211652_close_icon
views-count2249 դիտում article-date 08:23 06-02-2014

Վանաձորում խուճապ է. քաղաքում 150 դրամանոց հացը երեկվա դրությամբ վաճառվել է 300 դրամով. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքի մեծ մասում չկա գազ, էլէներգիան հաճախակի անջատվում է, խմելու ջուրը սառչել է, դպրոցներում դասերը դադարեցվել են, հիվանդանոցներում ընդունում են միայն անհետաձգելի խնդիրներով հիվանդներին, ծննդատներում ցուրտ է, հացի մատակարարման ընդհատումներ են արձանագրվել...։ Սա հատված չէ որևէ արտակարգ իրավիճակում հայտնված մի հեռավոր քաղաքի մասին միջազգային հեղինակավոր հեռուստաալիքի ռեպորտաժից։ Սա Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում ստեղծված իրավիճակի համառոտ նկարագրությունն է։ Այնտեղ, իրոք, վիճակը ծանր է։ Վանաձորցիները մեր թղթակցին պատմել են, որ փետրվարի 3-ին քաղաքի մի մասը սնուցող գազի խողովակի պայթյունից հետո սկսել են բնակարանները տաքացնել էլէներգիայով, սակայն դրա պատճառով ցանցի վրա մեծ բեռ է ընկել, և շուտով էներգամատակարարումն է դադարել։ Էլէներգիայի մատակարարման ընդհատումների պատճառով շուտով դադարել է նաև ջրամատակարարումը։ Բնակիչներն անասելի ջանքեր թափելուց հետո հաջողացնում են իրենց տներում ապահովել ընդամենը 10-12 աստիճան տաքություն։ Առանձնապես ծանր է վիճակը հիվանդանոցներում և ծննդատներում։ Եվ այս ամենը դեռ բավարար չէ, Վանաձորում հաստատվել է անսովոր ցուրտ եղանակ։ Գիշերը ջերմաստիճանն իջնում է մինչև –25 աստիճան, իսկ ցերեկը այն չի բարձրանում –12 –14 աստիճանից։ Չի արտադրվում անհրաժեշտ քանակությամբ հաց։ Վանաձորում փռերի թերի աշխատանքի հետևանքով 150 դրամանոց հացը երեկվա դրությամբ վաճառվել է 300 դրամով։ Մարդիկ խուճապահար սկսել են դատարկել նաև խանութները։ Եվ այս իրավիճակում վանաձորցիներն արդարացիորեն, մեղմ ասած, դժգոհում են թե տեղական և թե հանրապետական իշխանություններից։ Նրանք բառացիորեն լքված են։ Իշխանությունները որևէ քայլ առ այսօր չեն իրականացրել գոնե հիվանդանոցների համար ջեռուցում կազմակերպելու ուղղությամբ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր