14155 դիտում
20:18 08-04-2014
Պետական պաշտոնյան հույսը դրել էր «գժի թղթի» վրա, սակայն Նուբարաշենի հոգեբույժները գտել են, որ սպանությունը կատարելու ժամանակ եղել է մեղսունակ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանը, ում նկատմամբ դիտավորյալ սպանություն հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ՀՀ առողջապահության նախարարության Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի կողմից ճանաչվել է առողջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանձնաժողովը գտել է, որ անձին դիտավորյալ սպանության պահին նա եղել է մեղսունակ: Իսկ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում մի քանի վկաներ հայտնել են, որ նա Լոռու մարզի բնակիչ Թովմա Մաթևոսյանին սպանել է դիտավորյալ:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140225193243/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 25-ին, Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց էր տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Մելիքյանը, ում նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քր Օր-ի 104 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:
Նրա նկատմամբ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակվել էին դատահոգեբուժական փորձաքննություն որպեսզի պարզվի սպանությունը կատարելու պահին Տ. Մելիքյանն ով հանցագործության պահին աշխատում էր ՀՀ Բնապահպանության նախարարության բնապահպանության պահպանության տեսուչ, եղել է անմեղսունակ, թե` ոչ և դատահոգեբուժական փորձագիտության եզրակացությունը ստանալուց հետո քննիչը հավանաբար գործը կուղարկի դատարան:
Լոռու մարզում խոսակցությունները չեն դատարում, որ մարդասպանի հարազատներն ու ընկերները փորձում են նախկին պետական պաշտոնյաին «գժի թղթով» ազատել քրեական պատասխանատվությունից:
Սակայն կաին Վանաձորցիներ նաև, ովքեր կարծում են, որ սպանությունը նրա կողմից կատարվել էր կանխամտածված ու հուսով էին, որ քննչական մարմինը օբեկտիվ նախաքննություն կկատարի, իսկ դատարանն էլ արժանի պատիժ կտա ստահակին:
Այսօր՝ ապրիլի 8-ին, խնդրի շուրջ խնդրեցինք մեզ մեկնաբանություն տալ դիտավորյալ սպանված Թ. Մաթևոսյանի հարազատը՝ Դավիթ Մաթևոսյանը, որը ներկայացնում ենք ստորև:
Սույն թվականի ապրիլ 2-ին «Առավոտ» թերթով, ապա նաև համացանցով տարածվել է «Մանրամասներ Թովմա Մաթեւոսյանի սպանությունից» Ադրինե Թորոսյանի ստորագրությամբ նյութը, ուր բավական ուշագրավ ձևով, բնականաբար միակողմանիորեն, լրագրողը շրջանառութան է նետում փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ սպանության մեղադրյալի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանի կարծիքը գործի նախաքննության, քննության, ինչպես ՀԵՆՑ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ վերաբերյալ։ Ուշագրավ է, որ սա արվում է այն բանից հետո, երբ մեղադրյալին դատաբժշկական փորձաքննության միջոցով հոգեկան հիվանդ հռչակելու փորձը ձախողվեց։
Նյութը այսպես է սկսվում.«Անցյալ տարի մայիսի 15-ի ուշ երեկոյան Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գանձակ» սուպերմարկետի դիմաց, տեղի ունեցած դանակահարության հետեւանքով մահացավ Թովմա Մաթեւոսյանը: Դիտավորյալ սպանության հոդվածով այժմ մեղադրանք է առաջադրված Վանաձորի բնակիչ Տիգրան Մելիքյանին: Դեպքից հետո նրան հետախուզում էր հայտարարվել, բայց նա ինքնակամ ներկայացել է իրավապահներին»: Արտաքուստ սա ամենասովորական տեղեկություն է, որ նյութի հեղինակ հանդես եկող Ադրինե Թորոսյանը մատուցում է որպես սեփական, հեղինակային տեքստ, անտեսելով տեքստում, ինչպես այստեղ, այնպես էլ հետագայում, առկա որոշ հստակ փաստաբանական խորամանկություններ, որոնց համար ի՛նքը կարող է պատասխանատվության ենթարկվել (բնական է՝ լիիրավ օգտվելով անմեղության կանխավարկածի իր իրավունքից), քանի որ շարադրանքով խեղաթյուրում է դեպքի և գործի ընթացքը, կարծում եմ նաև՝ խախտում նախաքննության գաղտնիքը։ Այսպես՝ «դիտավորյալ սպանության հոդվածով ԱՅԺՄ մեղադրանք է առաջադրված...» հատվածում Ադրինեն, կարծում եմ, մեղադրանքն ու դրա՝ ըստ օրենսգրքի որ հոդվածով հարուցված լինելու հրապարակման իրավունքը չուներ, իսկ ԱՅԺՄ բառը իրողության հետ որևէ կապ չունի, քանի որ մեղադրանքը ՍՊԱՆՈՒԹՅԱՆ նախ ՄԻԱԿ կասկածյալ, ապա ՄԻԱԿ մեղադրյալին առաջադրված է սպանության փաստը իրավապահներին հայտնի դառնալու պահից, նույն այդ 2013-ի մայիսի 15-ից։ Սա կարծում ենք, ակներև իրողության նենգափոխման խղճուկ փորձ է, հասարարական ռեզոնանսի ապահովման նպատակով արված։ Այսինքն թե՝ մեկին այսօր, ԱՅԺՄ բռնել են ու մեղադրանք են առաջադրում խեղճին։ Ապա նույն մեջբերման հաջորդ հատվածը.«... Դեպքից հետո նրան հետախուզում էր հայտարարվել, բայց նա ինքնակամ ներկայացել է իրավապահներին»։ Այսինքն թե՝ մարդասպանը գնացել ոստիկանության բաժանմամունքի դիմաց կանգնել էր, թե ես այստեղ եմ, իսկ իրավապահներն ասել են, մենք նախ հոտախուզում կհայտարարենք, հետո դու կփախչես Վրաստան, հետո մենք միջացառումների, բացատրական աշխատանքի միջոցով, վրացի իրավապահներին ներառելով օղակը կձգենք այնքան, որ հասկանաս ու գաս, սահմանն անցնես ու ...ԲԱՅՑ ինքնակամ ներկայանաս իրավապահներին։ Ապա Ադրինե Թորոսյանը գրում է.« Այս դեպքը լրատվամիջոցներով ներկայացվեց որպես հայ դասական Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանություն»։ Այստեղ արդեն, ցավում եմ, բայց լրագրողը անհասկանալի հնչերանգով, հասկանալի չէ, թե ինչու, ինչ որ աղոտ մեղադրանք, թե՞ հանդիմանություն է ներկայացնում լրատվամիջոցներին։ Այսինքն Թորոսյանը բացառու՞մ է, թե սպանվողը Հրանտ Մաթևոսյանի եղբոր որդին է, կամ վիճարկում է Հրանտ Մաթևոսյանի դասական լինելը, կամ, քանի որ չի նշել, թե արդյոք մշակույթի ո՞ր ճյուղի ներկայացուցիչ է Մաթևոսյանը, ինքզինքը շանս է տալիս ասելու, թե Մաթևոսյանը պոետ չէ՞, կամ պատմավիպասան չէ՞, կամ կոմպոզիտոր չէ՞։ Կամ, գուցե Ադրինեն իրոք չգիտի՞, թե Մաթևոսյանն ով է։ Չեմ բացառում... Հաջորդած տողն արդեն ուղիղ մեջբերում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, մեղադրյալի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանից։ «Այսինքն՝ կարծես փորձ է արվել ցույց տալ, որ Տիգրանը «Մենք ենք, մեր սարերը» վեպն է սպանել»,- ասում է մեղադրյալի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ Տիգրանին միանգամից մարդասպան հայտարարելով՝ ոտնահարվեց անմեղության կանխավարկածը, մինչդեռ նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ նույնիսկ բուն դեպքը չի հիշում»: Այսինքն՝ կարծես Աթանեսյանը՝ մեջբերված ուղիղ խոսքով, փորձ է անում ճամարտակել և ճոռոմաբանել, միաժամանակ ընդգծելով իր պաշտպանյալի ՄԱՐԴԱՍՊԱՆ լինելը։ Օգտվելով ընձեռված հնարավորությունից փաստաբանին հիշեցնեմ մարդու հիմնարար ու առաջնային մեկ իրավունք՝ ԱՊՐԵԼՈՒ, ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ և նկատեմ, որ իմ կարծիքով, ինքը ոչ միայն կասկածի է դնում կամայական մարդու այս հիմնարար իրավունքը, այլև այս արհեստավարժ բառավարժանքներով, կամ հանուն «փեշակի» արված այս հայտարարությամբ ինքը վարկաբեկում է իրեն, իր մասնագիտությունը և իր զբաղմունքը ու ուղղակիորեն վկայում, որ իր պաշտպանյալն է ՍՊԱՆԵԼ։ Այսքանից հետո անմեղության կանխավարկածից խոսելը, գոնե իր և իր պաշտպանյալի դեպքում, կարծում եմ, անիմաստ է։ Բայց ընդունում եմ, որ դա իրենց իրավունքների շրջանակում է։
Այդուհետև Ադրինեի «հեղինակային» տեքստը, որ զուգորդվում է փաստաբանի հեղինակած մտքերով, քայլ առ քայլ ոտնատակ է տալիս թե նախաքննության գաղտնիքը, թե, կրկին անգամ, մեղադրյալի, սպանվածի, վկաների անմեղության,կանխավարկածները։ Այսպես(ընդգծումներն իմն են).«Փաստաբանն, ի դեպ, նկատում է, որ սկզբում սպանության դրդապատճառ էր շրջանառվում նույնիսկ Թովմայի՝ ընդդիմության տարածքային կառույցի անդամ, ակտիվիստ լինելը, այսինքն՝ ամեն գնով փորձ էր արվում դիտավորություն վերագրել կատարվածին: Նախաքննության փուլում դեռ շատ բան հնարավոր չէ հրապարակել, բայց այս պահին փաստաբանի փոխանցած տեղեկություններով՝ իրողությունը բոլորովին այն չէ, ինչ ներկայացվել է մինչ այժմ: Ոչ ոք չի էլ փորձել խորամուխ լինել դեպքին նախորդած վիճաբանության պատճառների մեջ: Տիգրանը Բնապահպանության տեսչության Լոռու տարածքային բաժնում տեսուչ էր աշխատում, Թովման Մոտկորի անտառապետն էր: Նրանց միջեւ վիճաբանություն էր ծավալվել դեպքից երկու օր առաջ ոստիկանների կողմից առգրավված մեկ բեռնատար փայտի շուրջ: Անտառից ոչ օրինական ճանապարհով բեռնատարով փայտ էին հանել, ինչը հայտնաբերվել էր տեսուչի եւ իրավապահների կողմից: Եվ հերթական բացահայտումից հետո Տիգրանը պատրաստվում էր ստուգում իրականացնել Մոտկորի անտառտնտեսությունում, ինչն արգելում էր Թովման...»:
Եթե ցանկություն ունեք, մտեք լրատվական կայքերը, փորեք նախորդ տարվա արխիվները և (չնչին բացառությամբ համացանցից անհետացած տեղեկատվությունը մի կողմ) նույն այս տեղեկությունը, տարբեր ձևակերպումներով կկարդաք այնտեղ։ Ոչ մի նոր բան։Այսինքն, կարծում եմ, փաստաբանն ու լրագրողը, ձեռք-ձեռքի փորձ են անում առարկայական և ճշմարիտ տեղեկության տպավորություն ստեղծել ու ձևավորել հասարարական կարծիք. «Այստեղից կարող ենք ենթադրել, որ եթե մեկը փորձի մի օր իրոք ստուգի այդ անտառտնտեսությունը, ապա հսկայական չարաշահումներ կբացահայտվեն, ենթադրաբար Տիգրանը որպես տեսուչ կարող է եւ իմանար դրանց մասին»,- ասում է փաստաբանը: Չնայած Տիգրանին տրված ստուգման հանձնարարությունը դեպքից հետո նրա փոխարեն կատարել է մեկ այլ տեսուչ, եւ արդյունքում կազմվել է ստուգման ակտ»: Էստեղ ուզում եմ ասել, բա դե մինչև վերջ արտահոսք տուր ու հրապարակիր ակտի արդյունքերը, մերձավորս, տեսնենք հոգեցունց ի՜նչեր է որսացել հաջորդ տեսուչը, որոնց համար արժեր մարդ կամ «վեպ» սպանել։
ԱՆՉԱՓ հետաքրքիր է, որ նախաքննության նյութերի այս ԱԿՆԵՐԵՎ արտահոսքի վերաբերյալ իրավապահները մինչև այս պահը ինձ հայտնի ՈՉ ՄԻ ՔԱՅԼ չեն ձեռնարկել։
Հետո.«Տեղացիների պատմելով՝ Տիգրանն ու Թովման նախկինում էլ հաճախ են վիճել ապօրինի անտառահատումների շուրջ, փաստաբանի խոսքով՝ անտառապետը բազմաթիվ անգամ տուգանվել է խախտումների համար, եւ ընդհանրապես խնդիր կա՝ այդ անտառտնտեսության հետ կապված, սակայն նախաքննության մարմինը ոչինչ չի անում այն պարզելու ուղղությամբ: «Իսկ դա շատ էական է: Պետք է հասկանանք՝ ինչից էր վախենում Թովման, ինչն էր ուզում նա թաքցնել,- ասում է փաստաբան Աթանեսյանը,- որովհետեւ եթե այնտեղ կան այնպիսի խախտումներ, որոնց հետեւանքով, օրինակ, Թովման կարող էր հայտնվել շատ երկար ազատազրկման պայմաններում կամ դատապարտվել ազատազրկման, ինչու ոչ, նաեւ հասկացվեր, թե ովքեր են այդ ամենի տերերը, եւ ովքեր են ղեկավարում ապօրինի անտառահատումները եւ փայտավաճառքի ամբողջ սեւ շուկան, Թովմայի հարձակումը կարող էր կրել նաեւ մահ պատճառելու նպատակ: Եվ այս դեպքում, եթե նախաքննության մարմինը ճիշտ է, եթե իրոք Տիգրանն է եղել հարվածողը, ապա սա դասական ինքնապաշտպանություն է»...
Ահա ուրեմն, Թովման, անզեն, հարձակվել է, Տիգրանը, զինված, ինքնապաշտպանվել։ Այն էլ ԴԱՍԱԿԱՆ կերպով։ Ահա թե «որտեղ է թաղված «վեպ սպանող» շան գլուխը»։ Չէ՞ որ ԴԱՍԱԿԱՆ բառը, գործի շրջանակներում պիտի միայն ենթադրյալ մարդասպանի ենթադրյալ սպանությանը վերագրվի։
Դասական ինքնապաշտպանություն իրականացրած մարդասպանի «գժի թղթի» վարկածը ՀԻՄԱ, քանի որ տապալվել է և փաստաբանը, իմ կարծիքով, խախտելով նախաքննության էթիկայի կանոնները, հրապարակ է ելել, մի երկու բան ասեմ, թող մտածի.
«...Մինչդեռ նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ նույնիսկ բուն դեպքը չի հիշում» ասում են փաստաբանն ու լրագրողը մարդասպանի մասին, դարձյալ նախաքննության արտահոսք տալով։ Ես, էլ, իմ հերթին, առայսօր գիտեի, բայց հիմա կհրապարակեմ տեղեկությունս, թե մարդասպանը դեպքը չի հիշում, բայց չգիտես ինչու, հիշում է, դեպքից հետո որտեղ է կանգ առել մեքենայով, իջել ու ՔԱՆԻ ԱՆԳԱՄ է ՄԻԶԵԼ։ Ես էլ, տեղացիների պատմելով, գիտեմ, օրինակ, որ Տիգրանն ու Թովման շուրջ հինգ տարի եղել են գործնական-պաշտոնական նորմալ, նույնիսկ բարեկամական հարաբերություների մեջ, իրար տուն հյուր չեն գնացել, բայց հաճախ են հանդիպել ծառահատումների և բնապահպանության ընթացիկ խնդիրները քննարկելու շուրջ։ Որ ընդհանրապես երբևէ մինչև դեպքը չեն վիճել կամ վիճաբանել։ Ես էլ, տեղացիների ենթադրությունը գիտեմ, որ Տիգրանը սեփական կամքով առճակատման, կռվի կամ մարդասպանության չէր գնա՝ վախկոտ էր։ Ստիպել են որ անի։ Ես էլ, տեղացիների պատմելով, գիտեմ, որ ենթադրաբար բռնագրավվել է ոչ թե մեկ բեռնատար, այլ մի քանի և որ այս՝ սպանության գործով որպես վկա անցնող անտառտնտեսության աշխատակիցներ՝ սպանության օրը, մինչև երեկո Երևանում են եղել՝ բացատրությունների։ Եվ որ բեռնատարները բռնագրավվել են ոչ Թովմայի իրավասության տակ գտնվող հատվածում, այլ Երևան մեկնածներից մեկի կամ երկուսի։ Եվ որ բռնագրավումն ու ստուգումը, առանց համապատասխան իրավասու պաշտոնյայի ներկայության, փաստաթղթերի ցուցադրման և պաշտոնական բացատրությունների, չեն կարող և չպիտի համարվեն օրինական։ Եվ որ «էկալոգիայի Տիգոն» ինչպես նրան կոչում են տեղացիները, փորձ է արել, իրավիճակից՝ հատվածի պատասխանատուների բացակայությունից օգտվելով, իրականացնել անօրինական ստուգում, գերազանցել է իր իրավասությունները և ստացել պաշտոնական մերժում տեղում գտնվող անտառտնտեսության ներկայացուցչի՝ Թովմա Մաթևոսյանի կողմից։ Եվ որ «Տիգոն» առհասարակ, կարծես թե, գործուղման ու ստուգման փաստաթղթեր ՊԻՏԻ ունենար, բայց կարծես թե չուներ և իրավապահների՝ ոստիկանության ներկայացուցիչների ներկայությունը նրա գործողություններն ավելի օրինական չէին դարձնում։ Իդեպ, անցյալ տարվա վերոնշյալ լրատվության մեջ, նույն տեղացիների վկայությամբ, առկա է տեղեկություն, որ անտառտնտեսությունում տեղի ունեցած այս իրադարձություններից հետո և սպանությունից մոտ երեք ժամ առաջ, մարդասպանը Վանաձորում ոստիկանության համապատասխան բաժանմունք է ներկայացել, ուզեցել է, առանց անհրաժեշտ պաշտոնական փաստաթղթերի վերցնել իրեն կցված տաբելային ատրճանակը, և ստացել մերժում։ Ես չգիտեմ, արդյո՞ք իրավապահները այս դրվագը կոծկել են, թե կցել նախաքննության գործերին, բայց այդ մասին իմացել եմ տեղացիներից և մամուլից։ Գուցե փաստաբանը կամ լրագրողը խորամուխ լինեն ու պարզեն, թե արդյո՞ք դասական ինքնապաշտպանության նկատառումներով էր տեսուչը ուզում հրազենը վերցնել։
Իդեպ, եթե իրականությանը համապատասխանում է, շատ ուրախ եմ լրագրողի այս տեղեկության համար.«...Անտառտնտեսությունում ստուգում նշանակելու՝ փաստաբանի միջնորդությունը նախաքննության մարմնի կողմից մերժվել է, նա այդ որոշումը բողոքարկել է Շիրակի մարզի դատախազին, նաեւ բողոք է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որ քննիչին պարտավորեցվի ստուգում անցկացնել: Ի դեպ, Լոռու քննչականում քննվող գործը նոր գլխավոր դատախազի նշանակումից հետո, նրա հանձնարարությամբ, միանգամայն անհասկանալի պատճառներով տեղափոխվեց Շիրակի քննչական բաժին: Տիգրան Աթանեսյանի հավաստմամբ՝ Լոռու քննչականում 6 ամիս գրեթե աշխատանք չէին արել: «Ինչո՞վ է դա պայմանավորված, կարող ենք ենթադրել, որ այդ նույն անտառտնտեսության հետ միգուցե ինչ-որ շահեր ունեն տեղական, մարզային իշխանությունները: Ես հույս ունեմ, որ դատաքննության ընթացքում ջրի երես կհանենք եւ կփորձենք դա հասկանալ»,- ասում է փաստաբանը»: Ուրախ եմ մի կողմից այն պատճառով, որ ցանկացած առարկայական ստուգում ինձ համար ողջունելի է, ու նաև որ տեքստի այս հատվածում Աթանեսյանը դարձյալ վարկածներ է տալիս ու...ցավոք դարձյալ, իմ կարծիքով ուղղորդել փորձում հանրային կարծիքը, ինչու ոչ՝ նաև նախաքննությունը։ Ստուգումների մասին պիտի ասեմ, որ տեքստից հասկանալի չի դառնում, երբ և ինչպես է փաստաբանը ստուգումներ իրականացրել և ինչի է հասել և արդյո՞քն նրա գիտելիքները բավարար էին դեպքից, ենթադրում եմ շուրջ 10 ամիս անց, հասկանալու դեպքից առաջ անտառտնտեսությունում առկա իրավիճակը։
Ուրախալի է մի բան ևս, որ «...թե ովքեր են այդ ամենի տերերը, եւ ովքեր են ղեկավարում ապօրինի անտառահատումները եւ փայտավաճառքի ամբողջ սեւ շուկան...» պարզելու ջատագով փաստաբանը խոսում է փայտի բիզնեսի համակարգի մասին, ցավալիորեն սակայն փորձ անելով այն տեղայնացնել մարզային մակարդակով։ Դեպքից անմիջապես հետո, հիշեցնեմ, մամուլում առկա էր տեղեկություն, առ այն, որ ՀՀ բնապահպանական նախարարության տեսչության Լոռու մարզային կառույցի ղեկավարը, ըստ մամուլի տվյալների ՀՀ բնապահպանության նախարարի ազգականն էր։ Նույն այդ պետը, այսինքն մարդասպան Մելիքյան Տիգրանի ղեկավարը, նույն այդ մամուլով սպանությունը մեկնաբանելով, ենթադրություն էր արել, թե Թովմա Մաթևոսյանն ինքն է իրեն դանակահարել։ Ես կարծում եմ, որ փայտի բիզնեսի վերաբերյալ իրենց կասկածները տեղայնացնող փաստաբանն ու լրագրողը վերոհիշյալ ուղղորդող, թվում է թե՝ անմիտ վարկածի ուղղակի, կամա, թե ակամա, ներկայացուցիչն են։ Պարզաբանեմ, թե ինչու։ Հայաստանում, այո, գործում է անտառանյութի բիզնեսի օրինականացված համակարգ, որի պետական իրականացման երկու հիմնական սեգմենտը ՀՀ գյուղնախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ու ՀՀ բնապահպանության նախարարությունն են։ ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով անանտառ Հայաստանը ստանում է շինափայտի և վառելափայտի մթերման ամենամյա պլաններ և անտառի մնացորդի ոչնչացման նոր, ՕՐԻՆԱԿԱՆ հարվածներ։ Եվ անտառը չպաշտպանելու, այլ ԳՈՆԵ խնայելու խնդիրը մնացել է այս բիզնես համակարգի ստորին օղակի՝ տեսուչների, անտառապետների ու անտառապահների ուսերին, նրանց սուբյեկտիվ հայեցողության ու խղճի վրա։ Այսինքն փայտավաճառքի ամբողջ «սև շուկա», որպես այդպիսին չկա, քանի որ ամբողջ փայտի շուկան է ՍԵՎ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ. փաստաթուղթ-փայտահատում-փայտամթերում հասկացությունները վաղուց իվեր ընդամենը բիզնեսի ծավալը վերահսկելու միջոց են։ Եվ եթե փաստաբանն իրոք ուզում է խորամուխ լինել այս ամենի մեջ, թող ձգվող հետքը բերի և հասցնի Երևան։ Կասկածում եմ, որ կարող է։ Խիստ եմ կասկածում։ Դա նրա խնդիրը չէ, ու ոչ էլ իրեն հրապարակող, «հետաքննող» լրագրողուհու։ Մինչդեռ նախաքննության նյութերում բազմաթիվ կլինեն ուղիղ և անուղղակի վկայություններ, որպեսզի նրանք կարողանային «գործից դուրս» մնացած իրողություններն էլ պարզել։ Եվ հասկանալ, թե իրականում, սպանություն իրականացնելով, ընդհանուր համակարգի «շուռուպ» իրենց պաշտպանյալը ինչու, իսկ գուցե և ո՞ւմ հանձնարարությամբ է դա արել։ Այդ ի՞նչ ինֆորմացիայի էր տիրապետում Թովման Տիգրանի ու նրա «բնապահպան» վերադասների հարամ բիզնեսից։ Ինչո՞ւ էր պետք փակել Թովմայի բերանը՝ նրան սպանելով։
Վերջում ասեմ, որ «Մենք ենք, մեր սարեր»-ը վեպ չէ, վիպակ է։ Ասեմ նաև, որ որակյալ գրականության ընթերցումը և իմացությունը կարող է գոնե դույզն ինչ զերծ պահել ճոռոմաբանությունից, ինչպես և կարող է Հայաստանի սաստիկ աղտեղված այս իրականության առավել այլանդակումը, գոնե առժամանակ, գոնե մեկ երկու անձի հնարավորության սահմաններում, կասեցնել։ Այս իմաստով, այս շրջանակներում փաստաբան Աթանեսյանին և լրագրող Թորոսյանին ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՄ, արհեստից ու արհեստավարժությունից բացի, մտածել նաև այլ ոլորտների մասին։ Եթե իզորու են։ Եթե համակարգի «պտուտակ» չեն իրենք էլ։
Դավիթ Մաթևոսյան
Նմանատիպ նյութեր
6237 դիտում
00:02 12-06-2020
Արման Վարդանյանը` ներքաղաքական պատերազմների, «գժի թղթի» և «բռնաբարության» մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Yerkir.am
13133 դիտում
19:32 25-02-2014
Պետական պաշտոնյան, ով կանխամտածված սպանություն է կատարել, փորձում է քրեական պատասխանատվությունից ազատվել «գժի թղթով»