211652_close_icon
views-count1101 դիտում article-date 20:34 19-03-2014

«Բրեյն-ռինգ»-ի ՀՀ վարչապետի գավաթի հաղթող է դարձել Առողջապահության նախարարության թիմը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է եղել «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի եզրափակիչ խաղին: Մրցաշարի հաղթող է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարության թիմը, որը եզրափակիչում առավելության է հասել ՀՀ արտաքին գործերի նախարարության թիմի նկատմամբ: Մրցաշարի երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության թիմը: «ՀՀ վարչապետի գավաթ»-ին արժանացած առողջապահության նախարարության թիմի անդամներին հաղթական գավաթը հանձնել է անձամբ վարչապետ Սարգսյանը: Շնորհավորելով մրցանակակիրներին` վարչապետը կարևորել է նման մրցաշարերի անցկացումը: «Նման մրցաշարերը հասարակության մեջ ձևավորում են այնպիսի միտումներ, որոնք ծառայելու են ինտելեկտուալ կարողությունների ձևավորմանն ու տարածմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը մյուս պետական կառույցների, զանգվածային լրատվական միջոցների թիմերին ևս հրավիրել է մասնակցել այս մրցաշարին: Այս տարի մրցաշարին մասնակցել են պետական 22 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով: «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարը կազմակերպվում է «Գիտակների հայկական ասոցիացիա» և «Քաղծառայողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունների կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ խաղերին և հնարավորինս նպաստել ինտելեկտուալ խաղերի տարածմանը Հայաստանում:

Նմանատիպ նյութեր