211652_close_icon

«Սասուն» ջոկատի հրամանատարը Մարտի 1-ի հանրահավաքին չմասնակցելու առաջարկ չի արել․ Ժողովուրդ

views-count1396 դիտում article-date 09:37 19-02-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ տեղեկություն էր հրապարակվել, թե դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար, աշխատանքային խմբի անդամ Սասուն Միքայելյանն առաջարկել է ազատամարտիկներին չմասնակցել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին։ Նույն խմբի անդամ Լևոն Ետարյանը, որը ներկա է եղել այդ նիստին, «Ժողովուրդ»-ին բացատրեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել. –Պարոն Ետարյան, խնդրում եմ նշեք, թե դաշտային հրամանատարների ռազմական խորհրդի ժամանակ ի՞նչ է քննարկվել ու ի՞նչ որոշում է կայացվել։ –Տեղեկացնեմ, որ աշխատանքային խմբի նիստում եղել է երկու առաջարկություն: Առաջին, մինչև փետրվարի վերջը հրավիրել համաժողով՝ բոլոր ազատամարտիկների մասնակցությամբ: Երկրորդ, առաջարկվել է որոշում կայացնել և հայտարարություն տարածել այն մասին, որ դաշտային հրամանատարների ռազմական խորհուրդը մասնակցելու է մարտի 1-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին։ Երրորդ առաջարկն էլ եղել է Սասուն Միքայելյանի կողմից, որ որոշում չկայացվի մասնակցելու ՀԱԿ-ի հանրահավաքին, այլ ամեն մեկն իր ցանկությամբ թող գնա, մասնակցի։ –Ինչո՞ւ է Միքայելյանը նման առաջարկ արել։ –Նա բացատրեց, որ մեր պայմանավորվածության համաձայն՝ այս միավորումը պետք է լինի ապաքաղաքական։ Այս պայմանավորվածությունը եղել է առաջին օրվանից։ Միքայելյանն ասաց, որ եթե մենք չունենք ստեղծված միավոր ոչ իրավաբանորեն, ոչ էլ փաստացի, ի՞նչ հայտարարության մասին է խոսքը, ո՞ւմ անունից դա պետք է արվի։ Հատկապես որ դրանով կխախտվի ձեռք բերված առաջին պայմանավորվածությունը։ Դեռ միավորումը չկայացած արդեն քաղաքականացնում եք։ Դրա համար էլ նա չմասնակցեց քվեարկությանը։ –Իսկ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի՝ մարտի 1-ի հավաքի մասին ընդհանրապես ի՞նչ է խոսվել աշխատանքային խմբում։ –Բոլոր նիստերի ժամանակ էլ ընդհանրապես նման խոսակցություն չի եղել։ Սաղ սուտ բաներ են գրում։ Ըստ թերթի զրուցակցի՝ Ս. Միքայելյանն.առաջարկել է միավորման համար նախագահ չընտրել, ունենալ խորհուրդ կամ աշխատանքային խումբ, որը կղեկավարի համախմբված ազատամարտիկներին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր