211652_close_icon
views-count3252 դիտում article-date 21:54 20-01-2014

Հայոց լեզվի բառապաշարի հարստացմանն ուղղված նոր խաղ «Dasaran.am»-ի կողմից

«Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը, հավատարիմ Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը միտված իրենց առաքելությանը, հանդես են գալիս հերթական նորարարական նախաձեռնությամբ: «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված «Բառերի տիեզերք» անունը կրող ինտելեկտուալ խաղը նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաների հայոց լեզվի բառապաշարի հարստացմանը: Այս անգամ ևս գործի են դրվել տեղեկատվական տեխնոլոգիաները՝ որպես Հայաստանում կրթության արդիականացումը խթանելու արդունավետ միջոց: «Բառերի տիեզերք»-ը, որը բաղկացած է բարդության տարբեր աստիճանի հոմանիշների և հականիշերի բաժիններից, կօգնի մեր աշակերտներին ինտերակտիվ եղանակով հարստացնել հայոց լեզվի իրենց զինանոցը: Խաղի հետաքրքրաշարժ բովանդակությունը և տպավորիչ դիզայնը հնարավորություն կտան աշակերտներին ինտերակտիվ կերպով հաղորդակցվել ոսկեղենիկ հայոց լեզվի ողջ հմայքին՝ պարտավորեցնելով վերջիններիս խոսել ավելի հարուստ և գեղեցիկ հայերեն: Այս մոտեցման հիմքում ընկած է այն համոզմունքը, որ խաղային եղանակով սովորելու մեթոդը ձերբազատում է աշակերտին կրթության պարտադրանքի կարծրատիպից՝ վերածելով այն հաճույքի և այդպիսով արդյունավետորեն նպաստելով նոր սերնդի կրթական մակարդակի բարձրացմանը: «Dasaran.am» կրթական հարթակն էլ խաղը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի 930 դպրոցների աշակերտներին՝ ապահովելով անհրաժեշտ նախադրյալներ դրա լայն տարածման և բարձր արդյունքներ գրանցելու համար: «Dasaran.am» կրթական ծրագիրը արդեն շուրջ հինգ տարի է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման ու վերահսկման համակարգերի ներմուծման եղանակով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: «Dasaran.am»-ի ցանցին արդեն իսկ միացել են Հայաստանի 1400 դպրոցներից 930-ը` ավելի քան 677,000 գրանցված բաժանորդներով: Ծրագիրը հասանելի է ՀՀ բոլոր մարզերում:

Նմանատիպ նյութեր