211652_close_icon
views-count1580 դիտում article-date 11:59 21-02-2014

Մենք կանք, քանի դեռ խոսում ենք հայերեն. Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը՝ Մայր լեզվի օրվա առթիվ

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրենի լեզվի օրվա առթիվ. «Հայրենիքում և Սփյուռքում ապրող իմ սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս մեր Մայրենիի՝ մեր Ոսկեղենիկ ու Մեծասքանչ լեզվի տոնի առթիվ: Տոն, որ համայն հայությանն է և կրում է հայի ինքնության պահպանման խորին խորհուրդը: Համաշխարհայնացման համահարթեցման տարերքի դիմաց ամենից առաջ հայոց լեզուն է ազգային ինքնապաշտպանության գրավականը, աշխարհի տարբեր կողմերում բնակության հաստատած հայորդիների ազգային պատկանելության կարևոր վկայությունն ու համախմբվածության կարևորագույն կռվանը: Ոստի այսօր ավելի քան անհրաժեշտ է աշխարհասփյուռ հայության համահավաք ներուժն ուղղորդել հատկապես մայրենի լեզվի պահպանմանն ու տարածմանը: Երիցս ճշմարտացի է Ավետիք Իսահակյանը, որը նշում է. «Լեզուն փոխարինել է և՛ պետությանը, և՛ բանակի, և՛ բերդի: Ժողովուրդների պատմական փորձն ապացուցեց, որ երբ մի ոտնահարված, ստրկացած ծողովուրդ պահում է իր լեզուն, նա ունի իր ազատության բանալին իր ձեռքում»: Մենք հինավուրց ժողովուրդ ենք և դարերով մեր լեզուն ու խոսքն է, որ պահել ու պահպանել է ազգը: Այսօր աշխարհի որ մասում էլ լինենք, պարտավոր ենք մեր ընտանիքներում խոսել հայերեն, ունենալ հայեցի դաստիարակություն, տան, ուսումնական հաստատությունների, հեռուստատեսության ու մամուլի անաղարտ լեզվով հայ երիտասարդի մեջ սերմանել մայրենիի նկատմամբ անսահման սեր, սրբացնել այն: Շատ լեզուներ իմանալը մեծ հարստություն է, բայց մայր լեզուն կորցնելը «ես»-ի կորուստ է: Մեր երիտասարդներին պետք է առաջնորդի այն գիտակցությունը, որ լեզուն մտածողություն է, ազգի արժեքն է, հետևաբար՝ ազգի ինքնությունը, դեմքը: Հավատարիմ մնանք մեր արմատին, մեր գենին, «Մենք կանք, քանի դեռ խոսում ենք հայերեն» կարգախոսին: Շնորհավորենք այսօր մեկմեկու Մայրենի լեզվին նվիրված պետական տոնի առթիվ և մեծարենք ու փառաբանենք մեր մեծասքանչ մայրենին՝ ամենուրեք խոսելով հայերեն: Յուրաքանչյուր հայի թող կտակի իր որդուն և թոռանը՝ լինել լեզվասեր և ազգասեր, տիրապետել հայերենի«:

Նմանատիպ նյութեր