2081 դիտում
17:38 31-01-2014
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը ծառ են տնկել Աբու Դաբիում ՀՀ դեսպանատան այգում
Հունվարի 31-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Աբու Դաբիում այցելեցին կառուցվող Սբ. Նահատակաց հայկական եկեղեցի, ծանոթացան շինարարական աշխատանքների ընթացքին:
Նույն օրը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Նորին Սրբությունը այցելեցին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն, հանդիպեցին հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը մասնավորապես ասաց.
«Երեկ ես պատիվ ունեցա Շարժայի Ամերիկյան համալսարանում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Պատվո շքանշան հանձնել դոկտոր Ալ Կասիմիին՝ մեր երկու երկրների միջև բարեկամության կապերի ամրապնդման և տնտեսական զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար: Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին այցելեցինք Աբու Դաբիում կառուցվող հայկական եկեղեցի: Այս երկու կարևոր իրադարձությունները ոչ միայն վկայում են մեր երկու ժողովուրդների հոգևոր կապի և ջերմ զգացմունքների մասին, այլև հանդուրժողականության, մշակույթների ու կրոնների միջև երկխոսության փայլուն օրինակ են հանդիսանում:
Արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի ջերմ հարարաբերությունների մասին է վկայում մեր բազմադարյան պատմությունը: Այն ապացուցում է, որ մեր ժողովուրդներն իրենց շփումներում առաջին հերթին գնահատել են հոգևոր ու մարդկային արժեքները: Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Խորհրդանշական է, որ մեր այս հանդիպումը տեղի է ունենում այս գեղեցիկ շենքում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունում, որը բացվել է այստեղ 2000 թվականին:
Այսօր մեր կարևորագույն խնդիրն է ամրապնդել Հայաստանի պետականությունը և հզորացնել երկիրը, իսկ այդ ճանապարհին մենք պետք է հաղթահարենք բազմաթիվ դժվարություններ: Դրանց թվին են պատկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորումը, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին նրա միջազգային լիարժեք ճանաչումն ու դատապարտումը: Հայաստանի Հանրապետությունը մշտապես առաջնորդվում է բոլոր խնդիրներն ու հակասությունները քաղաքակիրթ ճանապարհով լուծելու տրամաբանությամբ, և այդ ճանապարհը երկխոսությունն է: Ուստի մենք պատրաստ ենք քննարկելու Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ Հայոց ցեղասպանության հարցը երբևիցե վիճարկելի չի եղել ու չի լինելու:
Մենք պետք է կարողանանք հստակ գնահատել մեր ներուժը ու լավա¬գույնս օգտագործել աշխարհասփյուռ հայության հնարավորու¬թյունները: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք իրակա¬նություն դարձնել մեր համազգային նպատակները:
Սիրելի հայրենակիցներ,
Հայկական ինքնությունը պահպանելու լավագույն ձևը մեր աշխարհասփյուռ ժողովրդի բոլոր ներկայացուցիչների ամուր կապերն են Հայաստանի Հանրապետության հետ: Հայաստանի նորագույն պատմությունը հարուստ է սփյուռքահայության ազգային մղումներով, որոնք սկզբնական շրջանում հիմնականում արտահայտվել են նյութական աջակցությամբ, իսկ այսօր արդեն առևտրատնտեսական և ներդրումային ծրագրերի իրականացմամբ, ինչը մեծապես նպաստել է Հայաստանի և օտարերկրյա պետությունների միջև տնտեսական կապերի զարգացմանը: Գոհունակությամբ նշեմ, որ Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև առևտրատնտեսական կապերը աստիճանաբար ստանում են համակարգված բնույթ: Դրա վառ օրինակներից է Հայաստանի և Ռաս ալ Խայմա Էմիրության միջև առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտում արձանագրված շոշափելի առաջընթացը, ինչը արտահայտվել է վերջինիս կողմից մեր հանրապետության մի շարք բնագավառներում կատարած ներդրումներով: Մենք կցանկանայինք ձեզ նույնպես տեսնել համատեղ ծրագրերի իրականացման գործընթացում: Դա կլինի ձեր ներգրավվածության և ազգային ինքնության պահպանման լավագույն գրավականը»:
ԱԺ նախագահը բարձր գնահատեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներդրումը պետություն-եկեղեցի կապերի ամրապնդման գործում, ինչպես նաեւ հայ առաքելական եկեղեցու դերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խորացման հարցում: Նա կարեւորեց այն փաստը, որ Նորին Սրբության գահակալության 14 տարիների ընթացքում հարյուրից ավելի եկեղեցիներ են կառուցվել Հայաստանում եւ Հայաստանի սահմաններից դուրս: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործունեությունը եւ բարձր գնահատեց դեսպան Գեղամ Ղարիբջանյանի ջանքերը Հայաստան-ԱՄԷ կապերի զարգացման եւ խորացման գործում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր հայրապետական խոսքն ուղղեց Աբու Դաբիի հայ համայնքին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Դեսպանության այգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծառ տնկեցին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
1416 դիտում
18:55 09-04-2015
Ազգային ժողովի նախագահը եւ պատգամավորները 100 խորհդանշական ծառ են տնկել խորհրդարանի այգում
1009 դիտում
15:21 11-04-2023
«Մեր բարեկամական կապերը կզարգանան ու կընդլայնվեն». Լիոնի քաղաքապետը խորհրդանշական ծառ է տնկել Լիոնի այգում
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»