211652_close_icon
views-count21371 դիտում article-date 22:11 17-03-2014

Քասախ գյուղի սկզբնամասում ստահակը վրաերթի է ենթարկել 2 երեխայի ու դիմել փախուստի. երեխաներից 1-ը տեղում մահացել է

Այսօր՝ մարտի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30- 21:00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի սկզբնամասում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի : Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ Նաիրիի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Այս պահին վրաերթի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչները՝ քննիչ Արտակ Բունիաթյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը պարզել է,որ վրաերթի ենթարկվածներից տեղում մահացածը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ 14-ամյա Վաղինակ Թադևոսյանն էր , իսկ մյուս երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները, սակայն ցավոք ստահակի վարած ավտոմեքենայի հարվածն այնքան ուժգին է եղել, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած ու վիրավոր տղան Քասախ գյուղ էին եկել կարատեի պարապմունքի և վերադառնում էին տուն: Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզվում է վիրավոր երեխայի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով փաստի առթիվ քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր