211652_close_icon
views-count1882 դիտում article-date 09:58 18-03-2014

Ծառուկյանը ներքաշվել է իր համար օտար և վտանգավոր գործընթացի մեջ․ 168 ժամ

«168 ժամ»֊ը գրում է. «Ներկայիս քաղաքական գործընթացներին ամենաբնորոշ առանձնահատկություններից մեկը ձևի և բովանդակության անհամապատասխանությունն է: Ոչ իշխանական ուժերի նախաձեռնած գործընթացի կենտրոնում է հայտնվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ֆորմալ առումով՝ ինչպես նա, այնպես էլ՝ նրա ղեկավարած կուսակցությունը կարող են համարվել ցանկացած լուրջ քաղաքական գործընթաց նախաձեռնող ու առաջ տանող միավորը, քանի որ տիրապետում են Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներին՝ փող, փող ունեցող անդամներ, փողի միջոցով՝ հրապարակային ու ընտրական զանգվածներ, քարոզչամիջոցներ, եւ այլն: Ավելին, Գագիկ Ծառուկյանն ունի նաև անձնական բավական բարձր վարկանիշ: Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ հարց է, սակայն իրողություն է, որը չի կարելի հաշվի չառնել: Այսինքն՝ եթե մի կողմ թողնենք գաղափարական, արժեքային, բարոյական ասպեկտները, ընթացիկ գործընթացներում ԲՀԿ-ի մոդերատորությունը նոմինալ առումով արդարացված կարելի է համարել: Բայց ողջ խնդիրն այն է, որ ձեւի մեջ հայաստանյան չափանիշներով լինելով կայացած միավոր, ԲՀԿ-ն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը ձեւին հակադարձ համեմատական չափով զիջում են բովանդակության հարթությունում: Ոչ ԲՀԿ-ն է քաղաքական կուսակցություն՝ բառի բովանդակային ու խորքային իմաստով, ոչ էլ՝ առավել ևս, Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական գործիչ այդ երևույթի՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ֆունկցիոնալ տեսանկյունից: ԲՀԿ-ում, իհարկե, կա բավական քաղաքականացված հատված, որը, սակայն, եւ՛ տեսակարար կշռով, եւ՛ ազդեցությամբ անհամեմատ փոքր է ապաքաղաքական, սակայն ԲՀԿ-ի համար դոմինանտ ռեսուրսին՝ փողին տիրապետող հատվածից»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր