211652_close_icon
views-count3683 դիտում article-date 20:15 25-03-2014

Այդ անհասկանալի «Տերն ու ծառան»

Կարծիք կա, թե հայ դասականի «Տերն ու Ծառան» հեքիաթը սոցիալական արդարության մասին է, նաև, այն մասին, թե ինչպես կարելի է հաստատել այդ սոցիալական արդարությունը: Սակայն հեքիաթում ակնարկված բանալին իրականում չի կիրառվում: Այստեղից կարելի է ենթադրել, որ այն մերը չէ, կամ հասկանալի չէ: Երկու աղքատ եղբայրներից ավագը ծառայության է մտնում տիրոջ առաջարկած պայմանով, որը ժամանակ էր սահմանում մինչև կկվի կանչելը: Մինչև այդ ժամանակը ով բարկանա, նա 1000 մանեթ տուգանք պիտի տա: Եթե հեքիաթը դիտարկենք սոցիալական արդարության խնդրի լույսով, ապա այստեղ տերը խորհրդանշում է իշխանությունները, ծառան՝ ժողովուրդը: Համենայն դեպս այդպես է եղել այդ հեքիաթի ժամանակներում: Տիրոջ պայմանը կարելի է համեմատել իշխանությունների կողմից ընդունվող, հաստատվող օրենքների, կարգերի հետ, որոնք տարածվում են իշխանությունների և ժողովրդի նկատմամբ հավասարապես: Աղքատ ավագ եղբայրը նկատում է. - Ես որ հազար մանեթ չունեմ ո՞րտեղից տամ: - Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես,-ասում է տերը։ Սա պարտային ստրկության պայմաններից է, ըստ որի պարտքը չվճարողը դատապարտվում էր որոշակի ժամկետով ստրկության: Այդպես տերն ու ծառան կամ իշխանություններն ու ժողովուրդը ընդունում են պայմանը կամ օրենքներն ու կարգը և սկսում գործակցությունը: Ծառան կամ ժողովուրդը ճշտորեն կատարում է իր պարտականությունները, սակայն տերմ անխնա շահագործում է նրան: Ծառան չի դիմանում անողոք շահագործմանը, բողոքի ցույց է անում, բարկանում ու խախտում պայմանը: Եվ քանի որ ավագը իր խոսքի տերն է, ապա 1000 մանեթի պարտամուրհակ է տալիս տիրոջն ու դատարկ վերադառնում տուն: Ճիշտ նույնպես իշխանությունները ճնշում են այն հպատակներին, ովքեր իրենց պարտականությունները պարտաճանաչորեն կատարում են: Սա դաս է լինում փոքր եղբոր համար: Նա մտնում է ծառայության նույն տիրոջ մոտ, բայց կրկնապատկում է պայմանը, ինչը նշանակում է, որ փոքրը չի վախենում պայմանից: Փոքր եղբայրը խորհրդանշում է երիտասարդությունը: Նա ի տարբերություն ավագների, բողոքի ցույց չի անում, չի բարկանում: Փոքրը, առանց պայմանը խախտելու, երբեմն պատշաճ չի կատարում իր պարտականությունները: Փոքր եղբայրը մի կողմ է թողնում տիրոջ նկատմամբ մարդկային հոգատարությունը: Նա չի պահում նաև մասնագիտական պատիվը և խնդիր է դնում բարկացնել տիրոջը, քանի որ պայմանով բարկացողը պարտվում էր: Ավագ եղբայրը կարծում էր, թե պայմանը իրեն չի վերաբերվի, իսկ փոքրը պայմանն իրեն է ծառայեցնում: Հեքիաթում տուժում է ավագը, ով վախենում է օրենքից, կարծում, թե օրենքն իրեն չի առնչվի, կամ իր համար չի: Եվ շահում է փոքրը, ով օրենքը բարձրացնում է իրենից վեր, սևեռվում օրենքի վրա, ապրում օրենքի համար, օրենքով: Ավագը հպատակի պատիվը վեր է դասում օրենքից, իսկ փոքրն արհամարում է հպատակի պատիվը, կեղծ կկվի կանչելու ժամանակ կանխում է կեղծիքն ու պաշտպանում ճշմարտությունը և շահում: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր