1113 դիտում
16:02 04-03-2014
ԼՂՀ կառավարությունը սահմանել է մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:
Կառավարության որոշումներով երեք տարի ժամկետով երկարաձգվել են <Էկո-ֆարմ> ՍՊԸ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի տեղափոխման, պահպանման և բաշխման, բացթողման ու իրացման գործունեությունների համար տրված լիցենզիաները:
Առողջապահության բնագավառին վերաբերող մեկ այլ որոշմամբ կազմակերպվելու է ԼՂՀ կարիքների համար ինսուլին դեղի գնման գործընթացը: 2014թ. ինսուլինը ձեռք է բերվելու անմիջապես արտադրողից` դանիական «Նովո-Նորդիսկ Ա/Ս» ընկերությունից, ամենացածր գնով` մեկ սրվակի համար 3,33 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Վարչապետը հանձնարարեց գործարքը կազմակերպել այնպես, որպեսզի մատակարարման ժամկետների հետ կապված խնդիրներ չառաջանան:
Նիստում հաստատվել է փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը, սահմանվել է փոխներարկման ենթակա արյան բաղադրամասերի ցանկը:
Բարեգործական ծրագրերի մասին ԼՂՀ որոշման մեջ արված փոփոխությամբ Արցախի կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը ծրագիրը կարող է բարեգործական որակել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նույն հանձնաժողովի կողմից ընդունված որոշումը, եթե ծրագիրն իրականացվի ՀՀ-ի և ԼՂՀ-ի տարածքներում, որի կատարող կողմ կհանդիսանա ԼՂՀ-ում գրանցված իրավաբանական անձը: Եթե ծրագրի իրականացման ընթացքում կնքվում է ենթակապալի պայմանագիր, ապա հանձնաժողովի կողմից նշված գործարքը բարեգործական որակվելու դեպքում ենթակապալառուն օգտվում է հարկային արտոնություններից:
Կառավարությունը հաստատել է 2014 թ. պետական բյուջեով նախատեսված <Ստեփանակերտի տուն-ինտերնատ> ՊՈԱԿ-ի ծառայությունների գնման գծով պետական պատվերը: Մոտ 108 մլն դրամ է նախատեսվում 225 հոգու ստացիոնար և տնային պայմաններում սպասարկման ծառայությունների գնման համար: Կառավարության ղեկավարը պահանջեց խիստ վերահսկողություն իրականացնել մանկատներին ու ծերանոցներին հատկացված պետական միջոցները նպատակային օգտագործելու ուղղությամբ, որպեսզի բացառվեն անթույլատրելի գործողություններ:
Մեկ այլ որոշմամբ հաստատվել է նաև հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման գծով ծառայությունների գնման պետական պատվերը. 10 հեռուստաալիքների ընդգրկմամբ սոցփաթեթի արժեքը կազմում է 240 մլն դրամ:
Խմելու և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորման մասին որոշման համաձայն` <Ջրամատակարարում և ջրահեռացում>, <Քաշաթաղի ջրամատակարարում և <Մարտակերտի ջրային տնտեսություն> ՓԲԸ-ներին պետական միջոցներից կտրամադրվեն 200 մլն դրամ` անցած տարվա 240 մլն-ի փոխարեն: Վարչապետի խոսքով` այս ընկերությունները կունենան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ պատշաճ ջրամատակարարում իրականացնելու, համակարգերի պահպանման, ջրամատակարարման չհավաքագրված գումարները հավաքագրելու համար:
Նիստում գործադիրը սահմանել է նոր կարգ, որով հանվում են տաքսի ուղևորափոխադրումների տարիքային սահմանափակումները: Մինչ այդ` տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված էին ռուսական արտադրության 10, արտասահմանյան այլ արտադրության միայն 15 տարի և ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ:
Կառավարության ընդունած մեկ այլ որոշմամբ ալկոհոլային խմիչքներ արտադրողները հնարավորություն կունենան «2009» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով ապրանքների մնացորդները իրացնել նոր թվագրմամբ դրոշմանիշներով:
«Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներից ելնելով` հարկային ոլորտում հարաբերությունները կարգավորելու նպատակով մի շարք որոշումներում կատարվեցին փոփոխություններ ու լրացումներ: Մասնավորապես, սահմանվել է բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու նոր կարգը:
Նիստում սահմանվել են ԼՂՀ մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները, հաստատվել մշակութային տարածքների ցանկը: Մշակութային են ճանաչվում այն տարածքները, որոնք ավանդաբար ստեղծում են ոչ նյութական մշակութային արժեքներ, առանձնանում են ավանդական բնօգտագործման ինքնատիպությամբ, որոնք ձեռք են բերել հոգևոր, ծիսական և պաշտամունքային նշանակություն և որոնցում առկա են պատմության, մշակույթի և բնության հուշարձաններ: Ըստ այդ չափորոշիչների` ցանկում ընդգրկվել են Շուշի քաղաքը, Ասկերանի շրջանի Պատարա և Ծաղկաշատ, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղերը:
Գործադիրը հաստատել է 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը: Այդ աշխատանքների համար կհատկացվի 247.5 մլն դրամ:
Կառավարության հավանությանն է արժանացել 2014թ. զբոսաշրջության զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Կառավարության ղեկավարը նշեց, որ այդ տարածքներում վճարովի ծառայությունները պետք է իրականացնել բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանելուց հետո միայն, որպեսզի բնակիչները իմանան վճարների գանձման նպատակը:
Կառավարությունը փոփոխություն է առաջարկում <Պետական տուրքի մասին> ԼՂՀ օրենքում, որի համաձայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գրանցման գործարքներում պետությունն այսուհետև ազատվելու է պետական տուրքի վճարից: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև «Իրավական ակտերի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքներում: Նախագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է մտցրել մի շարք որոշումներում` լիցենզավորման մասին ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
1489 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
Այս բաժնից
841 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
859 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
340 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը