211652_close_icon
views-count1448 դիտում article-date 22:57 13-02-2014

Գեղանկարիչ Ռաֆայել Մեգալը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով

Փետրվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց նկարիչ Ռաֆայել Մելիքյանին՝ Մեգալին: Ներկայացնելով արվեստագետին՝ նախարարը մասնավորապես նշեց, որ «Չնայած երիտասարդ տարիքին՝ Ռաֆայել Մեգալը հասցրել է նվաճել շատ աշխարհահռչակ ցուցասրահներ և իր ստեղծագործությամբ զարմացնել և ուրախացնել շատ արվեստաբանների: Նրա նկարները այս աշխարհը դարձնում են ավելի գունագեղ, բարի, լուսավոր»: Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման գործում ներդրում ունենալու, ինչպես նաև գեղանկարչության ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով պարգևատրեց գեղանկարիչ Ռաֆայել Մեգալին: Չնայած երիտասարդ տարիքին՝ Ռ. Մ եգալը մեծ ճանաչում ունի, ՀՀ վաստակավոր նկարիչ է և աշխարհում ամենացուցադրվող ժամանակակից հայ նկարիչներից մեկը: Նա ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում (Նյու Յորք), Ֆրանսիայում (Փարիզ), Մակեդոնիայում, Կանադայում և մի շարք այլ երկրների լավագույն ցուցասրահներում: Անհատական ցուցահանդես է ներկայացրել աշխարհի ժամանակակից արվեստի կենտրոն համարվող Լոնդոնում: Ցուցահանդեսներից բացի, Ռ. Մեգալի աշխատանքները պարբերաբար հայտնվում են այնպիսի խոշոր աճուրդային կենտրոններում, ինչպիսին «Քրիսթիսն» է: Ֆլորենցիայում նրա «Մարութա սարը» մասշտաբային, չափազանց ազդեցիկ ստեղծագործությունը արժանացել է արծաթե մեդալի: Օգտագործելով հայկական խորհրդանիշները՝ նա փորձել է կենդանիների միջոցով ներկայացնել չարի և բարու պատերազմը: Գարնանը Ռ. Մեգալը կմեկնի Լոս Անջելես, որտեղ մարտի 11-ին կբացվի նրա ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար, Ռաֆայել Մեգալը խոստովանեց, որ իր համար մեծ պատիվ է կրել «Արշիլ Գորկի» մեդալը: «Այն նաև պարտավորեցնող է և ոգեշնչող»,- ասաց նա: Հրանուշ Հակոբյանը նորանոր ստեղծագործական հաջողություններ մաղթեց արվեստագետին:

Նմանատիպ նյութեր