211652_close_icon

Առեղծվածային դեպք՝ Մասիսում. ջայլամաբուծությամբ զբաղվող հայտնի անհատ ձեռներեցը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count6652 դիտում article-date 12:25 21-04-2025
Այսօր՝ ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող ջայլամաբուծական ֆերմայում կրակոց է հնչել և կա վիրավոր քաղաքացի: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Արարատի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անտոնյանի գլխավորությամբ: 

Մինչ քրեական և համայնքային ոստիկանները կժամանեին նշված վայր, Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Մասիսի բաժին, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղից «ծնոտի շրջանում հրազենի վիրավորում» ախտորոշմամբ իրենք հիվանդանոց են տեղափոխել մի քաղաքացու: 
 
Քրեական և համայնքային ոստիկանությունը պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 70-ամյա Արմենակ Ա.-ն է: Վերջինը ծայրահեղ ծանր վիճակում է: 
 
Դեպքի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակլա Ներսես Մուրադյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Արմենակ Ա.-ն ժամը 07:00-ի սահմաններում նշված ֆերմայի տարածքում իրեն պատկանող «Байкал» տեսակի որսորդական հրացանով իր կյանքին վերջ տալու նպատակով կրակոց է արձակել իր ծնոտի շրջանում: 

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արմենակ Ա.-ն ոչ միայն Արարատի մարզում, այլև Հանրապետությունում հայտնի ջայլամաբուծությամբ զբաղվող անհատ ձեռներեց է:
 
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2019 թվականի դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մասիս քաղաքի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում նոր կառուցվող Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի տարածքում, կասկածելի հանգամանքներում հոշոտվել են մեծ թվով ջայլամներ:

Ժամանել էր ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Աթուր Զաքարյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Գևորգ Պողոսյանը: Ոստիկաններն ու փրկարարները նշված ֆերմայում հայտնաբերել են 25 հոշոտված 4-7 ամսական ջայլամներ, իսկ ևս 8 ջայլամ վնասվածքներ է ստացել: Այս պահին մասնագետները փորձում են պարզել՝ ջայլամները շակալի, թե աղվեսի կողմից են հոշոտվել:

Նշված ֆերման վարկով ստեղծել էր Մասիս քաղաքի բնակիչ, 65-ամյա Արմենակ Ասատրյանը և ֆերմայի շնորհիվ բացվելու էին նաև աշխատատեղեր, ինչը մեծ նշանակություն կունենար բնակիչների համար:

Տեղում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արթուր Խաչատրյանի կողմից նյութեր էին նախապատրաստվել: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ֆերմայի սեփականատերը կրել է մոտ 4 մլն դրամի վնաս:

Ֆերմայի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ասել էին.

«Նշված տարածքը ամայի էր, ֆերմայի տերը նախ բարեկարգեց տարածքը, կատարեց ծառատունկ և ստեղծեց ջայլամաբուծարան, ինչի շնորհիվ 15-ից ավելի՝ նախկինում գործազուրկ քաղաքացիներ արդեն աշխատանք էին ճարել և հոգում էին իրենց հանապազօրյա հացը: էս ամենը ֆերմայի սեփականատերն արել է վարկ վերցնելով ու հիմա ուզում ենք հավատալ, որ «Ակբա-Կրեդիտ» բանկը գոնե 2 տարի կսառեցնի տոկոսադրույքները, ինչը մեծ օգնություն կլինի բանկի կողմից Ա. Ասատրյանին»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր