211652_close_icon
views-count4286 դիտում article-date 15:23 31-01-2014

Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանն ապացուցեց, որ ծառան է մեր եկեղեցու և ժողովրդի. armar.am

Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքը շատերին մտորելու տեղիք տվեց, որ ոչ միայն պետք է պայքարել մեր ազգային Եկեղեցին դրսից քայքայող աղանդների դեմ, այլև, հարկ եղած դեպքում Եկեղեցու պատերից ներս նեցուկ լինել իրենց ծառայությանն առ Աստված և առ Հայրենիք կատարող նվիրյալ հոգեւորականներին, գրում է [url=http://www.armar.am/?p=63574]Armar.am[/url]-ը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Կճոյանի որոշմամբ՝ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանն ազատվեց Արարատյան թեմի «Արարատ» հոգևոր միության նախագահի պարտականություններից ու տեղափոխվեց Սուրբ Երրորդություն եկեղեցի: Որոշման շուրջ հավատացյալների շրջանում առաջացած լարվածությունը երկար ժամանակ չէր հանդարտվում, իսկ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում չէին դադարում քննարկումները. խռովվել էր Արարատյան թեմի հոգևոր համայնքը, անակնկալի եկած հավատացյալներն արդարացիորեն բացատրություն էին պահանջում՝ ինչո՛ւ ազատվեց աշխատող ու սիրված հոգևորականը, ովքե՛ր են փորձում նրան հեռու պահել առաջնորդանիստ եկեղեցուց, ինչո՛ւ են փորձում ձախողել «Արարատ» հոգևոր միության աշխատանքները: Խռովքն առավել խտացավ, երբ ակնհայտ դարձավ ազնիվ հոգևորականին հեղինակազրկելու նենգ միտումը, ինչի իրագործմանը լծվեցին որոշ կայքեր ու գրչակներ՝ իրականության հետ որևէ կապ չունեցող լուրեր տարածելով: Այս ամենն առավել սրեց այն կասկածը, որ կատարվածը պարզ տեղափոխություն չէր: Դատելով ամենից՝ պատճառը շատ պարզ էր. ոմանք ուղղակի չկարողացան իրենց կողքին հանդուրժել բարձր հեղինակություն վայելող, գործուն հոգևորականի ներկայությունը: Չնայած նրան, որ Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը հանդես եկավ իրարամերժ հայտարարություններով, բայց իրականում կատարվածի վերաբերյալ որևէ խելամիտ պարզաբանում չտրվեց: Փոխարենը լսվեց տեր Հակոբի զուսպ խոսքը. «Եթե հոգևոր իշխանությունը նպատակահարմար է համարում մեկ այլ տեղ ծառայության ուղղարկել տվյալ հոգևորականին՝ անշուշտ մենք կոչված ենք իրականացնել այդ ծառայությունը՝ չքննարկելով նշանակման պատճառները»: Իսկ «Արարատ» հոգևոր միության անդամները հայտարարեցին. «Որեւէ մեկը թող չկարծի, որ, հեռացնելով Տեր Հակոբին, թուլացրեց ու հիասթափեցրեց նրան և իր կողքին կանգնած մարդկանց: Մենք հետայսու էլ Տեր Հակոբի հետ շարունակելու ենք մեր ծրագրերն՝ ապացուցելով, որ մեր գործն արդար է»: Տեր Հակոբն, իրոք, ապացուցեց, որ իր ծառայության նվիրյալն է և ամենուր պատրաստ է նույնպիսի եռանդով շարունակել իր հոգևոր ծառայությունն` ի սեր Աստծո, ի սեր Հայոց Եկեղեցու և հայ ազգի: Գործունյա հոգևորականը մագնիսի պես դեպի եկեղեցի կձգի ժողովրդին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հարակից տարածքի բնակիչներն ամանորի նախօրեին անակնկալի էին եկել՝ առավոտյան ոչ միայն եկեղեցու զանգերի ձայնը, այլև հայ հոգևոր երաժտություն և Եկեղեցում կատարվող Սուրբ Պատարագն ու հոգևոր քարոզը լսելով: Պարզվեց, որ այս ամենի նախաձեռնողն ու իրականացնողը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանն էր: Գնահատելով նվիրյալ հոգևորականի ծառայությունը՝ Գարեգին Բ Վեհափառ հայրապետն ամիսներ առաջ Տեր Հակոբին նշանակում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ: «Հիացած ենք տեր Հակոբի աշխատանքով. Մայր Եկեղեցին կարծես մի նոր կենդանություն է առել ու իր հարկի տակ է կանչում հավատացյալ մեր ժողովրդին». մարդիկ համոզմունքով շեշտում են՝ ջերմեռանդ հոգևորականը մագնիսի պես դեպի եկեղեցի է ձգում մեր ժողովրդին: Սուրբ Գրիգոր Լուսավորչում տեր Հակոբի ծառայակից Տեր Դավիթ Քահանա Շախկյանն իր հերթին ներկայացրեց, որ եկեղեցու ներսում ևս խնդիր կար՝ եկեղեցու մեծության պատճառով հոգևորականների խոսքը լսելի չէր լինում հավատացյալ ժողովրդին, սակայն տեր Հակոբի նախաձեռնությամբ եկեղեցում սարքավորումներ են տեղադրվել, որով և լուծվում է այդ հարցը: «Հավատացյալը, եկեղեցու տարածք մուտք գործելուն պես, պետք է զգա, որ հոգևոր կոթողի է մոտենում, միջավայրը պետք է տրամադրող լինի աղոթքի համար: Իսկ դրա համար մեր եկեղեցին նաև պետք է ներկայանա բարեկարգ, մաքուր տեսքով, լինի ջեռուցված, որպեսզի եկեղեցի հաճախող մեր տարեցները և երեխաներն այս ցուրտ եղանակին չմրսեն: Այս աշխատանքների նպատակակետը մեկն է` զորացնել համայնքային կյանքը, ավելի շատ անձանց ներգրավել հոգևոր կյանքից ներս, քանի որ կենդանի եկեղեցին հավատացյալներն են, և Եկեղեցին հավատացյալներով է կենդանանում»: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանն հենց այս համոզմամբ ձեռնամուխ է լինում մի շարք աշխատանքների: Տեր Հակոբ-2Նախ, աղբից մաքրվում է եկեղեցու հարակից ողջ տարածքը և ծառապատվում, իսկ ձյան գալուն պես նաև ձնահեռացման աշխատանքներ են իրականացվում: Երիտասարդները ժպիտով նկատում են, որ եթե տեր հայրն ինչ-որ խնդիր է դնում իր առաջ, ապա ինքն անձամբ որևէ ջանք և եռանդ չի խնայում այդ այդ խնդրի լուծման համար. «Նա բոլորին վարակում է իր աշխատասիրությամբ: Երբ տեսնում ես, որ հոգևորականը հավաքարարների հետ միասին աղբ է թափում, ձյուն մաքրում և շինարարական աշխատանքներին մասնակցում՝ ավելի ես ոգևորվում»: Պատմեցին, թե գառնեցի երիտասարդ շինարարարների մի խումբ, տեսնելով, թե ինչպես է տեր հայրը մասնակցում եկեղեցու և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներին, եկել ու իրենց օգնությունն են առաջարկել, անգամ՝ մեկամսվա աշխատավարձը սիրահոժար կերպով նվիրել են եկեղեցուն: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միայն քարե շինություն չէ. այն հաղթական և մարտական Եկեղեցու ամբողջություն է, իսկ հաղթական Եկեղեցու անդամներն այն քրիստոնյաներն են, ովքեր փաստում են իրենց նվիրումը մեր Եկեղեցուն: Եվ իզուր չէ, որ հայ հավատացյալի այդ տեսակն այսօր կանգնած է գործունյա և նվիրյալ հոգևորականի կողքին: Եկեղեցու հարակից տարածքի գործարարար բնակիչներից մի քանիսը, տեսնելով եկեղեցու հոգևոր հովվի ակտիվ աշխատանքը, ցանկություն են հայտնել նաև նյութապես աջակցել նրան: Մեզ հետ զրույցում բարերարներից մեկը չթաքցրեց, որ տեր Հակոբի հանդեպ ունեցած մեծ վստահություն շնորհիվ է նաև, որ պատրաստ է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր: «Գիտե՞ք, թե որն է տեր Հակոբի հաջողության գաղտնիքը. նա ամեն ինչ կատարում է պարզ ու թափանցիկ՝ բոլորի աչքի առաջ: Երբ բարեգործը տեսնում է, որ իր նվիրաբերած ողջ գումարն ուղղվեց տվյալ գործին ու արդյունք ունեցավ, ապա նրա մոտ վստահություն է առաջանում, առավել է խանդավառվում ու նոր գործերի մեջ ներգրավվում»: Այդ վստահության արդյունքում էր, որ Եկեղեցում և հարակից տարածքում վերանորոգման և շինարարական աշխատանքներ իրագործվեցին, մասամբ լուծվեց եկեղեցու ջեռուցման, ներսում ու դրսում բարձրախոսների տեղադրման և տարածքի գիշերային լուսավորության հարցերը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին նաև իր արտաքին տեսքով դարձավ մի իսկական լուսատու, իրապես մի հրաշք՝ երեկոյան լույսերի մեջ»: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովվի մասին օրհնանքով ու սիրով են խոսում մարդիկ, ովքեր, տեր Հակոբի շնորհիվ, այսօր աշխատատեղ ունեն: «Տեր Հակոբի քայլը թող ուսանելի լինի բոլորի համար. նա մեզ հնարավորություն տվեց աշխատանքի դիմաց վաստակել մեր հանապազորյա հացը՝ մասնակից դառնալով եկեղեցու շինարական աշխատանքներին, ինչի արդյունքում մենք առավել կապվեցինք մեր եկեղեցուն»: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նաև այն բացառիկ հոգևորականներից է, ով առանձնահատուկ կարևորություն է տալիս քարոզչությանը և, ծիսական իր գործունեությանը զուգահեռ, նաև քարոզչական և հովվական լուրջ աշխատանք է իրականացնում: Եկեղեցու հավատացյալները հաճախ են դժգոհել, թե քարոզի և հոգևոր խոսքի պակաս կա ու ցանկանում են եկեղեցում ունկընդրել Աստվածաշունչ մատյանի մեկնությունները: Եվ, ահա, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ և Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի նախաձեռնությամբ՝ լուծվում է և այս հարցը. ամեն երեքշաբթի՝ ժամը 18:00-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի է ունենում «Խոկման» արարողություն՝ «Հավատամք» երգչախմբի հոգևոր երգեցողության ներքո: Հոգևոր հովվի նախաձեռնությամբ՝ ստեղծվում է «Հավատամք» հոգևոր կենտրոնը և havatamq.am կայքը: Քարոզչական կենտրոնի անդամ Սասուն Ավետիսյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ «Հավատամք» կենտրոնը կարևոր դերակատարություն ունի հավատացյալների կյանքում. «Ի տարբերություն կրոնական այլ կառույցների կողմից որդեգրված ագրեսիվ բնույթի՝ մենք գործում ենք համեստ և զուսպ՝ ոչինչ չպարտադրելով, այլ առաջարկելով այնպես, ինչպես մեզ պատգամում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` Հիսուսի պատգամին հավատարիմ մնալով»: Առանձնապես ոգևորող է այն փաստը, որ տեր Հակոբի շուրջ այսօր համախմբված է իր հավատքին ու հայրենիքին ամուր կառչած ուսյալ երիտասարդների մի խումբ: Վստահաբար կարելի է ասել, որ այնտեղ, որտեղ ուս-ուսի տված գործում են հայ հոգևորականն ու հավատացյալ ժողովուրդը, աղանդավորն անելիք չունի. «Ոտքները կտրվել է մեր տարածքից»,- ասում են բնակիչները, իսկ Երիտասարդաց միության անդամները համոզված են՝ միայն հավատացյալ-հոգևորական ուժեղ կապն ու նրանց համատեղ պայքարն առավել կզորացնի մեր Եկեղեցին և հեռու կվանի մեր հավատի ծառը վտանգել փորձող օտարածին կառույցները: Երիտասարդները չեն թաքցնում՝ Եկեղեցու հետ կապվել են տեր Հակոբի շնորհիվ. «Իր տեսակով նա իսկական հոգևորական է. տեսակ, որն այնքան անհրաժեշտ է գործունյա և ազնիվ հայորդիներին եկեղեցուն կապելու համար: Թող շատ-շատերը նրանից օրինակ վերցնեն»,- ասում է Քարոզչական կենտրոնի անդամ Հայկն ու հաստատում, որ «…հոգևոր ներաշխարհով Եկեղեցու հետ կապված հայ երիտասարդը երբե՛ք չի հիասթափվի և ընկրկի դժվարություններից, երբե՛ք չի մտածի իր երկիրը թողնել-հեռանալու մասին: Փետրվար 13-ին՝ ժամը 19:00-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հարակից հրապարակում տեղի կունենա համերգային մեծ միջոցառում: Մանրամասները՝ [url=http://www.armar.am/?p=63574]այստեղ[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր