8239 դիտում
15:53 13-03-2014
Պետական պաշտոնյան, ով կանխամտածված սպանություն էր կատարել, հոգեբուժարանից տեղափոխվեց Նուբարաշենի բանտ
[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզվի, թե նա կանխամտածված ձևով սպանություն կատարելու ժամանակ եղել է մեղսունա՞կ, թե՞ անմեղսունակ:
Փորձաքննությունն արդեն ավարտվել է, և փորձագիտական հանձնաժողովը եզրակացությունը տալու է 1 ամսվա ընթացքում: Վանաձորում արդեն նրա հարազատներն ու մտերիմները հայտարարում են, թե հանձնաժողովում լուծված է ամեն հարց և նրան «տալու են»՝ որպես շիզոֆրենիկ հիվանդ, որպեսզի ազատվի քրեական պատասխանատվությունից:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ տեղեկությունները հավանաբար նրա հարազատները տարածում են մտածված, և հանձնաժողովն օբյեկտիվ և իրական կներկայացնի փորձաքնության արդյունքները:
Հիշեցնենք, որ Տ. Մելիքյանի նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 25-ին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանը, ում նկատմամբ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակվել էր դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզվի սպանությունը կատարելու պահին Տ. Մելիքյանը, ով հանցագործության պահին աշխատում էր որպես ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ, եղե՞լ էր անմեղսունակ, թե` ոչ: Լոռու մարզում խոսակցությունները չէին դատարում, որ մարդասպանի հարազատներն ու ընկերները փորձում են նախկին պետական պաշտոնյային «գժի թղթով» ազատել քրեական պատասխանատվությունից: Սակայն կային վանաձորցիներ, ովքեր կարծում էին, որ սպանությունը նրա կողմից կատարվել էր կանխամտածված ու հուսով էին, որ քննչական մարմինը օբյեկտիվ նախաքննություն կկատարի, իսկ դատարանն էլ արժանի պատիժ կտա ստահակին:
Մայիսի 25-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության և ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցների, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Վանաձորի ոստիկանություն էր մեղայականով ներկայացել Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Տ. Մելիքյանը աշխատում էր որպես ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քր. Օր-ի 104 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Ըստ ֆոտոլրագրողի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանը դիմել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատարանից խնդրել, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, կալանավորման որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանի նկատմամբ, ով ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ էր։ Դատարանը բավարարել էր ավագ քննիչի միջնորդությունը, իսկ ոստիկանությունն էլ նրա նկատմամբ հայտարարել էր հետախուզում։ Քննչական բաժինը ձեռք էր բերել հիմնավոր ապացույցներ, որ նա մայիսի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի մոտ մի խումբ անձանց ներկայությամբ վիճաբանության մեջ էր մտել Լոռու մարզի Ահնիձոր գյուղի բնակիչ, 35-ամյա Թովմա Մաթևոսյանի հետ, այնուհետև սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր Թ. Մաթևոսյանի կրծքավանդակի ձախ մասին։ Վիրավորը տեղափոխվել էր Վանաձորի հիվանդանոց, որտեղ մահացել էր։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ սպանված Թ. Մաթևոսյանը աշխատում էր Մոտկորի անտառապետ և հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին էր, ով ուներ 2 անչափահաս երեխա։ Այդ օրերին սպանությունը կատարած ու փախուստի դիմած հանցագործի մտերիմներն ու ընկերները սուտ տեղեկություններ էին տարածում, թե իբրև Թ. Մաթևոսյանն էր դանակով հարվածել իր սրտին, սակայն մոռանում էին, որ ոստիկանությունը դեպքի ականատես անձանցից արդեն ցուցմունքներ էր վերցրել, ովքեր հայտնել էին, որ Թ. Մաթևոսյանին նա հարվածել էր սպանելու նպատակով, և եթե Տ. Մելիքյանը հայտնաբերվեր, ապա նրանք այդ ամենը կհայտնեին առերեսման ժամանակ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Տ. Մելիքյանը հայտնաբերվելու դեպքում տեղափոխվելու է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, քանի որ դատարանը, ծանոթանալով ավագ քննիչի միջնորդությանը, այն համարել էր հիմնավորված և խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
13133 դիտում
19:32 25-02-2014
Պետական պաշտոնյան, ով կանխամտածված սպանություն է կատարել, փորձում է քրեական պատասխանատվությունից ազատվել «գժի թղթով»
61560 դիտում
13:08 11-05-2018
Արտակարգ դեպք Երևանում. հարկադիր բուժման մեջ գտնվող 22-ամյա հիվանդը Նուբարաշենի հոգեբուժարանից դիմել է փախուստի