14027 դիտում
19:46 01-04-2014
Ոստիկանության ավագ օպերլիազորը Mercedes-ով Քյարքիի ոլորաններում 200 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է ժայռաբեկորների վրա, նրան օգնության են հասել քաղաքացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ 35-ամյա Էդգար Մնացականյանն իր կողմից վարած Mercedes մակնիշի 33 PԼ 866 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ -Զանգակատուն ավտոճանապարհի 83 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե և երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր մոտ 200 մետր շրջվելով հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ձորից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի հերթապահ խումբը՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխել են Արարատի հիվանդանոց:
Ժամանել են նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վթարի վայր է ժամանել նաև ՃՈ նշված վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ Դավիթ Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայի գլխիվայր շրջվելու հետևանքով վրայից պոկվել և շպրտվել է գազաբալոնը:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների վարորդ Է. Մնացականյանը ծնունդով Կապան քաղաքից է և աշխատում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, որպես ավագ օպերլիազոր. կոչումով՝ ոստիկանության մայոր է: Հնարավոր է քննիչ Դ. Մարգարյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+