211652_close_icon
views-count1862 դիտում article-date 09:41 04-03-2014

Լոռու մարզում գյուղապետ են ուզում դառնալ նույնիսկ «դեպորտ արված խոպանչիները». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզի մի շարք համայնքներում մարտի 9-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված: Թեկնածուների ցանկն ուշագրավ է՝ մտորումների տեղիք տվող: Գյուղական համայնքների մեծ մասում գյուղապետի թեկնածուներ են առաջադրվել գործազուրկ երիտասարդներից մինչև «դեպորտ արված խոպանչիներ»: Ու եթե այս ամենին էլ գումարենք այն հանգամանքը, որ գյուղերում ավելի շատ ընտրում են ոչ թե կոնկրետ գյուղապետի, այլ ազգական-բարեկամի, և, որպես կանոն, ամենամեծ ազգուտակը հաղթող է դուրս գալիս, ապա արդյունքների և գյուղի ապագայի մասին խոսելն անգամ ավելորդ է: Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնավան համայնքում գյուղապետի թեկնածու են առաջադրվել համայնքի գործող ղեկավար Վաչագան Վարդանյանը, Նորիկ Ավագյանը, Արման Գասպարյանը, նաև համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար Ռազմիկ Գևորգյանը: Գյուղապետի թեկնածու Նորիկ Ավագյանն արդեն իսկ սկսել է նախընտրական քարոզչությունը, սակայն առանց բուկլետների ու պաստառների: Թեկնածուի խոսքով, գյուղում իրեն բոլորն են ճանաչում՝ բուկլետի ու պաստառի կարիք բացարձակ չկա: Չնայած մոտալուտ ընտրության օրվան, Լեռնավանում ամեն ինչ հանգիստ է: Առաջադրված թեկնածուներից երկուսն իրար ազգական են, ընտանիքի մի մասը մի թեկնածուի է ձայն տալու, մյուս մասը՝ մեկ այլ թեկնածուի: Գործող գյուղապետ, գյուղապետի թեկնածու Վաչագան Վարդանյանի հետ մեզ հանդիպել չհաջողվեց, զրուցեցինք աշխատակազմի քարտուղար Հրաչյա Պարսամյանի հետ: Վերջինս նախ խոսեց համայնքի խնդիրների ու արված աշխատանքների մասին, հետո արդեն՝ նախընտրական վիճակի ու իր ղեկավարի շանսերի: Նա փոքր բնակչություն ունեցող գյուղի գյուղապետի համար առաջադրված թեկնածուների թիվը բացատրում է հետևյալ կերպ. «Շատերն ասում են՝ գործ չկա դրսում, դեպորտ են արել, ես էլ թեկնածությունս եմ դրել...»: Աշխատակազմի քարտուղարը չժխտեց, որ գյուղում ավելի շատ ընտրում են ոչ թե կոնկրետ անձի՝ գյուղապետի, այլ իրենց ազգակցին, և, հետևաբար, ով ավելի շատ բարեկամ ունի, նա էլ կանցնի: «Այո, ով մեծ ազգ ունի, նա էլ կանցնի»,-ասաց նա, մանրամասնելով, որ ավելի մեծ ազգուտակ ունի գործող գյուղապետը:»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր