18279 դիտում
22:54 13-04-2014
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում, մեքենան 200 մետր գլորվելով հայտնվել է ժայռաբեկորների վրա. առաքիչը տեղում մահացել է, գործադիր տնօրենը՝ հիվանդանոցում է
Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 73-րդ կիլոմետրի Տիգրանաշեն գյուղի վարչական տարածքում Երևանի Ագաթանգեղոսի փողոցի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Սեդրակյանը, վարելով Ford Transit մակնիշի 636 ՕT 61 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել դեպի հանդիպակաց երթևեկելի գոտի և մոտ 200 մետր շրջվելով` հայտնվել ժայռաբեկորների վրա:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սեդրակյանը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենայի ուղևոր Երևանի Ֆրունզեի փողոցի բնակիչ 31-ամյա Սուրեն Թումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն:
Վիրավորին առաջինը օգնություն է ցուցաբերել «Ավտո դրայվ» հաղորդման անձնակազմը, ովքեր վերադառնալիս են եղել նկարահանումից: Վիրավորին ձորից դուրս են բերել հաղորդման պրոդյուսեր Մխիթար Հովակիմյանն ու արշավախմբի անձնակազմի տղաները՝ խմբի ղեկավար Գևորգ Վլասյանի գլխավորությամբ, իսկ մահացածի դին դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատը, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ քաղաքացիների օգնությամբ:
Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, հրամանատարի տեղակալ Անդրանիկ Շաղոյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Զոհրաբյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածն աշխատում էր Դունո-Մավր ՍՊԸ-ում, որպես վարորդ-առաքիչ, իսկ վիրավոր Ս. Թումանյանը՝ Մանե-Ինտերիեր ՍՊԸ-ի գործադիր տնօրեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+