1249 դիտում
15:44 31-03-2014
Քեսաբի դեպքերի կապակցությամբ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ուղերձ է հղել միջազգային իրավապաշտպան կառույցներին
Այսօր առավոտյան Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրատապ ուղերձ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտին, Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, Human Rights Watch-ին, Freedom House-ին: Ներկայացնում ենք ուղերձի տեքստն ամբողջությամբ.
«Հարգելի գործընկերներ,
Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից: Ներկայիս տվյալներով եղել են 80 քաղաքացիական զոհեր, բացի այդ, 670 հայ ընտանիքներ և Քեսաբի բնակչության մեծ մասը տարհանվել են հարևան Բասիթ և Լաթաքիա:
Ցավալի է, սակայն, Քեսաբի դեպքերի համանման եղելություն կատարվել է 1909 և 1915 թվականներին, երբ թուրքական զորքերը ստիպել էին հայերին հեռանալ Քեսաբից: Քեսաբի հայերի այսօրվա սպանությունները և տեղահանումն արդեն երրորդն է նրանց պատմության մեջ: Այս դեպքերի հիմքում առկա է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման դիտավորությունը: Այս գործողությունները պետք է ընդունվեն որպես լրջագույն մարտահրավեր և վտանգ միջազգային հանրությանը, ինչպես նաև բոլոր քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին:
Քեսաբի դեպքերը պարունակում են 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիայով և Հռոմի կանոնադրությամբ նախատեսված ցեղասպանության հանցագործության տարրեր և, հաշվի առնելով, որ ցեղասպանության կանխարգելումը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչվել է որպես erga omnes դրույթ, այժմ ավելի քան երբևէ մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջազգային կազմակերպություններին ձեռնարկել մանրակրկիտ հետաքննություն պարզելու թե արդյոք հարևան երկրները կամ այլ պետությունները (մասնավորապես՝ Թուրքիան) որքանով են վերահսկել իրադրությունը Քեսաբում, ինչպիսի պատասխանատվություն են կրում այնտեղ մարդու իրավունքների կոպտագույն խախտումների համար:
Կարեն Անդրեասյան
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան»
Նմանատիպ նյութեր
15572 դիտում
17:18 28-07-2018
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան