211652_close_icon
views-count2752 դիտում article-date 13:02 04-03-2025

ՀՀ ՊՆ պատվո պահակային զորամասում տեղի ունեցավ զինվորական երդման արարողություն

Օրինակելի ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ

Հպարտությամբ ու խոր հուզմունքով հետևեցի զինվորական երդման արարողության այս վեհ ու հիշարժան պահերին։

Այդ օրը բացառիկ էր, քանի որ այն միայն նորակոչիկների երդման արարողությունը չէր, այլ հայրենիքի պաշտպանությանը նրանց ամբողջ հոգով ու սրտով նվիրվելու խորհրդանիշը։

Օրերս ՊՆ պատվո պահակային զորամասում տեղի ունեցավ զինվորական երդման արարողությունը։ Այս օրը յուրահատուկ է ոչ միայն նորակոչիկների, այլև նրանց ընտանիքների, հրամանատարների ու ամբողջ բանակի համար, քանի որ հենց այս պահից զինվորը գիտակցում է իր առաքելության կարևորությունը՝ դառնալ հայրենիքի արժանի պաշտպան։

Պատվո պահակային զորամասը մեր բանակի լավագույն ստորաբաժանումներից է, որը տարբերվում է իր կարգապահությամբ, ուժեղ պատրաստվածությամբ և զինվորական պատվին տրված բացառիկ նշանակությամբ։

Այստեղ ամեն ինչ՝ զինվորների վարմունքից մինչև շարային քայլվածքը, կատարվում է կատարյալ կարգապահությամբ ու պատասխանատվությամբ։ Սակայն զորամասի իրական առանձնահատկությունը ոչ միայն խստապահանջ պատրաստությունն է, այլև այն հոգատարությունը, որ հրամանատարներն ու սպայական կազմը դրսևորում են իրենց զինվորների նկատմամբ։ Այստեղ զինվորներին վերաբերվում են ոչ թե պարզապես որպես ծառայողների, այլ՝ որպես սեփական որդիների։

Երդման օրը զորամասում տիրում էր հպարտության և ոգևորության մթնոլորտ։ Երիտասարդ զինվորները խրոխտ կանգնած էին, նրանց հայացքներում՝ վճռականություն, իսկ սրտերում՝ հայրենիքի հանդեպ անսահման սեր։ Երբ նրանք արտասանեցին իրենց երդման խոսքերը, պարզ դարձավ, որ այս պահից ոչ միայն համազգեստ են կրելու, այլև ստանձնելու են հայրենիքի անվնասության պահպանման վեհ առաքելությունը։

Սակայն այս օրը առանձնահատուկ դարձրեց նաև հրամանատարության կողմից պատրաստված անակնկալը ծնողների համար։ Երդման արարողության ավարտին ականատես եղան զինվորական դիֆիլեի՝ վարպետորեն կատարված շարային քայլերթի, որը խորհրդանշում էր զինվորների կարգապահությունն ու պատրաստվածությունը։

Հպարտության գագաթնակետը դարձավ զորամասի երգչախմբի ելույթը, երբ նրանք հնչեցրին «Հպարտանում եմ ես իմ բանակով» հայրենասիրական երգը։ Զինվորների ձայները, համահունչ ու զորեղ, ընդգծեցին նրանց միասնությունն ու նվիրումը՝ հուզմունք ու հպարտություն պատճառելով ներկաներին։

Տպավորիչ էր նաև հրամանատարի ելույթը, որի խոսքերից յուրաքանչյուրն արտացոլում էր հայրենիքի հանդեպ զինվորի նվիրվածությունն ու անսասան կամքը։ Նրա խոսքերը ոչ միայն ոգևորեցին զինվորներին, այլև նրանց ծնողներին՝ վստահություն ներշնչելով, որ իրենց որդիները ծառայելու են հզոր ու անպարտելի բանակում։

Այս զորամասի ամենամեծ հպարտությունը ոչ միայն օրինակելի զինվորներն են, այլև ողջ սպայական կազմը, որն անձնվիրությամբ ու պրոֆեսիոնալիզմով է առաջնորդում նրանց։ Այս հրամանատարները ոչ միայն կրթում ու զինվորական հմտություններ են փոխանցում, այլև դաստիարակում են հայրենիքի պաշտպաններին՝ սերմանելով նվիրում, կարգապահություն և մարտական ոգի։ Նրանք կանգնած են զինվորի կողքին, որպես ուսուցիչ, ավագ ընկեր ու առաջնորդ՝ օգնելով նրանց հաղթահարել ցանկացած փորձություն ու դառնալ հայրենիքի արժանի զավակներ։

Այս երդման օրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ զինվորի ուժը ոչ միայն նրա զենքում է, այլև հոգում, իսկ օրինակելի հրամանատարի ու նվիրված սպայական կազմի ներկայությունը նրան դարձնում են անկոտրում, ինքնավստահ ու նվիրաբերված իր հայրենիքի պաշտպանությանը։ Պատվո պահակային զորամասը շարունակում է դաստիարակել և կրթել այնպիսի զինվորներ, որոնցից յուրաքանչյուրն իր երդմանը հավատարիմ է մնալու ոչ միայն ծառայության ընթացքում, այլև ամբողջ կյանքի ընթացքում։

Փառք Հայոց բանակին, փառք մեր տղերքին։

Նմանատիպ նյութեր