211652_close_icon

Լիովին աջակցում եմ այս նախաձեռնությանը, անկախ նրանից՝ ինչ որոշում կկայացնեք. Սամվել Շահրամանյանն այցելեց արցախցիների վրան

views-count646 դիտում article-date 13:12 25-04-2025
Աջակցում եմ ձեր բոլոր նախաձեռնություններին ու որոշումներին. այս մասին Ազատության հրապարակում տեղակայված վրանում արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

Խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը նախագահին տեղեկացրեց իրավիճակը: Նա ասաց, որ կառավարությունից նրանց ասել են, եթե վրանը չհանեն, երկու ամսով էլ չի երկարացվի 40 հազարների աջակցությունը:

«Մենք ասել ենք՝ սա այն հարթակն է, որ հնարավորություններ է տալիս հանդիպումներ ունենալու մեր հայրենակիցների հետ, հավաքագրում ենք արցախցիների բոլոր խնդիրնրը: Ասել ենք՝ վրանը որևէ կերպ չի կարող խանգարել, որ մեր առաջարկությունները ներկայացնենք ձեզ, մեր առաջարկությունները գրավոր ներկայացնելու ենք իրենց, առաջիկա օրերին Խորհուրդը պետք է հանդես գա հայտարարությամբ»,- ասաց նա:

Շահրամայնանը ընդգծեց, որ լիովին աջակցում է այս նախաձեռնությանը, մանրամասն տեղյակ է իրականացվող աշխատանքներից: «Իմ կողմից ունենք լիակատար աջակցություն, անկախ նրանից, թե դուք ինչ որոշում կկայացնեք:

Տեղյակ եմ, որ այն ծրագրերը որ իրականցնում է  ՀՀ կառավարությունը, ունեն բազմաթիվ խնդիրներ: Առիթ եմ ունեցել բնակարանային աջակցման ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնել դեռ նախագծային փուլում և ասել, որ սկզբից էլ դա տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետև որոշակի լուրջ խնդիրներ կան, որոնք հաշվի չեն առնվել»,- ասաց Արցախի նախագահը:

Շահրամանյանը նշեց՝ տեղյակ է, որ խորհուրդը առաջիկայում պետք է որոշում կայացնի և ներկայացնի կառավարությանը՝ հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

«Համարում եմ՝ մեր ժողովրդի կողմից ունեք լիազորություն որոշումներ կայացնելու, և ես պատրաստ եմ աջակցել, այդ թվում՝ եթե որոշեք գրասենյակային պայմաններում աշխատանքները իրականացնեք, պատրաստ ենք նաև ներկայացուցչությունը տրամադրել և ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանքը: Սա որպես առաջարկ կարող եք ընդունել և հաշվի առնեք ձեր հետագա որոշումներում:

Կառավարության կողմից կա առաջարկ, որ դուք խմբեր ստեղծեք և աշխատանքներ իրականցնեք, ինձ թվում է՝ դա պետք է իրականացվի քանի որ այդ ծրագրերից կախված է մեր բնակչության և արցախցիների հետագա ինտեգրումը և արժանապատիվ ապրելը ՀՀ-ում»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր