1890 դիտում
18:47 01-03-2014
Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից. Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը
Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը [b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է ստորեւ.
«Արդեն 5-րդ անգամն է, ինչ մենք նշում ենք 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձության տարելիցը, սակայն կրկին ստիպված ենք արձանագրել, որ հակառակ մեր հասարակության և միջազգային հանրության թափած ջանքերին՝ այդպես էլ մինչ այժմ չի կատարվել ԵԽԽՎ չորս բանաձևերի պահանջը` ոճրագործության հետ կապված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու և զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ։ Գիտակցելով, որ մարտի 1-ը ոչ միայն զոհերի հարազատների անձնական, այլև ողջ ազգի հավաքական ողբերգությունն է, հասարակությունը որևէ պարագայում չպետք է հիասթափվի հարցի լուծման այս աններելի ձգձգումից, այլ ընդհակառակը, պարտավոր է լարել իր բոլոր ջանքերը` արդարադատության լիարժեք իրականացման և, վերջին հաշվով, պետականության վարկի վերականգնման համար։ Թող ոչ ոքի չթվա, թե մարտի 1-ի հարցը իրեն չի վերաբերում. արդարադատության չիրականացման և ոճրագործության անպատիժ մնալու պարագայում նմանատիպ ողբերգության կրկնությունը սպառնում է յուրաքանչյուրին։
Մարտի 1-ի պետական ոճրագործության լիակատար բացահայտումը և զոհերի ընտանիքների նյութական փոխհատուցումը եղել, մնում է և այսուհետև էլ մնալու է Հայ Ազգային Կոնգրեսի ծրագրային ամենագլխավոր խնդիրներից մեկը, ինչը հետևյալ ձևակերպումներով արձանագրված է մասնավորապես «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի 2012 թվականի նախընտրական ծրագրի հիմնադրույթներում. «Ստեղծել լայն լիազորություններով օժտված անկողմնակալ պատգամավորական հանձնաժողովներ`1999թ. հոկտեմբերի 27-ի ու 2008թ. մարտի 1-ի ոճրագործությունների ուսումնասիրման և իրավական հետևանքներ ենթադրող զեկույցների պատրաստման նպատակով» և «Ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով լուծել մարտի 1-ի զոհերի ընտանիքների և հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, ապա գոնե մաս առ մաս, առաջիկա երկու տարվա կտրվածքով»։
Եթե հետևում եք Ազգային Ժողովի աշխատանքներին, ապա, կարծում եմ, կհավաստեք, որ Կոնգրեսի խմբակցությունը՝ հավատարիմ ծրագրային վերոհիշյալ դրույթներին, հետևողականորեն փորձում է կյանքի կոչել դրանք։ Խորհրդարանական գործունեության շուրջ մեկուկես տարվա ընթացքում խմբակցությունը երկիցս (30.11.2012թ. և 24.01.2014թ.) հանդես է եկել մարտի 1-ի ոճրագործությունն ուսումնասիրող պատգամավորական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, բարձրացրել է «Բռնությամբ կատարված հանցագործություններով տուժողներին փոխհատուցում տալու մասին» Եւրոպական կոնվենցիան վավերացնելու հարցը (13.10.2012թ.), ներկայումս նախապատրաստում է այդ կոնվենցիայից բխող ՀՀ օրենքի նախագիծը, որը շուտով շրջանառության մեջ կդրվի Ազգային Ժողովում, ինչպես նաև օրերս, արդեն ոչ իշխանական մյուս խմբակցությունների հետ համատեղ, 3-րդ անգամ Ազգային Ժողովի առջև է դրել մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման պահանջը։
Խորհրդարանի շրջանակից դուրս, Հայ Ազգային Կոնգրեսը մարտի 1-ի հարցը շարունակում է հետապնդել նաև միջազգային ասպարեզում, ինչի վկայությունն է, մասնավորապես, ԵԽԽՎ վերջին նստաշրջանում Մոնիթորինգի հանձնաժողովին Լևոն Զուրաբյանի կողմից արված հետևյալ առաջարկը. «Զեկույց պատրաստելու համար զեկուցող նշանակել, որը կուսումնասիրի ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժ կիրառելու դեպքերը Հայաստանում և Ուկրաինայում, կմշակի նման դեպքերում միջազգային անկախ հետաքննություն իրականացնելու արդյունավետ մեխանիզմներ, ինչպես նաև օրենսդրական երաշխիքներ կառաջարկի` ապագայում ցուցարարների դեմ մահաբեր ուժի կիրառումը կանխելու նպատակով» (30.01.2014թ.)։
Հավաստիացնում եմ, որ Հայ Ազգային Կոնգրեսը լի է վճռականությամբ` մինչև վերջ հասցնելու մարտի 1-ի խնդիրը` դրա պարտակումը համարելով ոչ միայն սրբապղծություն զոհերի հիշատակի հանդեպ, անբարոյականություն նրանց հարազատների նկատմամբ, այլև պետականության հիմքերը խարխլող զազրելի հանցագործություն, որը հասարակությունն իրավունք չունի մոռանալու կամ ներելու։ Մարտի 1-ի զոհերի հիշատակին մեր խորին հարգանքի և դառն ափսոսանքի տուրքը մատուցելուց հետո այժմ անցնենք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի համառոտակի քննությանը։
Թեև Հայ Ազգային Կոնգրեսի նախորդ հանրահավաքից անցել է ընդամենը 10 ամիս, բայց այդ կարճ ժամանակամիջոցում տեղի են ունեցել այնպիսի լուրջ, եթե չասենք փոթորկալից իրադարձություններ, որոնք հիմնովին փոխել են մեր երկրի մթնոլորտը։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ այդ իրադարձությունների արդյունքում այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ երկրում, քան սրանից 1 տարի առաջ։ Այս իրողությունն ընկալելու համար անհրաժեշտ է կատարել որոշ կարևոր արձանագրումներ, որոնց մի մասը թեև արդեն արված է ուրիշների կողմից, բայց ամբողջականության նկատառումով դրանց կրկնությունն ավելորդ չպետք է համարել, մանավանդ այսպիսի լայն լսարանի առջև։
Եւ այսպես, 1. Զգալիորեն թանկացան գազի և էլեկտրաէներգիայի սակագները (առաջինը 30, իսկ երկրորդը` 20 տոկոսով)՝ ավելի ևս ծանրացնելով բնակչության առանց այդ էլ թշվառ վիճակը։ Իշխանությունները մեծահոգաբար հայտարարեցին գազի գնի մասնակի սուբսիդավորման մասին, ինչը, սակայն, ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական խաբկանք կամ մեքենայություն, քանի որ միևնույն է, սուբսիդավորումը կատարվելու է ոչ թե նրանց գրպանի, այլ պետական բյուջեի, այսինքն կրկին ժողովրդից գանձված եկամուտների հաշվին։
2. Երևանի քաղաքապետարանի և Ազգային Ժողովի մակարդակով որոշումներ կայացվեցին` համապատասխանաբար տրանսպորտի վարձավճարների բարձրացման և «Կուտակային կենսաթոշակային համակարգի» ներդրման վերաբերյալ։ Թեև համաժողովրդական բողոքի ալիքի ճնշման տակ այդ որոշումների կիրառումը մասամբ և ժամանակավորապես կասեցվեց, սակայն դա դեռևս չի նշանակում, որ իշխանությունները հրաժարվել են իրենց մտադրությունից և սեփական դիրքերի ամրապնդման պարագայում չեն իրականացնի այդ մտադրությունը։
3. Ընդդիմության գրագետ քայլերի և համառ ջանքերի շնորհիվ բացահայտվեց Ռուսաստանից մատակարարվող գազի դիմաց Հայաստանի իշխանությունների կողմից գաղտնաբար կուտակված 300 միլիոն դոլարի հասնող պարտքի խայտառակ փաստը, ավելի ճիշտ` պետական մակարդակի հանցագործությունը։ Այդ պարտքը փակելու համար Հայաստանի կառավարությունը «Գազպրոմ»-ին զիջեց «ՀայՌուսգազարդ»-ի իրեն պատկանող 20% բաժնեմասը՝ զրկվելով երկրի գազային համակարգի վերահսկողության վերջին լծակից, ինչպես նաև «Գազպրոմ»-ի հետ կնքեց երկարաժամկետ մի ստրկական պայմանագիր, որի նմանը թերևս չի եղել Եւրոպական տերություններին Օսմանյան կայսրության զիջած կոնցեսիաների ժամանակներից ի վեր, որոնցով, բացի տնտեսական արտոնություններից, նաև էքստրատերիտորիալ իրավունք էր շնորհվում օտարերկրյա ընկերություններին։
4. Օրենսդրության կոպտագույն և բազմակի խախտումներով Ազգային Ժողովի շրջանցմամբ մասնավորեցված Որոտանի կասկադն առանց մրցույթ հայտարարելու և իրական արժեքից անհամեմատ ցածր գնով՝ 180 միլիոն դոլարով վաճառվեց ամերիկյան երկու ընկերությունների։ Հայաստանը, այդպիսով, կորցրեց իր էներգետիկ համակարգի պետությանը պատկանող վերջին նշանակալի հանգույցը, ինչը ոչ այլ կերպ, քան դարի հանցագործություն, չի կարելի կոչել։ Նորանոր հարկատեսակների, պարտադիր ապահովագրումների և չդադարող թանկացումների միջոցով ժողովրդի վերջին լուման կորզող իշխանությունը օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ, պետության գանձարանից հափշտակեց 180 միլիոն դոլար, քանի որ այդ գումարը ոչ թե մուտքագրվել է Հայաստանի բյուջե, այլ Արդարադատության նախարարի հավաստմամբ, իբրև թե, փոխանցվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» կոչվող «կոնսպիրատիվ» մի ընկերության հաշվեհամարին։ Հանցագործության աստիճանը պատկերացնելու համար ավելորդ չէ նշել, որ Հայաստանի նման երկրի համար 180 միլիոն դոլարը փոքր գումար չէ՝ նկատի ունենալով, որ այն կազմում է երկրի այս տարվա բյուջեի եկամտային մասի շուրջ 7%-ը։ Ի դեպ, հակառակ մամուլում հնչած որոշ պնդումների, չեմ կարծում, որ ամերիկյան ընկերություններն այս հանցագործության հետ որևէ կապ ունեն. նրանք օրինական կարգով բանակցել են Հայաստանի կառավարության հետ և գումարը փոխանցել այն հաշվեհամարին, որը նրանց տրամադրվել է վերջինիս կողմից։ Արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է ավելացնել, որ ամերիկյան ընկերությունների հետ կնքված գործարքն ինքնին կարող է նաև որոշակի դրական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար` երկրի էներգետիկ համակարգը մոնոպոլիայի վերածվելու վտանգից զերծ պահելու և այդ համակարգում ցանկալի մրցակցություն ձևավորելու տեսակետից։ Դրանով հանդերձ, 180 միլիոն դոլարի վերադարձը պետական բյուջե պետք է դառնա հասարակության, քաղաքական ուժերի և խորհրդարանի կողմից գործադիր իշխանության առջև դրված հրամայական պահանջը։
5. 4 տարի շարունակ Եւրոասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին և պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը։ Ընդամենը ամիսներ առաջ նրանք երդվյալ արևմտամետ ու Եւրաինտեգրման ջատագովներ էին, իսկ այսօր նույնքան երդվյալ ռուսամետ ու Մաքսային միության ջատագով են դարձել այն աստիճան, որ իրենց անսահմանորեն շոյված են զգում, երբ ռուս պաշտոնյաները ոչ միայն զարմանում, այլ նաև հիանում են իրենց փութաջանությամբ, ինչպես նախկինում շոյվում էին Արևմուտքի շռայլած գովեստներից։
Հայաստանի իշխանությունների այս ակնթարթային կերպարանափոխությունը, գավառամտության արտահայտություն լինելուց առավել, բացատրվում է այն պարզ իրողությամբ, որ եթե առաջ նրանք համարում էին որ իրենց օրինակարգության (լեգիտիմության) ճանաչումը կախված է Արևմուտքից, ապա այսուհետև այն կախված է լինելու Ռուսաստանից։ Բայց սա, եթե կուզեք, սոսկ հարցի բարոյական կողմն է, որը նույնիսկ կարելի է զանց առնել։ Սրանից շատ ավելի կարևոր է, անշուշտ, հարցի մյուս` քաղաքական կողմը։ Խոսքը բոլորովին չի վերաբերում Եւրոմիության և Ռուսաստանի միջև կատարված ընտրությունը դրական կամ բացասական գնահատելուն, այլ այն նվաստացուցիչ ու վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանը փաստորեն Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչի վկայությունն է, թեկուզ, վերը հիշատակված գազային պայմանագիրը։
6. Ամենամտահոգիչ խնդիրը, սակայն, շարունակում է մնալ չդադարող, կամ ավելին, արագացող արտագաղթը։ Պաշտոնական տվյալներով` 2013 թվականին Հայաստանի բնակչությունը նվազել է ևս 31 հազար, իսկ ըստ Սերժ Սարգսյանի՝ հնարավոր է անգամ 46 հազար մարդով։ Այդ տվյալները չվիճարկելու պարագայում անգամ անհնար է չսարսափել արտագաղթի չափերի ներկայացրած վտանգից։ Հետևաբար, պետականության պահպանման և հզորացման տեսակետից այնքան էլ կարևոր չէ` Հայաստանը Եւրոասոցացման համաձայնագրի, թե Մաքսային միության անդամ է դառնում։
Նախընտրելի է այն միությունը, որն առավելագույնս կապահովի հայերի բարգավաճումը սեփական հայրենիքում և կնպաստի Հայաստանի բնակչության աճին։ Որովհետև քաղաքական միություններն անցողիկ են, իսկ ազգը` մնայուն։ Հողը պատկանում է այն ժողովրդին, որը բնակվում է այդ հողի վրա։ Ուստի, ինչպես անցյալում, Հայաստանի համար այսօր չկա ավելի կենսական խնդիր, քան դեմոգրաֆիան, ինչը, սակայն, դժբախտաբար, առայժմ քչերն են գիտակցում։
Բացի, սակայն, թվարկված մտահոգիչ արձանագրումներից, վերջին շրջանում Հայաստանի ներքին կյանքում առկա են նաև լավատեսության հույս ներշնչող որոշ դրական տեղաշարժեր, որոնցից ես կառանձնացնեի հատկապես հետևյալ երեքը.
1. Դրանցից առաջինը քաղաքացիական նախաձեռնությունների և բողոքի ցույցերի աննախադեպ ծավալումն ու ավելի կազմակերպված և զանգվածային դառնալու միտումն է, ինչով աչքի են ընկնում մասնավորապես Տրանսպորտի վարձավճարների թանկացման և Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումները։ Դրանք թե՛ որակապես, թե՛ զանգվածայնությամբ էականորեն տարբերվում են սոցիալական, տնտեսական, մշակութային, բնապահպանական, քաղաքաշինական, իրավական զանազան խնդիրների շուրջ ձևավորված բոլոր նախկին քաղաքացիական շարժումներից` Բուզանդի փողոց, Օտարալեզու դպրոցներ, Տաքսու վարորդներ, Ոսկերչական շուկա, Նաիրիտ գործարան, Մաշտոցի պուրակ, Փակ շուկա, Թեղուտ, Ամուլսար, Թուխմանուկ, Կոմիտասի 5, Ավիացիայի ոլորտի աշխատակիցներ, Բանակում զոհված զինծառայողների հարազատներ, Ազատամարտիկների իրավունքներ և այլն։
Օգտվելով քաղաքացիական ակտիվության մասնատվածությունից՝ իշխանություններին մինչ այժմ հաջողվել է առանձին-առանձին մարել կամ ճնշել այդ շարժումների մեծ մասը, բացառությամբ թերևս Մաշտոցի պուրակի։ Մինչդեռ Տրանսպորտի վարձավճարների թանկացման և Պարտադիր կուտակայինի դեմ ծավալված հզոր քաղաքացիական նախաձեռնությունների հանդիման նրանք հայտնվել են շփոթության մեջ և առայժմ ընկրկել` ժամանակավորապես կասեցնելով իրենց կայացրած որոշումների կիրառումը։ Այդ նախաձեռնությունների վերջնական հաջողությունը կախված է նրանց հետևողականությունից ու հետագա ծավալումից, ինչպես նաև մի այլ կարևոր հանգամանքից, որի մասին կխոսեմ քիչ հետո։
2. Դրական տեղաշարժերից հաջորդն, անշուշտ, Ազգային Ժողովի ոչիշխանական խմբակցությունների` վերջին շրջանում դրսևորած սերտ և բեղմնավոր համագործակցությունն է, ինչի շնորհիվ իշխանությունները քաղաքական դաշտում, բառիս բուն իմաստով, հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ 1999 թվականից հետո առաջին անգամ Հայաստանի օրենսդիր մարմինը հիրավի վերածվել է իրական խորհրդարանի, այն է` լուրջ քաղաքական քննարկումների և բանավեճերի թատերաբեմի։ Առաջին անգամ խորհրդարանական ընդդիմության գործողությունները դարձել են հետևողական ու համակարգված, իշխանություններին ուղղված քննադատությունը` հիմնավոր, նրանց ապօրինությունների բացահայտումը` փաստարկված։ Առաջին անգամ ընդդիմադիր ուժերը Ազգային Ժողովի քվեարկությունների ընթացքում կարողանում են ապահովել 40-50 քվե։
Ճիշտ է, իշխող մեծամասնությանը կոճակների օգնությամբ առայժմ հաջողվում է խափանել ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, բայց ամեն մի այդպիսի «հաջողություն» ոչ թե ավելացնում, այլ շագրենի կաշվի էֆեկտով աստիճանաբար սպառում է այդ մեծամասնության էներգիան։ Ոչիշխանական խմբակցություններն, ուստի, վհատվելու հարկ չունեն և պետք է նույն թափով շարունակեն իշխանություններին ռմբակոծել իրենց օրենսդրական նախաձեռնություններով, հարցապնդումներով, արտահերթ նիստերի գումարման պահանջներով, Սահմանադրական դատարանին հասցեագրված հայցերով։ Պետք է քաջ գիտակցեն, որ, միևնույն է, անկախ քվեարկությունների արդյունքներից, իրենց պատգամները հասնում են քաղաքացիներին, մեծապես ազդում հասարակական կարծիքի վրա և վերջին հաշվով թուլացնում իշխանության դիրքերը` հասունացնելով այն պահը, երբ վերջինս բոլորովին մենմենակ է հայտնվելու ողջ ժողովրդի առջև, ինչպես դա տեղի ունեցավ Լիբիայում, Եգիպտոսում, իսկ օրերս նաև Ուկրաինայում։ Այս առիթով ամենայն անկեղծությամբ և առանց խանդի զգացման ուզում եմ հայտարարել, որ եթե վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքական օրակարգը ձևավորում էր Հայ Ազգային Կոնգրեսը, ապա այսօր միանշանակորեն այդ օրակարգը ձևավորում է Ազգային Ժողովի ոչիշխանական խմբակցությունների «հրաշալի քառյակը»։
3. Որպես կարևորագույն դրական տեղաշարժ պետք է գնահատել նաև հասարակական գիտակցության մեջ քաղաքացիական և քաղաքական շարժումների հակադրման արհեստածին գաղափարի հաղթահարման միտումը, ինչի վառ ապացույցն են «Դեմ եմ» շարժման և խորհրդարանական ոչիշխանական խմբակցությունների սերտ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների անցկացումը։ Անհրաժեշտ է մեկանգամընդմիշտ հասկանալ, որ քաղաքացիականն ու քաղաքականը ոչ թե իրարամերժ, այլ միմյանց փոխլրացնող ու հզորացնող երևույթներ են, և որ դրանց հակադրումը ձեռնտու է միմիայն բռնապետական ռեժիմներին։ Եթե այս պարզ ճշմարտությունը չհասկացվի, ո՛չ քաղաքական կուսակցությունները, ո՛չ էլ քաղաքացիական շարժումները որևէ հաջողության չեն հասնի` ի մեծագույն հաճույս այդ ռեժիմների, որոնք էլ հաճախ հրահրում կամ խորացնում են քաղաքացիականի և քաղաքականի հակադրումը։ Ուժեղ արհմիությունների և անկախ դատարանների բացակայության պայմաններում քաղաքացիական կամ սոցիալական շարժումները դատապարտված են կա՛մ քաղաքականանալու, կա՛մ մարելու։ Ես ամենևին չեմ կասկածում, որ Հայաստանում հասուն քաղաքացիական նախաձեռնություններից շուտով ծնվելու են լուրջ քաղաքական գործիչներ, ինչպես աշխարհի շատ երկրներում ծնվել են, օրինակ, բնապահպանական շարժումներից։
Իսկ այժմ, անցնելով Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքներին, անհրաժեշտ է նախ և առաջ պարզել, թե ինչպիսի խնդրի առջև է այսօր կանգնած մեր երկիրը։ Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ Եւրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։ Ըստ այդմ, թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որևէ քաղաքական ուժ, իր հաշվարկները կատարելիս այսուհետև պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների։ Այս իրողության հաստատմամբ, ինքնաբերաբար, տրվում է նաև մեր դրած հարցի պատասխանը, այն է՝ Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջև, որը, թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնելու նվազագույնի։
Այստեղից ինքնըստինքյան ծագում է հաջորդ հարցը. արդյո՞ք Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմն այն իշխանությունն է, որն ի վիճակի է իրագործելու այդ դժվարին առաքելությունը։ Եթե այս հրապարակում կամ դրանից դուրս կգտնվի մեկը, որն անկեղծորեն կպատասխանի «այո՛», ես կզարմանամ։ Այսպիսի առաքելություն իրագործելու համար սարգսյանական ռեժիմին առաջին հերթին պակասում է հենց ազգային շահի գիտակցությունը։ Ազգային շահի գիտակցություն ունեցող իշխանությունն այդքան քամահրանքով չէր վերաբերվի սեփական ժողովրդին, անխնա չէր կողոպտի պետության հարստությունը, չէր դատարկի Հայաստանն ու Արցախը, բռնությամբ չէր ճզմի քաղաքացիների կամարտահայտությունը, չէր գնդակոծի ու զնդանների դատապարտի խաղաղ ցուցարարներին, կասկածի տակ չէր դնի Հայոց ցեղասպանության փաստը, շարունակ չէր ձգձգի Ղարաբաղի հարցի լուծումը և այլն։ Ազգային շահն ու սարգսյանական ռեժիմն, այսպիսով, միանգամայն անհամատեղելի հասկացություններ են, ինչը թերևս Հայաստանի և ողջ հայ ժողովրդի ամենամեծ դժբախտությունն է։
Տպավորություն է ստեղծվում, որ մենք գործ ունենք ոչ թե սեփական ժողովրդի նկատմամբ հոգածու և հարազատ իշխանության, այլ օտար նվաճողների կամ երկրին ուժով տիրացած ավազակախմբի հետ։ Այս խնդրին ես ավելի մանրամասն անդրադարձել եմ իմ վերջին հոդվածում, որի որոշ դրույթներ հարկ եմ համարում կրկին ներկայացնել ձեր ուշադրությանը. «Իր անհաշվենկատ, ավելի ճիշտ` արկածախնդիր քաղաքական դեգերումների պատճառով Սերժ Սարգսյանը, հետևաբար նաև նրա ղեկավարած երկիրը, թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում ձեռք է բերել, մեղմ ասած, անվստահելի գործընկերոջ համբավ։ Ակնհայտ է, որ այդ համբավը վերականգնելու և ազգերի համաշխարհային ընտանիքում արժանի տեղ զբաղեցնելու համար Հայաստանը կարիք ունի համակարգային արմատական բարեփոխումների։ Ակնկալել, որ այդ բարեփոխումներն ի վիճակի է իրականացնել Սերժ Սարգսյանը, հավասարազոր է քաղաքական կուրության։ Սերժ Սարգսյանն ստեղծել է պետական կառավարման մի այնպիսի իդեալական համակարգ, որը լիովին ծառայում է սեփական բարգավաճման և իշխանության պահպանման նպատակին։ Նա հիմար չէ, որ կտրի այն ճյուղը, որի վրա նստած է։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ Սերժ Սարգսյանը չի կարող որևէ դրական քայլ կատարել։ Եւ ընդհանրապես, նա այլևս ճիշտ քայլ չունի։ Շախմատային լեզվով արտահայտված, Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ցանկացած քայլ տանում է դեպի անխուսափելի պարտություն։ Նրա իշխանավարության յուրաքանչյուր օր կորուստ է Հայաստանի և Արցախի համար, ընդ որում` թե՛ ժողովրդագրական, թե՛ տնտեսական, թե՛ նյութական, թե՛ քաղաքական, և թե՛ բարոյահոգեբանական առումներով։ Ցուգցվանգի մեջ հայտնված պարկեշտ շախմատիստը պարզապես հանձնվում է, իսկ անպարկեշտը խաղատախտակը տալիս է մրցակցի գլխին։ Սերժ Սարգսյանն, ահա, կանգնած է այսպիսի երկընտրանքի առջև. այն է` կա՛մ պիտի արժանապատվորեն հանձնվի, կա՛մ էլ` փորձանք բերի հայ ժողովրդի գլխին։ Հետևաբար, ժամանակն է, որ նա խոհեմություն դրսևորի և հրաժարական տա` ժողովրդին հնարավորություն ընձեռելով հիրավի ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու հանրապետության մի այնպիսի նախագահ, որն ի վիճակի լինի միջազգային հանրության աչքում վերականգնելու Հայաստանի` որպես վստահելի և պատասխանատու գործընկերոջ վարկը, առանց որի անհնար է դիմագրավել երկրի առջև ծառացած անթիվ մարտահրավերները։ Հայաստանի ու Արցախի փրկության այլ ճանապարհ գոյություն չունի»։
Չմոռանամ նշել, որ քաղաքական վենդետայի պահը բացառելու համար այդ հոդվածում ես առաջարկել էի նաև` Սերժ Սարգսյանի կամավոր հրաժարականի դեպքում Ազգային Ժողովի կողմից ընդունվելիք հատուկ օրենքով անձի և գույքի լիակատար անձեռնմխելիությամբ օժտել նրան, ինչը լավագույն լուծումը կլիներ թե՛ իր, թե՛ երկրի համար։
Իմ խորին համոզմամբ` իշխանափոխության պահը Հայաստանում լիովին հասունացած է, քանի որ այսօր առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները, որոնք են.
1. Իշխանությունների նկատմամբ համատարած դժգոհությունը կամ նույնիսկ ատելությունը հասել է աննախադեպ մակարդակի, ընդգրկելով հասարակության համարյա բոլոր շերտերը, ինչը վերջերս ունեցած իր հրապարակային ելույթներից մեկում ստիպված էր ակամա խոստովանել նաև ինքը` Սերժ Սարգսյանը, որին, ինչպես միշտ, իսկ այս պարագայում առավել ևս, չհավատալու հիմք չունենք։
2. Երկրի ներսում իշխանությունների նկատմամբ համաժողովրդական դժգոհության ալիքի մեծացմանը զուգընթաց, վերջիններս, անվստահելի ու անպատասխանատու գործընկերոջ համբավ ձեռքբերելով, կարելի է ասել, իսպառ զրկվել են նաև միջազգային հանրության անվերապահ աջակցությունից, որը մինչև վերջերս եղել է նրանց իշխանության պահպանման միակ երաշխիքը։
3. Աստիճանաբար ավելիուավելի կազմակերպված, հետևողական ու զանգվածային բնույթ են ձեռքբերում քաղաքացիական շարժումներն ու նախաձեռնությունները, որոնք ոչ միայն թուլանալու կամ մարելու նշաններ չեն ցույց տալիս ինչպես անցյալում, այլև, ընդհակառակը, առավելապես ծավալվելու և քաղաքականանալու միտում են դրսևորում։
4. Արդեն նշվեց, որ քաղաքական դաշտում և մանավանդ Ազգային Ժողովի շրջանակում սերտորեն համագործակցում և ընդհանուր օրակարգեր են ձևավորում ոչիշխանական չորս խմբակցությունները, որոնց հետագա համատեղ նախաձեռնություններն ու գործողությունները կարող են երկրի ներսում շեշտակիորեն փոխել ուժերի հավասարակշռությունը, հիմք ստեղծելով Հայաստանի քաղաքական համակարգի արմատական վերափոխման համար։
5. Արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաև պետական ապարատի որոշ շերտեր, ինչպես նաև խոշոր գործարարների առանձին ներկայացուցիչներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում, ինչպես դա տեղի ունեցավ, ասենք, Վրաստանում և Ուկրաինայում։ Այս առումով սիմպտոմատիկ պետք է համարել Բարգավաճ Հայաստան կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված պատգամները։ Թերահավատության անխուսափելի արձագանքներին միանգամից հակադարձեմ. ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաև Սահակաշվիլու խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում)։
Ժամանակն է, հետևապես, որ բոլոր քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական շարժումները, պետական ապարատի գիտակից զանգվածը, գործարար աշխարհը հոգով ու մտքով ընկալեն Հայաստանի փրկության համար ներկայումս ստեղծված գերնպաստավոր պահի ողջ իմաստը, որովհետև այդ պահը կորցնելու պատասխանատվությունը ընկնելու է առանց բացառության բոլորիս վրա, իսկ հետին թվով մեղավորներ փնտրելու մեր ազգային ավանդույթը ոչ ոքի ցավը չի ամոքելու, որքան էլ կոլեկտիվ անպատասխանատվության դրսևորումները, որպես կանոն, անպատիժ մնան։
Ես չեմ ուզում այս հանրահավաքում հասարակությանը խաղաղ իշխանափոխության ճանապարհային քարտեզ առաջարկել, հեռու մնալով Կոնգրեսի դաշնակից խորհրդարանական խմբակցություններին քաղաքական օրակարգ թելադրելու մտադրությունից։ Այդ քարտեզը նրանք, Կոնգրեսի խմբակցության հետ, համատեղ պետք է մշակեն, և կարծես-թե այդ ուղղությամբ առաջին քայլերն արդեն արվում են։ Գաղտնիք չէ, որ Հայ Ազգային Կոնգրեսը, ինչպես նախկինում, այժմ էլ ձգտում է ամբողջական իշխանափոխության, այն է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման` գիտակցելով միաժամանակ, որ այդ նպատակին միայնակ հասնել չի կարող, քանի որ դրա համար անհրաժեշտ է մյուս քաղաքական ուժերի աջակցությունը։ Վերջիններս, սակայն, կարծես թե ավելի հակված են հանգրվանային լուծման, այսինքն` նախ պարտադրել կառավարության հրաժարականը, և դրանից հետո միայն մտածել նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին։ Հասարակության և քաղաքական ուժերի ճնշման տակ տեղի ունեցող ցանկացած փոփոխություն դրական դիտելով, Կոնգրեսը այս մոտեցումն էլ ընդունելի է համարում, և ամենևին չհավակնելով առաջատարի դերի, պատրաստ է, հանուն համերաշխության, իր ողջ կարողությամբ համագործակցել մյուս ուժերի հետ` կառավարության հրաժարականին հասնելու հարցում։
Միաժամանակ հարկ եմ համարում հայտարարել, որ Կոնգրեսը ոչ մի պարագայում մտադիր չէ մաս կազմել Սերժ Սարգսյանի ձևավորած որևէ կառավարության, անկախ այն բանից, թե ինչպիսի պաշտոններ մեզ կառաջարկվեն։ Այժմ ես չեմ հայտարարում նաև Հայ Ազգային Կոնգրեսի հաջորդ հանրահավաքի օրը, սպասելով այսօրվա հանրահավաքում հնչեցված պատգամներին քաղաքական մյուս ուժերի տալիք արձագանքին, ինչպես նաև չբացառելով, որ առաջիկայում մենք հասարակության առջև հանդես գանք համատեղ կազմակերպված հանրահավաքով։ Համոզված եմ, որ համարժեք արձագանքի և հասարակական ու քաղաքական ուժերի համախմբման պարագայում, այսօրվա հանրահավաքը կարող է լուրջ քաղաքական գործընթացի սկիզբ դառնալ` սահմանադրական ճանապարհով հանգեցնելով խաղաղ իշխանափոխության և բացառելով բռնության ցանկացած դրսևորում ընդդիմության կողմից։ Մենք եգիպտացիների կամ ուկրաինացիների պես բազմաքանակ ու Ղարաբաղի խնդիր չունեցող ազգ չենք, որպեսզի մեզ քաղաքացիական պատերազմի ճոխություն թույլ տանք։ Գիտեմ, որ իշխանափոխության հարցում Կոնգրեսի մոտեցումը որոշ մարդկանց կամ, այսպես կոչված, «վճռականների» մոտ դժգոհություն է առաջացնում։ Մի անգամ այդ առիթով ես հարկադրված եմ եղել ասելու հետևյալը. «Պետք է մեկընդմիշտ գիտակցել, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր օրակարգն ու մարտավարությունը։ Նա, անշուշտ, չի կարող հաշվի չնստել տարերային տրամադրությունների հետ, բայց պարտադրված չէ նաև դառնալու դրանց պատանդը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ իրականացնում է իր սեփական ծրագիրը։
Անհեթեթություն է կարծել, որ ինչ-որ մարդիկ պետք է գաղափարներ ու ծրագրեր մշակեն, իսկ ուրիշներն իրականացնեն այդ գաղափարներն ու ծրագրերը։ Քաղաքականությունը պատվերով համերգ չէ, որտեղ մեկը պատվիրում, իսկ մյուսը երգում է» (ԼՏՊ, «Վերադարձ», էջ 346)։ Ուստի ոչ ոք մեզ արկածախնդրության դրդելու և մեզանից այլ բան պահանջելու իրավունք չունի։ Այլ բան պահանջողները թող գոնե Շանթի չափ ազնվություն ու քաջություն ունենան և անձամբ իրականացնեն իրենց պահանջները։ Մենք ոչ ոքի խանգարելու մտադրություն չունենք։ Եթե մեզ հետ համաձայն չեն և ուզում են գնալ այլ ճանապարհով, թող գնան։ Բայց եթե դա վերածվի երկիրը վտանգի ենթարկող արկածախնդրության, մենք կտանք դրա գնահատականը։ Իշխանափոխությունը լուրջ գործընթաց է, որը ոչ թե խելահեղ պոռթկում, այլ սառը հաշվարկ, իմաստություն և կարգապահություն է պահանջում։ Համենայն դեպս, հաջորդ հանրահավաքը շատ չի ուշանա և հավանաբար տեղի կունենա այն ժամանակ, երբ 4 խմբակցություններն ԱԺ-ում կբարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը:
Նմանատիպ նյութեր
4835 դիտում
20:23 10-10-2014
Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը
11038 դիտում
12:42 11-10-2014
ՀՀԿ-ական պատգամավորին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը զվարճալի անեկդոտ է հիշեցրել
Այս բաժնից
721 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»