211652_close_icon
views-count1266 դիտում article-date 08:36 20-03-2014

Ի՞նչ անվանենք Արարատյան դաշտի արտեզյան ջրերի հետ տեղի ունեցածը. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Ի՞նչ անվանենք Արարատյան դաշտի արտեզյան ջրերի հետ տեղի ունեցածը, եթե ոչ օկուպացիոն շահագործում։ Արտեզյան ջրերն այնպես են շահագործվել, որ դրանց մակարդակն ընկել է մոտ երեք անգամ, այդ աղբյուրներից սնվող գետերն ու լճերը ցամաքում են, ոռոգման ջուրը պակասել է այն աստիճան, որ Արարատյան դաշտավայրը, որից կերակրվում է ողջ Հայաստանը, այլևս մշտական երաշտի վտանգի առաջ է կանգնած։ Իսկ ինչո՞ւ է ստեղծվել այս վիճակը։ Պատճառները, ինչպես ասում են, տեսական չեն, այլ շատ կոնկրետ և հասցեական։ Արարատյան դաշտում առանց հաշվի ու հաշվարկի ստեղծվել են ձկնաբուծական տնտեսություններ, այդ ձկնաբուծական տնտեսություններին հնարավորություն է տրվել բացել անհաշիվ խորքային հորեր, այդ խորքային հորերից ջուրը անխնա լցրել են ձկնաբուծարանները։ Ու քանի որ բուծվող ձկներն անընդհատ թարմ ջրի կարիք ունեն, հնացած ջուրը թավվել է ջրատար համակարգ, դրանցով հոսել դեպի Արաքս գետ, Արաքս գետով Նախիջևան և այսպես շարունակ։ Սրա փոխարեն նոր ջրեր են հանվել Արարատյան դաշտի ընդերքից, և այդպիսով Արարատյան դաշտի ջրառատ ընդերքը դատարկվել է։ Ու հիմա, պարզվում է, Արարատյան դաշտում ոռոգման համար ջուր չկա, Հայկական ատոմակայանի հովացման համար Սևջուր գետում ջուր չկա, բացի դա էլ ձկնաբուծական տնտեսությունները գտնվում են կործանման եզրին։ Ահա այսպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։ Տրամաբանական հարց է ծագում, ի՞նչ անել։ Ինչպես սովորաբար պատահում է նման դեպքերում, կառավարությունը գտել է հարցի պատասխանը։ Դե, իհարկե, ջուր բաց թողնել Սևանից՝ առաջացած դեֆիցիտը ծածկելու համար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր