեցին և կյանքի են կոչում մեր՝ աբովյանցիներիս, անվտանգության երաշխիք հանդիսացող նախաձեռնությունը»:

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր