211652_close_icon
views-count1843 դիտում article-date 20:02 07-04-2014

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ է ունեցել ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում

Ապրիլի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Վիլնյուսում՝ Լիտվայի խորհրդարանի շենքում, մասնակցեց Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովին, որին հրավիրված Էին նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների խորհրդարանների նախագահները: Խորհրդաժողովում ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով` «Միջխորհրդարանական համագործակցությունը Արեւելյան գործընկերության երկրների հետ» թեմայով : Դիմելով ներկաներին` Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Վերջին տասնամյակների ընթացքում էապես աճել է ազգային խորհրդարանների դերը ամբողջ աշխարհում` ներդաշնակորեն փոխլրացնելով ավանդական դիվանագիտությունը: Մենք գնահատում ենք խորհրդարանական ձեւաչափով հանդիպումների յուրաքանչյուր հնարավորություն: Ուրախ եմ, որ մեզ` որպես Արեւելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչների, հնարավորություն ընձեռվեց համատեղ քննարկելու միջխորհրդարանական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաեւ մեր առջեւ ծագած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր: Եվրոպական Միության եւ Արեւելյան գործընկեր երկրների միջեւ ընդլայնվող կապերի շնորհիվ լայն հնարավորություններ են ստեղծվել նաեւ երկկողմ միջխորհրդարանական համագործակցության զարգացման եւ եվրոպական պառլամենտարիզմի լավագույն փորձի փոխանակման համար: Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափը` Եվրանեսթը, մեծապես նպաստել է Եվրոպական խորհրդարանի եւ Հայաստանի Ազգային ժողովի միջեւ համագործակցության խորացմանը: Ձեզ հայտնի է, որ հայկական կողմն առաջիններից է ողջունել Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական վեհաժողով ստեղծելու գաղափարը եւ ի սկզբանե այն դիտարկել որպես փոխվստահության մթնոլորտի ձեւավորման ու տարածաշրջանային լիարժեք համագործակցության հաստատման լավ հարթակ: Հարգելի գործընկերներ, Ինչպես դուք տեղյակ եք, Հայաստանը, առաջնորդվելով իր մի շարք կենսական նշանակություն ունեցող շահերով, հայտարարել է Մաքսային միությանը միանալու իր որոշման մասին: Մաքսային միությանն անդամակցելու հետ մեկտեղ Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Մենք հանձնառու ենք շարունակել Հայաստան-ԵՄ հարաբերությունների առանցքը կազմող խորքային եւ լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները? ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, կառավարության գործունեության թափանցիկության բարձրացմանը, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Հայաստանի Հանրապետությունը անգնահատելի փորձ է ձեռք բերել Եվրոպական միության հետ բովանդակային քննարկումների ընթացքում, որը հիմք է հանդիսանում մեր հետագա համագործակցության համար: Մենք ձգտելու ենք համատեղելի համագործակցության արդյունավետ բանաձեւեր գտնել տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ: Հայաստանը միշտ բաց է եղել համագործակցության համար բոլոր միջազգային հարթակներում, հանդես եկել հօգուտ ինտեգրացիոն գործընթացների, բայց երբեք չանտեսելով երկրի ռազմավարական շահերը, հատկապես փակ սահմանների ու հակամարտության առկայության պայմաններում: 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայացած Արեւելյան գործընկերության երրորդ գագաթնաժողովի ընթացքում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությամբ Հայաստանը վերահաստատեց իր հանձնառությունը էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում: Ինչպես արձանագրված է համատեղ հայտարարությունում` կողմերը համաձայնել են հարաբերությունները կարգավորող իրավական նոր հիմքերի ստեղծման անհրաժեշտության, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի նորացման շուրջ: Առաջիկայում աշխատանքներ են նախատեսվում Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության նոր շրջանակի ձեւավորման ուղղությամբ: Հարգելի բարեկամներ, Համոզված եմ, որ խորհրդարանական փոխգործակցությունն իր ուրույն դերն ունի նաեւ տարածաշրջանային համագործակցությունը խթանելու, գործընկերների դիրքորոշումներն ու մոտեցումներն ավելի հստակ ընկալելի դարձնելու հարցում: Դժբախտաբար, տարածաշրջանի ոչ բոլոր երկրներն են պատրաստակամ լիարժեք ներգրավվածություն ունենալ Արեւելյան գործընկերության բազմակողմ համագործակցության շրջանակներում: Արեւելյան գործընկերության տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը առաջնային կարեւորություն ունի: Միեւնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները եւ պետք է խուսափել դրանց կարգավորման նպատակով մեկ ընդհանրական բանաձեւի կիրառումից: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի: Հայաստանի մոտեցումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին, ինչն արտահայտված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարություններում: Հարգելի գործընկերներ, Վերջին շրջանում ականատես ենք լինում Արեւելյան գործընկեր երկրներից մեկում` Հայաստանի բարեկամ Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումներին: Հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության եւ բազմադարյան բարեկամության ամուր կապերը: Հավատացած ենք, որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջեւ ծառացած մարտահրավերները: Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ խորին համոզմունքս հայտնել առ այն, որ մենք՝ խորհրդարանականներս, հատուկ պատասխանատվություն ենք կրում մեր ժողովուրդների միջեւ երկխոսության եւ բարեկամության ամրապնդման համար: Մենք պետք է ձգտենք ավելի լավ հասկանալ յուրաքանչյուրիս շահերն ու մտահոգությունները, բաց եւ ազնիվ երկխոսության միջոցով զարգացնենք համագործակցությունը, որի հիմքում պետք է լինի արժեքների ընդհանրությունը եւ դրանց վրա հիմնված մեր ապագայի տեսլականը: Միաժամանակ ողջունում եմ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի որոշումը` վեհաժողովի հերթական լիագումար նիստը Երեւանում անցկացնելու վերաբերյալ: Վստահ եմ, որ երեւանյան հանդիպումը նոր կարեւոր հանգրվան կհանդիսանա Արեւելյան գործընկերության շրջանակներում խորհրդարանական համագործակցությունը խթանելու համար»:

Նմանատիպ նյութեր