211652_close_icon
views-count14734 դիտում article-date 17:09 15-03-2014

Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի գործը դուրս է եկել բնականոն ընթացքից

Քրեական «հեղինակություն» Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի մոտ ոչ տեսակցություններն են թույլատրում, ոչ էլ թույլ են տալիս հեռախոսից օգտվել, այսինքն` նրա հետ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա արգելանք է դրված: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի պաշտպանը՝ Վարդուհի Էլբակյանը: Նրա խոսքով, գործը զրոյական վիճակում է. ոչ քննիչներն են մոտը գնացել, ոչ էլ նոր հարցաքննություն եւ փորձաքննություն է նշանակվել: Դիտարկմանը, թե դա բնականոն ընթացք է, թե ոչ, ասաց. «Ո՛չ, ես դա բնականոն չեմ համարում: Միգուցե իրենք ինչ-որ բան անում են: Չեմ ասում՝ չեն աշխատում, բայց իմ պաշտպանյալի հետ կապված՝ կարծում եմ, որ ոչ մի ջանասիրություն չի ցուցաբերվում գործի հանգամանքները պարզելու առումով»: Պաշտպանը նաեւ նշեց, որ արդեն պատրաստվում են միջնորդություններով հանդես գալ: «Գտնում եմ, որ հանցակազմ ընդհանրապես չկա, պետք է գործը կարճվի եւ խափանման միջոցը փոխվի: Տիգրան Ասատրյանն առողջական լուրջ խնդիրներ էլ ունի, հետեւաբար նրա՝ կալանքի տակ գտնվելն արդեն վտանգավոր է դառնում: Սրտի հետ կապված խնդիրներ ունի, դրսում էլ է մշտապես բուժվել»,- ավելացրեց Վարդուհի Էլբակյանը: Ավելի վաղ Վ. Էլբակյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ քրեական «հեղինակություն» Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի եւ Արթուր Սաֆարյանի ընտանիքները հիմա էլ ավելի մտերիմ հարաբերությունների մեջ են: Նա հիշեցրել էր, որ Տիգրան Ասատրյանը Արթուր Սաֆարյանի աղջկա կնքահայրն է: «Նրանք ամեն օր են զրուցում, շատ ջերմ հարաբերությունների մեջ են: Տիգրանի կնոջ փոխանցմամբ ես գիտեմ, որ նրանք էլ են զարմացած, որ Տիգրան Ասատրյանը կալանավորվել է: Ընդհանրապես նրանց համար քննարկման թեմա չէ, որ Տիգրանը կարող է առնչություն ունենալ այդ գործին: Ավելին, հիմա ավելի հաճախ են հանդիպում եւ զրուցում, քան նախկինում, որովհետեւ մեկը անդառնալի կորուստ ունի, մյուսն էլ անհայտ պատճառներով հայտնվել է անազատության մեջ»,- պատմել էր պաշտպանը: Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել, որ Արթուր Սաֆարյանի հարազատները համոզված են, որ իրական մեղավորները ազատության մեջ են, ասել էր. «Ես Տիգրան Ասատրյանի մասով կարող եմ ասել, որ այդպես է»:

Նմանատիպ նյութեր