211652_close_icon

Վարչապետը խոստացավ հարցը «տղավարի» լուծել (ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

views-count13053 դիտում article-date 17:34 12-02-2014
Այսօր հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է, ինչի առթիվ Կոմիտասի անվան պանթեոն էին այցելել մեծ գրողի հարազատները, մտերիմները, գրչակից ընկերներն ու նաև գործը սիրող և գնահատող հասարակ քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պանթեոն էր ժամանել նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ծաղիկներ դրեց Հրանտ Մաթևոսյանի շիրիմին և հարգանքի տուրք մատուցելուց հետո ասաց, «Մեր սուրբ պարտականությունն է մշտապես վառ պահել Հրանտ Մաթևոսյանի հիշատակը, որովհետև չեմ պատկերացնում ժամանակակից Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացի, ով ծանոթ չէ այն հարուստ ժառանգությանը, որը մեզ թողել է Հրանտ Մաթևոսյանը: Դաստիարակել հայրենասեր քաղաքացի՝ նշանակում է նրան հասանելի դարձնել Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները: Մի բան է, երբ շփվում էինք նրա հետ, լսում` նրա հայրական խորհուրդները, իմաստուն խոսքերը, մեկ այլ բան, երբ փորձում ենք ժամանակի քննությունը բռնած մարդու դերը տեսնել հայ ժողովրդի գրականության պատմության մեջ: Որքան անցնում են տարիները, այնքան ավելի լավ ենք տեսնում Հրանտ Մաթևոսյանի մեծությունը»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստվում է բարձր մակարդակով նշել Մաթևոսյանի 80-ամյակը, որը կլրանա հաջորդ տարի: Շարունակվում են աշխատանքները նաև մեծանուն գրողի մշակութային կենտրոնի կառուցման ուղղությամբ, որտեղ էլ կպահպանվի Մաթևոսյանի հարուստ ժառանգությունը»: Ֆոտոլրագրողը հարց տվեց վարչապետին, թե արդյո՞ք Հ. Մաթևոսյանն իր մահով հարստացրեց հայոց մեծերի պանթեոնը և աղքատացրեց մեր ժողովրդին, և արդյո՞ք ժամանակը չէ, որ կառավարությունն ու պատկան մարմինները խոսքից անցնեն գործի , այն է՝ կառուցեն Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարան: Վարչապետը պատասխանեց, որ իրենք արդեն քննարկել են այդ հարցը և այն լուծում կստանա: Իսկ ֆոտոլրագրողը պնդեց, որ վարչապետը «տղավարի» խոստանա , որ տուն-թանգարանի շինարարության ուղղությամբ աշխատանքներ կտարվեն, ինչին վարչապետը ժպիտով արձագանքեց, որ «տղավարի եմ ասում, ձեր սերունդը կտեսնի Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանը»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր