4994 դիտում
13:15 01-04-2014
Բացահայտվել են ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում կատարած անձինք. նրանցից մեկն արցախցի է, մյուսը՝ երևանցի
Այսօր՝ ապրիլի 1-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանություն են բերման ենթարկել 2 քաղաքացու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձանցից մեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր գյուղի բնակիչ, 21-ամյա Գոռ Գրիգորյանն է, իսկ մյուսը՝ Երևան քաղաքի Մոլդովական 20 շենքի բնակիչ, 23-ամյա Հայկ Կարապետյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք կասկածվում են մարտի 29-ին Երևանում ԱՄՆ քաղաքացի, Հայ կամավորների միության ռեժիսոր Ալեքս Իգիթբաշյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ: Այս պահին Գ. Գրիգորյանը և Հ. Կարապետյանը ձերբակալված են:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր էին նախապատրաստվում մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին 24-ամյա Ալեքս Իգիթբաշյանը Օրբելի Եղբայրներ փողոցից նստել էր տաքսի, որպեսզի ուղևորվի իր ուզած վայրը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ 2 անհայտ անձինք դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակել էին նրա մոտ եղած ողջ գումարը և բանկային քարտերը: Այդ ամենը կատարվել էր տաքսի ավտոմեքենայի սրահում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Իգիթբաշյանը ԱՄՆ-ի քաղաքացի է և ժամանավորապես բնակվում է Երևան քաղաքի Կողբացի փողոցի 4 շենքում: Նա Հայ կամավորների միության ռեժիսորն է: Ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ հետախուզական-քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակումը կատարած անձանց և տաքսի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: