211652_close_icon

Շենգավիթի ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. 44-ամյա տղամարդու ավտոմեքենայում հայտնաբերվել են կասկածելի թմրանյութեր

views-count31005 դիտում article-date 23:07 10-04-2025
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, համայնքային ոստիկանության ստեղծման օրվանից, ակտիվ պայքար են տանում տարբեր բնույթի հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ։

Այդ ամենի մեջ է մտնում նաև պայքարը բոլոր տեսակի հանցատեսակների դեմ, այդ թվում՝ ապօրինի թմրամիջոցների շրջանառության տարածման դեմ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 10-ին հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում ոստիկանության Շենգավիթի բաժնում, որ Ներքին Շենգավիթի բնակիչներից 44-ամյա Մհեր Մ.-ն իր կողմից շահագործվող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայում թմրամիջոցներ է պահում։

Կարճ ժամանակում ոստիկանները պարզում են նրա գտնվելու վայրը, ինչից հետո համայնքային ոստիկանները մեկնում են նրա ենթադրյալ գտնվելու վայրը, որտեղից էլ թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին։

Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվում, սակայն Մհեր Մ.-ն հայտնում է, որ ավտոմեքենայի սրահում կա 2 տուփ դեղահաբ, «մարիխուանա» տեսակի թմրանյութ, ներարկիչ, սպիտակ փոշենման զանգված և մեթադոնի լուծույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով, Մհեր Մ.-ն հայտնել է, որ այդ ամենը պատկանում է իրեն և իր օգտագործման համար է։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք, դեպքի փաստով էլ ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր